Home ՀԱՅԱՍՏԱՆ Փաշինեան – «Բացառւում է, որ Սէյրան Օհանեանը Պատասխանատու Լինի, Սերժ Սարգսեանը՝ Ոչ»

Փաշինեան – «Բացառւում է, որ Սէյրան Օհանեանը Պատասխանատու Լինի, Սերժ Սարգսեանը՝ Ոչ»

by MassisPost

Ազգային ժողովի պատգամաւոր, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինեան կը բացառէ, որ բանակի մէջ առկայ որեւէ խնդրի հետ կապուած պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանը պատասխանատու ըլլայ, իսկ նոյն ժամանակահատուածին բանակի գլխաւոր գերագոյն հրամանատար Սերժ Սարգսեանը ՝ ոչ:  Այս մասին Նիկոլ Փաշինեան յայտարարած է Մարտի 3-ին, դաշինքի հրաւիրած ասուլիսին՝ անդրադառնալով այն տեղեկութիւններուն, որ բանակի վառելիքին քերոսին խառնելու վարչապետի յայտարարութիւնը իշխանութիւնը կրնայ օգտագործել ընդդիմադիր ճակատին մօտ հանգրուանած Սէյրան Օհանեանի դէմ:

«2016 թուականին յունիս կամ յուլիս ամսին, երբ որ վերադարձել էինք Մարտակերտից, պաշտպանութեան  յանձնաժողովի փակ նիստում ուղիղ հարց եմ տուել, որ էսպիսի ահազանգեր կան, սակայն Սէյրան Օհանեանը ասել է, որ բանակում գործում են նորմատիւներ, թէ  զինթեխնիկան ինչ ժամանակահատուածում պէտք է բերուի մարտական վիճակի: Եւ ինքը հաւաստիացրել է, որ բանակում այս բոլոր նորմատիւները գործում են, ու էդպիսի բան լինել չի կարող: Սա Սէյրան Օհանեանի  ու Սերժ Սարգսեանի խնդիրը չէ, ազգային անվտանգութեան խնդիր է»,-ըսած է Փաշինեան:

Ի դէպ, պատգամաւորը այսօր առաւօտեան քերոսինի հարցով կրկին հեռախօսազրոյց ունեցած է վարչապետին հետ. «Այսօր առաւօտեան  երկրորդ հեռախօսազրոյցն եմ ունեցել քերոսինի թեմայով Կարէն Կարապետեանի հետ եւ արձանագրեմ,  որ հարցը լուծուած է, սկսել են քերոսինը մաքսազերծել: Ես ասում եմ, որ գնումները իրականացնում են պետական մարմինները, եւ համապատասխան չինովնիկները, ովքեր էս ապօրինութիւնները թոյլ են տալիս, պէտք է պատասխանատուութեան ենթարկուեն»:

Այն որ պատասխանատուութեան շրջանակը միայն Սեյրան Օհանյանով չի սահմանափակւում, այդ թւում է նաեւ գործող նախարար Վիգեն Սարգսյանն է պատասխանատու, հայտարարեց  նաեւ «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետութիւն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

«Վարչապետի յայտարարութեանը պիտի պատասխանի այսօրուայ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը, նա պիտի հանդէս գայ ու պատասխանի՝ եղե՞լ է նման բան, ի՞նչ մասշտաբներով, եւ որքան թեխնիկա չի կարողացել դուրս գալ, այսինքն՝ եթէ այդ թեխնիկան դուրս գար, մենք մի քանի զոհ պակաս կ’ունենայինք, թեխնիկան դուրս չի եկել, երեխեքը մնացել են մենակ, թիկունքը մնացել է փակ: Այս գործի համար կարող է պատասխանատու լինել ցանկացած մարդ՝ ներառեալ այդ վառելիքը ներկրողից, ով ներկրել ու վաճառել է, տեղում խառնողից, գլխաւոր շտաբի ղեկավարից, նաեւ ՀՀ քաղաքացիներ»:

Արամ Սարգսեանը աւելցուցած է նաեւ, որ պէտք է ճշտել վարչապետի յայտարարութիւնը  Սէյրան Օհանեանին պատժելու նպատակո՞վ էր, թէ՞ անկեղծ մտահոգութիւն. «Խնդիրը չեմ տեսնում կոնկրետ մարդուն պատժելու առումով: Եթէ էդ խնդիրն իրողութիւն է, ուրեմն պատժելու խնդիրը երկրորդական է»:

Դաշինքի  ընտրական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող, «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան ղեկավար Էտմոն Մարուքեանն ալ նշած է, որ վարչապետի յայտարարութիւնը կը հաղորդէ յանցագործութեան մասին:

Հարակից Նյութեր

Leave a Comment