Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայաստանի Կառավարութիւնը Կիւմրիի Ռուսական Ռազմակայանը Փակելու Ծրագրեր Չունի

Հայաստանի Կառավարութիւնը Կիւմրիի Ռուսական Ռազմակայանը Փակելու Ծրագրեր Չունի

by MassisPost

Հայաստանի կառավարութիւնը երկրին մէջ գործող ռուսական ռազմակայանը փակելու ծրագրեր չունի։

Լեհաստանի միջազգային յարաբերութիւններու հիմնարկին մէջ, Լեհաստանի մէջ օտարերկրեայ դեսպաններու, դիւանագէտներու եւ վերլուծական կեդրոններու ներկայացուցիչներուն հետ հանդիպման ժամանակ, այդ մասին ըսած է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան՝ պատասխանելով ներկաներէն մէկուն հարցումին, թէ արդեօք Հայաստանի կառավարութիւնը Ռուսաստանին պիտի դիմէ՞ Կիւմրիի մէջ ռուսական ռազմակայանը փակելու հարցով։

«Ինչ վերաբերում է մեր երկրում ռուսական ռազմական ներկայութեանը, դուք գիտէք, որ վերջին տարիներին ինչ-որ բան տեղի ունեցաւ։ Մինչեւ 2024 թուականը Հայաստանի սահմանային անցակէտերի մեծ մասը գտնւում էին Ռուսաստանի հսկողութեան ներքոյ կամ այնտեղ կար ռուս սահմանապահների ներկայութիւն, օրինակ, մեր միջազգային օդանաւակայանում։ Սակայն ներկայում մեր սահմանների բոլոր սահմանային անցակէտերը վերահսկւում են Հայաստանի սահմանապահների կողմից։ Բնականաբար, մենք շնորհակալ ենք Ռուսաստանին։ Որպէս նորանկախ պետութիւն՝ մենք 90-ականների սկզբին կարողութիւններ չունէինք այդ տեսակի ծառայութիւններ մատուցելու, բայց ներկայում մենք կարող ենք, եւ մենք զարգացնում ենք մեր կարողութիւնները։ Մենք որեւէ ծրագրեր ու մտահոգութիւններ չունենք՝ կապուած ռուսական ռազմակայանի ներկայութեան հետ։ Մենք սերտ գործընկերներ ենք Ռուսաստանի հետ, ունենք շատ սերտ տնտեսական, քաղաքական կապեր»,- մանրամասնած է ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինեան յիշեցուցած է, որ Հայաստան սառեցուցած է իր մասնակցութիւնը ՀԱՊԿ-ի աշխատանքներուն։ «Դա կապուած է որոշ իրադարձութիւնների հետ, որոնք տեղի ունեցան 2022 թուականին։ Հայաստանը հիասթափուած էր ՀԱՊԿ-ից, քանի որ, ունենալով օրինական պարտաւորութիւն, ՀԱՊԿ-ը յաւուր պատշաճի չարձագանգեց Հայաստանի անվտանգութեան մարտահրաւէրներին։ Բայց միւս կողմից մենք ասում ենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի յարաբերութիւնները վերափոխման փուլում ենք։ Մենք ներկայում նոր յարաբերութիւներ ենք ձեւաւորում Ռուսաստանի հետ։ Մենք, ի հարկէ, վճռական ենք եւ կը ցանկանայինք զարգացնել մեր յարաբերութիւնները Ռուսաստանի հետ, բայց միանշանակ է, որ այդ յարաբերութիւնները փոխւում են բազմաթիւ գործօնների պատճառով։ Շատ կարեւոր է ընդգծել, որ 2020 թուականի Նոյեմբերին Ռուսաստանի  եւ Ռուսաստանի նախագահի դերը վճռորոշ եղաւ Ատրպէյճանի հետ հրադադարի հաստատման հարցում»,- ըսած է Փաշինեան։

Հարակից Նյութեր

Leave a Comment