Կեդրոնական Դրամատունը 2023 թուականին համար 6,9 տոկոս տնտեսական աճ կը կանխատեսէ Հայաստանի մէջ: Սղաճը տարուան ընթացքին պիտի կայունանայ 4 տոկոսի սահմաններուն մէջ:
Ասուլիսին ժամանակ այս մասին նշեց Հայաստանի Կեդրոնական Դրամատան նախագահ Մարտին Գալստեանը:
Կեդրոնական Դրամատունը Յունիս 13-ին 0,25 կէտով արդէն նուազեցուցած է վերաֆինանսաւորման տոկոսադրոյքը` հասցնելով 10,5 տոկոսի:
«Տնտեսական աճի դանդաղ կշռոյթները Հայաստանում եւ գործընկեր երկրներում պահպանւում են 2023 թ. երկրորդ եռամսեակում, եւ 12-ամսեայ գնաճի նուազումը շարունակւում է պահպանուել, սակայն կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների եւ ծառայութիւնների գները դեռ շարունակում են պահպանուել բարձր մակարդակներում: Ուստի գործընկեր երկրների Կեդրոնական դրամատուները կը շարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականութիւն», աւելցուց Կեդրոնական Դրամատան նախագահը:
Ըստ անոր` ապրանքահումքային շուկաներուն մէջ պահանջարկի նուազումը կը շարունակէ նպաստել Հայաստանի մէջ գինի անկման: Առ այդ, համաշխարհային շուկաներու սղաճային ճնշումները ՀՀ շուկաներուն վրայ էականօրէն կը թուլնան:
«2023-ի երկրորդ եռամսեակում դիտւում է սպասուածից բարձր տնտեսական աշխուժութիւն, որին հիմնականում նպաստում են շինարարութեան եւ ծառայութիւնների ոլորտներում արձանագրուած բարձր աճը: Արտաքին հատուածից գնաճային ազդեցութեան էական թուլացման, իրականացուած զսպող դրամավարկային քաղաքականութեան եւ դրամի արժեւորման արդիւնքում գնաճային միջավայրը Հայաստանում շարունակում է արագ կշռոյթով մեղմուել: Այնուամենայնիւ, բարձր պահանջարկի եւ գնաճային սպասումների պայմաններում ծառայութիւնների եւ որոշ ապրանքների գնաճն աւելի դանդաղ է ճշգրտւում: Հայաստանի Կեդրոնական Դրամատունը համապատասխան գործողութիւններով կը կարգաւորի պահանջարկը եւ կը կայունացնի գնաճային սպասումները», վստահեցուց Գալստեանը:
Անոր խօսքով` տնտեսական աճը 2023-ին պիտի կազմէ 6,9 տոկոս: Շինարարութեան եւ ծառայութիւններու ոլորտի առաջանցիկ կշռոյթներով պայմանաւորուած` աճի կանխատեսումը մէկ տոկոսով աւելցած է:
Ինչ կը վերաբերի ներմուծուող ապրանքներու գիներուն, ապա Կեդրոնական Դրամատան նախագահին խօսքով` անոնք աւելի կտրուկ կը նուազին, քան կը կանխատեսուէր:

