Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ «Հայաստանը Իրօք Կարո՛ղ է Դառնալ երկրագնդի Ամենապայծառ Կէտերից Մէկը» ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի Ամանորի Պատգամը

«Հայաստանը Իրօք Կարո՛ղ է Դառնալ երկրագնդի Ամենապայծառ Կէտերից Մէկը» ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի Ամանորի Պատգամը

by MassisPost


Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեան  շնորհաւորական պատգամ յղած է Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօներուն  առթիւ:

«Հայաստանի Հանրապետութեան յարգելի՛ քաղաքացիներ,
Աշխարհասփիւռ սիրելի՛ հայրենակիցներ,

Պատմութիւն դարձող 2018 թուականը մեծ փոփոխութիւնների, փորձութիւնների, սպասումների եւ յոյսերի տարի էր:
Մենք ականատես եղանք մեր ժողովրդի լաւագոյն յատկանիշների՝ միասնականութեան, համախմբուածութեան, բարձր բարոյական եւ քաղաքացիական ոգու դրսեւորումների:

Շուտով  ունենալու ենք նոր խորհրդարան եւ նոր կառավարութիւն: Նրանց գործունէութեան յաջողութիւնը մեծապէս կախուած է լինելու Հայաստանի քաղաքացուց: Քաղաքացու աջակցութիւնից եւ հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային կեանքին նրա ակտիւ մասնակցութիւնից:

Հայաստանը իրօք կարո՛ղ է դառնալ երկրագնդի ամենապայծառ կէտերից մէկը նորարարական գաղափարների կիրառման, մշակոյթի, գիտութեան, տնտեսութեան եւ այլ ոլորտներում:
Սակայն այդ ուղին հեշտ չի լինելու:

Կը լինեն նաեւ դժուարութիւններ, յաճախ պայմանաւորուած մեզնից անկախ գործօններով, այդ թւում՝ աշխարհաքաղաքական իրողութիւններով:

Եւ ես բոլորիս մաղթում եմ սթափութիւն, կազմակերպուածութիւն, առողջ դատողութիւն, պատասխանատուութիւն եւ հանդուրժողականութիւն:

Սրանք են յաջողութեան հասնելու բանալիները:

Հայաստանի ու Արցախի անվտանգութիւնը եւ ինքնիշխանութիւնը, Արցախի հիմնահարցի արդարացի լուծումը շարունակելու են գերակայ լինել մեր կեանքում:

Մենք ապրում ենք այն խորին գիտակցումով, որ, անկախ մեր ծննդեան վայրից, ունենք մէկ Հայրենիք:

Այդ Հայրենիքը մենք պէտք է ծաղկեցնենք համատեղ ուժերով՝ Հայաստանի, Արցախի ու Սփիւռքի միասնական ջանքերով:

Մենք պէտք է հոգ տանենք ազգային ինքնութեան հիմնասիւների՝ մեր մշակոյթի, կրթութեան, հոգեւոր եւ ընտանեկան արժէքների մասին:

Այս գործում առանցքային դեր է կատարում մեր Սուրբ Եկեղեցին:

Պէտք է աւելի հոգատար լինենք մեր պատմական եւ ազգային ժառանգութեան, մեր բնութեան, գիւղի, քաղաքի եւ ընդհանրապէս մեր երկրի նկատմամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս պահին հոգով եւ մտքով բոլորիդ հետ եմ, բոլորիդ կողքին՝ սահմանում կանգնած զինուորի եւ սպայի, շտապ օգնութեան մեքենայում եւ հիւանդանոցում  հերթապահող բժշկի, ծառայութիւն իրականացնող  ոստիկանի, հրշէջի, հացթուխի եւ տաքսու վարորդի, գիւղացու եւ բանուորի, գիտնականի, արուեստագէտի եւ միւսների:

Յատկապէս մտահոգուած եմ դժուար ապրող  ընտանիքների համար:

Նրա՛նց, որ դեռ տուն չունեն, նրա՛նց, որ ապրում են սահմանամերձ բնակավայրերում:

Մտահոգ եմ վիրաւորների, հիւանդների համար:

Մաղթում եմ հոգսերի թեթեւացում:

Թող գալիք տարում ձեզնից  իւրաքանչիւրի առջեւ բացուեն յաջողութեան դռները:

Թո՛ղ Հայաստանի իւրաքանչիւր քաղաքացի զգայ փոփոխութիւնների դրական շունչը:

Մեզ բոլորիս պէտք է առաջնորդի հետեւեալ նշանաբանը. «Կարողացել են ուրիշները՝ կարող ենք նաեւ մենք, չի կարողացել ոչ ոք աշխարհում՝ մենք կը լինենք առաջինը»:

Մեր հայրենիքին մաղթում  եմ խաղաղութիւն, մեր ընտանիքներին՝ առողջութիւն, յաջողութիւն, բարեկեցութիւն ու երջանկութիւն, մանուկներին՝ ծիծաղ ու խինդ, տարեցներին՝ արժանապատիւ հանգիստ:

Թող գալիք տարում  ձեզնից իւրաքանչիւրը, ձեր հարազատները, ընտանիքները, Հայաստանի իւրաքանչիւր քաղաքացի, աշխարհի  իւրաքանչիւր հայ կարողանայ երազել եւ իրականացնել իր երազանքները:

Շնորհաւոր Նոր տարի»:

Հարակից Նյութեր

Leave a Comment