Home ՀԱՅԱՍՏԱՆ «Մանչեսթր Եունայթըտ»-ը ՀՖՖ-ին Խնդրել է Մխիթարյանին Չընդգրկել Հաւաքականի Առաջիկայ Խաղերում

«Մանչեսթր Եունայթըտ»-ը ՀՖՖ-ին Խնդրել է Մխիթարյանին Չընդգրկել Հաւաքականի Առաջիկայ Խաղերում

by MassisPost

Ֆութպոլի Հայաստանի հաւաքականի եւ «Մանչեսթր Եունայթըտի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը, ամենայն հաւանականութեամբ, չի մասնակցի Ռումանիայի (Հոկտեմբերի 8) եւ Լեհաստանի (Հոկտեմբերի 11) դէմ աշխարհի 2018թ. առաջնութեան ընտրական փուլի խաղերին, յայտնում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի ֆութպոլի ֆեդերացիան «Մանչեսթր Եունայթըտից» ստացել է պաշտօնական նամակ, որում անգլիական ակումբը ՀՖՖ-ին խնդրում է թոյլ տալ Հենրիխ Մխիթարեանին չմասնակցել Հայաստանի ազգային հաւաքականի նախապատրաստական հաւաքին եւ Ռումանիայի ու Լեհաստանի հաւաքականների դէմ հանդիպումներին:

Նամակի մէջ  «Մանչեսթր Եունայթըտի» բժշկական անձնակազմի ղեկավար Սթիվեն Մքնեյլը, մասնաւորապէս, նշում է.  «Հենրիխը գտնւում է վերականգնման փուլում ձախ ազդրի մկանի վնասուածքից յետոյ, որը կրկնուել էր նրա մօտ այս ամսուայ ընթացքում  «Մանչեսթր Եունայթըտում» խաղալու ընթացքում: Չնայած նրա մօտ վերջին շաբաթուայ ընթացքում զգալի առաջընթաց է նկատուել, բայց Մխիթարեանը մինչ օրս էլ ի վիճակի չէ մասնակցել մարզումային գործընթացին ամբողջական ծանրաբեռնուածութեամբ, առաւել եւս մասնակցել որեւէ հանդիպման: Հաշուի առնելով այդ հանգամանքը` շնորհակալ կը լինենք, եթէ Հայաստանի ֆութպոլի ֆեդերացիան թոյլ տայ Հենրիխ Մխիթարեանին չմասնակցել ազգային դիմի յառաջիկայ 2 հանդիպումներին` մնալով Մանչեսթերում եւ շարունակելով իր վերականգնումը»:

Յիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարեանը խաղադաշտից բացակայում է Սեպտեմբերի 10-ից, երբ նրա վնասուածքը կրկնուել էր  «Մանչեսթր Սիթիի» դէմ խաղում: Կիսապաշտպանը «Մանչեսթր Եունայթըտի» կազմում չէր յայտաւորուել նաեւ «Սթոք Սիթի» դէմ Անգլիայի առաջնութեան 7-րդ դուրի տնային հանդիպմանը, որը կայացաւ Հոկտեմբերի 2-ին եւ աւարտուեց 1-1 հաշուով: Այդ հանդիպման նախախաղային ասուլիսում  «Մանչեսթր Եունայթըտի» Փորթուգալացի գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիոն յայտնել էր, որ Հայաստանի հաւաքականի աւագն արդէն մարզւում է դիմի ընդհանուր խմբում:

Հարակից Նյութեր

Leave a Comment