Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Նալպանտեան Արձագանքած Է ԵԱՀԿ Մինսկի Խումբի Յայտարարութեան

Նալպանտեան Արձագանքած Է ԵԱՀԿ Մինսկի Խումբի Յայտարարութեան

by MassisPost

«Համանախագահներն անդրադառնում են նրան, ինչի մասին մենք մշտապէս հետեւողականօրէն բարձրաձայնում ենք»,-  մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խումբի համանախագահներու տարածած յայտարարութիւնը՝ հայ-ատրպէյճանական սահմանին ատրպէյճանական յարձակման փորձի վերաբերեալ, ըսած է Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալպանտեան:

«Համաձայն ենք նրանց հետ, որ հրադադարի խախտումներն անընդունելի են: Համաձայն ենք, որ պէտք է անվերապահ իրականացուեն Վիեննայում եւ Փեթերսպուրկում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները, ներառեալ, ինչպէս նշում են համանախագահները՝ հնարաւորինս կարճ ժամանակահատուածում ներդրուի միջադէպերի հետաքննութեան մեխանիզմը: Եռանախագահ երկրները բազմիցս են նշել, թէ որ կողմն է մերժում մեխանիզմի ներդրումը, հետեւաբար, հենց այդ կողմի վրայ է ընկնում միջադէպերի եւ զինադադարի խախտումների ողջ պատասխանատուութիւնը։ Նման մեխանիզմը հնարաւորութիւն կ’ընձեռնի, ինչպէս համանախագահներն են ասում, ձերբազատուել փոխադարձ մեղադրանքներից: Թէեւ, երբ ատրպէյճանական տիւերսանթը վնասազերծուում է հայկական դիրքերում, բոլորի համար առանց մեխանիզմի էլ պարզ է, թէ ով է յարձակուել»,- ըսած է Հայաստանի արտաքին գերատեսչութեան ղեկավարը:

Նալպանտեան յոյս յայտնած է, որ եռանախագահները հետեւողական ըլլան` անյապաղ խստօրէն արձագանքելու հակամարտութեան գօտիին մէջ ուժի կամ ուժի սպառնալիքի իւրաքանչիւր դրսեւորման` յատկապէս, երբ հրադադարի խախտման արդիւնքով զոհեր կ’ըլլան:

«Այն պայմաններում, երբ Ատրպէյճանը խոչընդոտում է հետաքննութեան մեխանիզմի ներդրումը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողութիւնների ընդլայնումը, համանախագահներին մնում է այն եզակի ձեւաչափը, որն իր մանդատի համաձայն կարող է եւ պէտք է շարունակի իր կանխարգելիչ գործունէութիւնը»,- ըսած է Նալպանտեան:

 

Հարակից Նյութեր

Leave a Comment