Home ՀԱՅԱՍՏԱՆ 2021-ի Համեմատ Աղքատութիւնը Կրճատուած Է՝ 26,5-էն Դառնալով 24,8 Տոկոս․ Փաշինեան

2021-ի Համեմատ Աղքատութիւնը Կրճատուած Է՝ 26,5-էն Դառնալով 24,8 Տոկոս․ Փաշինեան

by MassisPost

2018-էն ի վեր 170 հազարէն աւելի աշխատատեղ ստեղծած ենք Հայաստանի Հանրապետութեան մէջ: Այդ աշխատատեղերու աճ է աւելի քան 30 տոկոսով:

Ազգային Ժողովին մէջ՝ 2024-ի պետական պիւտճէի քննարկման ժամանակ՝ իր եզրափակիչ ելոյթին, այս մասին ըսաւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան:

«Ուզում եմ արձանագրել նաեւ, որ 2021-ի համեմատ աղքատութիւնը կրճատուել է՝ 26,5 տոկոսից դառնալով 24,8 տոկոս: Ծայրայեղ աղքատութիւնը 1,5 տոկոսից դարձել է 1,2 տոկոս: Բայց էլի եմ ասում՝ մենք չենք կարծում, որ գոյացող միլիառները պէտք է բաժանենք ժողովրդին, որ նրանք աղքատութիւնը յաղթահարեն: Ո՛չ, մենք պէտք է աշխատելու հնարաւորութիւն ստեղծենք: Իւրաքանչիւրը պիտի իմանայ, որ աղքատութիւնը յաղթահարելու ճանապարհը միայն ու միայն աշխատանքն է, որովհետեւ մարդուն կարելի է մի օր հաց տալ, երկու օր հաց տալ, երեք օր հաց տալ, մի շաբաթ հաց տալ, մէկ ամիս հաց տալ, մէկ տարի հաց տալ, հինգ տարի կարելի է հաց տալ, բայց մարդուն պատրաստել նրան, որ դու չես աշխատելու, եւ կառավարութիւնը կամ հանրութիւնը քեզ ամբողջ կեանքը կերակրելու է, դա մարդու նկատմամբ ամենամեծ նուաստացումն ու վիրաւորումն է:

«Աւելի մեծ վիրաւորանք մարդու նկատմամբ չի կարելի ուղղակի պատկերացնել: Եւ սա մեր քաղաքացու նկատմամբ մեր յարգանքի արտայայտութիւնն է: Աղքատութիւնը յաղթահարում են աշխատանքի միջոցով: Այսօր հազարաւոր մարդիկ օտար երկրներից գալիս են Հայաստանի Հանրապետութիւնում աշխատելու: Ընդ որում՝ ասեմ, խօսքն աշխատունակ մարդկանց մասին է, որովհետեւ ոչ-աշխատունակ մարդկանց նկատմամբ վարուող քաղաքականութիւնը բոլորովին ուրիշ խնդիր է: Ես ընդգծում եմ՝ աշխատունակ, որովհետեւ վերջին շրջանում շատ է քննարկւում նաեւ, ես չեմ ուզում հաշմանդամութիւնը եւ աշխատունակութիւնը խառնենք իրար հետ, որովհետեւ դրանք տարբեր բաներ են:

«Բազմիցս եմ կրկնել, էլի ուզում եմ կրկնել, որ 20-րդ դարի մեծագոյն գիտնականներից մէկն իր կեանքի մեծ մասն անց է կացրել սայլակի վրայ՝ չկարողանալով խօսել, չկարողանալով շարժուել, եւ իր գիտական գործունէութեան մեծ մասը ստեղծել է սայլակի վրայ նստած՝ չկարողանալով խօսել, չկարողանալով շարժուել: Այս առումով կրթութեան ներառականությունը չափազանց կարեւոր մի ուղղութիւն է, որը մենք անընդհատ պէտք է զարգացնենք», ըսաւ ան:

Հարակից Նյութեր

Leave a Comment