Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Սամուէլ Բաբայեանը Նոր Իմացած է, որ Տարիներ Առաջ Զինք Զրկած են ԼՂ Քաղաքացիութենէն

Սամուէլ Բաբայեանը Նոր Իմացած է, որ Տարիներ Առաջ Զինք Զրկած են ԼՂ Քաղաքացիութենէն

by MassisPost

Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան նախկին նախարար, Արցախի հերոս Սամուէլ Բաբայեանը դիմած է դատարան՝ Լեռնային Ղարաբաղի իր քաղաքացիութիւնը վերականգնելու հարցով:

«Ինձ զրկել են Ղարաբաղի քաղաքացիութիւնից, այն դէպքում, որ ես որեւիցէ անգամ ո՛չ դիմում եմ գրել, ո՛չ դրա մասին յայտարարել եմ», – «Ազատութեան» հետ զրոյցի ժամանակ ըսած է Բաբայեանը: – «Այդ հարցով դատարան ենք մտնում՝ դիմում, որ վերականգնեն: Որովհետեւ դա հակասում է իրենց իսկ Սահմանադրութեանը, որովհետեւ այնտեղ յստակ գրուած է՝ որեւիցէ մէկը, անգամ դիմումի համաձայն, իրաւունք չունի ինձ զրկել քաղաքացիութիւնից: Իրենք իրաւունք չունէին ո՛չ զրկէին, ոչ նման հարց քննէին»:

Բաբայեանը, որ Փետրուարի սկիզբը բարձրաձայնած էր 2020-ին Լեռնային Ղարաբաղի մէջ կայանալիք նախագահական ընտրութիւններուն իր թեկնածութիւնը առաջադրելու մասին, նոր իմացած է, որ դեռ տարիներ առաջ՝ 2006 թուականին, իրեն զրկած են Արցախի քաղաքացիութենէն:

«Ես երէկ եմ իմ պաշտպանից իմացել, որ ես զրկուած եմ քաղաքացիութիւնից: Ես մինչեւ էդ չգիտէի՝ որտեղի՞ց տեղեակ լինեմ, եթէ ես դիմում չեմ ներկայացրել, որ ես հրաժարւում եմ քաղաքացիութիւնից, ո՞վ իրաւունք ունէր ինձ քաղաքացիութիւնից զրկել: Երբ որ մենք ասում ենք, իրանք էլ տրտնջում են, որ օրէնքով ամէն ինչ՝ օրէնքով, հենց դրա մասին ա խօսքը», – ընդգծած է Արցախի հերոսը:

Բաբայեանը նաեւ ահազանգած է՝ Ղարաբաղի իշխանութիւնները ապօրինի որոշում կայացուցած են, փորձելով խոչընդոտել սահմանադրական փոփոխութիւններ իրականացնելու նպատակով ստորագրահաւաք իրականացնելու՝ իր նախաձեռնութիւնը:

«Ես չէի ցանկանայ, որ Ղարաբաղում լինէին ցնցումներ, մարդիկ դուրս գան, սկսի պայքար եւ այլն, ես ուզում էի օրէնքի շրջանակում հանգիստ կարգաւորէինք հարցերը, բայց եթէ գնաց սրացման, յետ չեմ կանգնելու, որովհետեւ այլընտրանք չկայ», – ըսած է ան:

Ի դէպ, Սամուէլ Բաբայեանը փոխանցած է, որ ինք այս պահուն Ղարաբաղ է եւ անձամբ կը զբաղուի այս խնդրով:

Հարակից Նյութեր

Leave a Comment