«Սահմանադրութեան հանրաքուէի գնալու համար մեզ անհրաժեշտ է եւս 6 ձայն՝ բացի իշխող քաղաքական ուժի պատգամաւորների ձայներից։ Եթէ մեր ընդդիմութիւնն այդ հարցում հաստատակամ է, որ այդ 6 ձայնը չի տալու իշխանութեանը, որպէսզի գնանք հանրաքուէի, այդ դէպքում ինչո՞ւ են դուրս եկել փողոց»։
Խորհրդարանական ճեպազրոյցի ժամանակ այս մասին ըսած է «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Տարօն Չախոյեան՝ անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական ուժերու՝ համախմբման մասին յայտարարութեան:
Անդրադառնալով ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցութեան ղեկավարին՝ Նարեկ Կարապետեանի գլխաւորութեամբ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերու հանդիպման՝ Տարօն Չախոյեան յայտնած է, որ այդ միաւորումը միայն պիտի արագացնէ «Ուժեղ Հայաստան»-ի տապալումը։
««Հանրապետական» կուսակցութիւն, դաշնակցականներ, ՀԱԳ-ից Լեւոն Զուրաբեան, ԲՀԿ, այն յայտնի ուժերը, որոնք մի 15 անգամ 2018 թուականից յետոյ անընդհատ միաւորուել են, անընդհատ յայտարարել են, թէ ընդդիմութիւնը միաւորուեց, համախմբուեց, դուրս են գալիս փողոց, ու յեղաշրջումից, իշխանափոխութիւնից 5 է պակաս։ Լաւ, տեսել ենք․ այս մարդիկ քաղաքականապէս պարտուած են։
«Ու եթէ «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավարին՝ Նարեկ Կարապետեանին, թւում է, թէ «Հանրապետական» կուսակցութեան, Դաշնակցութեան, ԲՀԿ-ական գործընկերների հետ արդիւնք է գրանցելու, չարաչար սխալւում է։
«Իրականում այն համախմբումը, սեղանի շուրջ հաւաքուելն «Ուժեղ Հայաստան»-ի քաղաքական հոգեհանգիստն էր, որովհետեւ այս մարդիկ ամէն անգամ գալիս են, ԱԺ նիստերի դահլիճում ասում են՝ չ՛է, ի՞նչ էք խօսում, մենք նախկինների հետ ընդհանրապէս կապ չունենք։ Որ ասում ենք՝ դուք Սերժի ներկայացուցիչներն էք այս դահլիճում, Սերժ Սարգսեանը ձեր դէմքով ներկայացուած է ԱԺ-ում, ասում են՝ ի՞նչ էք խօսում, մենք Սերժ Սարգսեանի հետ կապ չունենք։
«Հարց է ծագում՝ այդ դէպքում Սերժ Սարգսեանի «Հանրապետական» կուսակցութեան կարկառուն անդամները՝ Տիգրան Աբրահամեանը, Մամիջանեանը, ի՞նչ գործ ունէին Նարեկ Կարապետեանի հետ նոյն սեղանի շուրջ։
«Էլի եմ ասում՝ ինչքան կարող են, թող միաւորուեն, այդ միաւորումը միայն արագացնելու է «Ուժեղ Հայաստան»-ի տապալումը»,- ըսած է Տարօն Չախոյեան։

