ՀՀ գյուղատնտեսության նախարարին 11.09.2010-ին ուղղված նամակում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը Հայաստանի գյուղատնտեսությունում առկա ծանր վիճակի պատճառների մասին հարցադրումներ էր առաջ քաշել: Գյուղատնտեսության նախարարը պատասխանել է ՍԴՀԿ-ի հարցադրումներին:
Ներկայացնում ենք Ձեզ պատասխաններն ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ:

Պարզաբանումներ – Բարձրացրած հարցերի վերաբերյալ

Հարց 1. Ինչքա՞ն գյուղացիական տներ են դատարկ Հայաստանի տներում:
Պատասխան: Զանգվածային արտագաղթ հանրապետությունից տեղի է ունեցել 1990- ական թվականների առաջին կեսին: Այդ ժամանակահատվածում միայն օդային տրանսպորտով արտագաղթել է ավելի քան 600 հազար ՀՀ քաղաքացի: Այնուհետև ժողովրդագրական վիճակն աստիճանաբար բարելավվել է և ներկայումս անգամ դրսևորվում են ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիների ներգաղթի միտումներ (վերջին 2 տարվա ընթացքում քաղաքացիություն է շնորհվել 6 հազ. սփյուռքահայի):
Հանրապետությունում դատարկ «գյուղացիական տների» հաշվառում չի իրականացվում, իսկ ժողովրդագրական իրավիճակի և միգրացիոն տեղաշարժերի մասին տեղեկատվությունը, մասնավորապես, կարելի է ստանալ, համապատասխանաբար, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության www.mss.am և միգրացիոն պետական ծառայության www.dmr.am ինտերնետային կայքերից:
Հարց 2. Ինչու՞ է գյուղացին լքում գյուղը և հողը:
Պատասխան: Ուրբանիզացիայի գործընթացները բնորոշ են երկրագնդի գրեթե բոլոր երկրներին: Գյուղական բնակավայրերից դեպի քաղաք (ներքին միգրացիա) արտագաղթող բնակչությունը ձգտում է ինքնադրսևորվել և այդ միտումն ունի նաև դրական արդյունք, քանի որ բազմաթիվ նախկին գյուղաբնակներ ունենում են բարձր նվաճումներ գիտության, մշակույթի, սպորտի, պետական ծառայության և բազմաթիվ այլ ասպարեզներում: Այլ հարց է, որ ներկայումս առկա է գյուղական և քաղաքային բնակչության միջև կյանքի որակի որոշակի բևեռացումը` սոցիալական ենթակառուցվածքների (առողջապահական, գիտակրթական, բնակկոմունալ և այլն) մատչելիության (հասանելիության) տեսանկյունից:
Զարգացած պետությունների համեմատությամբ դեռևս անբարենպաստ են նաև գյուղատնտեսական արտադրության համար իրավաօրենսդրական և տնտեսական դաշտը, մրցակցային միջավայրը, ոլորտում ներդրումային գրավչությունը: Ծառացած խնդիրները բազմաթիվ են և բազմաբնույթ, դրանք կուտակվել են տասնամյակներ շարունակ: Ավելի մանրամասն գյուղական տարածքների և գյուղատնտեսական ոլորտի զարգացման ուղղությամբ մշակվող և իրականացվող քաղաքականության վերաբերյալ կարելի է ծանոթանալ, համապատասխանաբար, ՀՀ տարածքային կառավարման նախարարության www.mta.gov.am և ՀՀ գյուղատնտեսության նախարարության www.minagro.am ինտերնետային կայքերից:
Հարց 3. Ինչու՞ է Հայաստանի համար գերթանկարժեք վարելահողի 50 % անմշակ:
Պատասխան: Հողի, գյուղտեխնիկայի, անասնագլխաքանակի և արտադրական այլ միջոցների սեփականաշնորհման (մասնավորեցման) ժամանակահատվածում ձևավորվել են փոքր չափերի բազմահազար գյուղացիական տնտեսություններ (ներկայիս դրությամբ ավելի քան 340 հազ.) և գյուղատնտեսական արտադրությունն իրականացվում է շուրջ 1200 հազար մասնատված հողաբաժինների վրա, որոնց զգալի մասը գնտվում են բնակության վայրից մեծ հեռավորության վրա: Դա է պատճառներից մեկը, որ ներկայումս նպատակային չօգտագործվող շուրջ 150 հազ. հա վարելահողերից (վարելահողերի 33.3 %) գրեթե 60%-ը վերածվել են խոտհարքների, քանի որ դրանց նպատակային օգտագործումը դեռևս տնտեսապես անարդյունավետ է, շուրջ 15 հազ. հա չմշակվող վարելահողերը գտնվում են արևելյան սահմանամերձ գոտում, մի մասը գտնվում է ցելի տակ, կամ անջրդի են` ոռոգման ցանցերի չգործելու հետևանքով, մի մասի չօգտագործումն էլ պայմանավորված է գյուղաբնակների դեռևս ցածր եկամուտներով, վարկային ռեսուրսների ստացման դժվարամատչելիությամբ, ֆիզիկական ենթակառուցվածքների (ճանապարհներ, տրանսպորտ) թերզարգացությամբ և մի շարք այլ պատճառներով:
Հարց 4. Ինչու՞ է Հայաստանում 1 կգ կարագին համարժեք կաթը (21 լիտր) կարագից 3 անգամ թանկ:
Պատասխան: Իրացվող կարագի գերակշռող մասը ներմուծվում է արտերկրից, իսկ կաթը` տեղական արտադրության է: Կաթի մթերման գինը, միջինը 1 լիտրի համար, կազմում է շուրջ 130 դրամ: Այդ պատճառով համադրելի են միայն տեղական արտադրության կաթի հումքով արտադրված կարագի գները, ընդ որում անհրաժեշտ է հասկանալ վերամշակված արտադրանքի ինքնարժեքում հումքի և նյութերի արժեքի տեսակարար կժիռը, որը, կապված արտադրատեսակից, տատանվում է հիմնականում, 50-80 % միջակայքում: Անհրաժեշտ է նաև հաշվի առնել պահպանման, փոխադրման, փաթեթավորման և այլ ծախսերը:
Հարց 5. Ինչու՞ է Հայաստանը տարեկան 400-500 մլն դոլար տալիս օտար գյուղացուն, եթե դրա կեսի մեկանգամյա ներդրումով ներկրվող սննդամթերքի 80 % մշտապես կարող է արտադրվել տեղում:
Պատասխան: Արտաքին առևտուրը կառուցվում է բացարձակ և հարաբերական առավելությունների սկզբունքների վրա: Որոշ պարենամթերքի ներմուծումն անխուսափելի է (ցիտրուսներ, կարագ, պարենային ցորեն, հատիկաընդեղեն, թռչնի միս և այլն), դրանցից մի մասի արտադրությունը կարելի է զարգացնել տեղում և ներմուծել փոխարինման ծրագրերն արդեն իսկ իրականացվում են: Այդուհանդերձ, լինելով ԱՀԿ-ի անդամ, բացի թույլատրելի սահմանափակ գործիքներից (տարիֆային կարգավորում, բուսասանիտարական կանոններ, անասնաբուժական կարանտին միջոցառումներ) այլ միջոցներով մեխանիկական արգելքներ ստեղծել արտահանմանը կամ ներմուծմանը թույլատրելի չէ: Բայց ինչպես իրավացիորեն նշում ենք Ձեր հարցադրման մեջ լրացուցիչ աջակցություն ցուցաբերելով պետք է մրցունակ դարձնենք որոշ պարենամթերքների արտադրությունը և դրանով իսկ ներմուծումը փոխարինենք տեղական արտադրությամբ: Ներկայումս ծրագրային ուղղություններ հաստատագրված են ՀՀ կառավարության կողմից հաստատված ռազմավարությամբ:
Իրականացվող տնտեսական քաղաքականության առանցքային գերակայություններից է` միջպետական առևտրային հաշվեկշռի բարելավումը:
Հարց 6. Ինչո՞վ է բացատրվում հացի թանկացումը եթե նույնիսկ թանկացած ալյուրի պարագայում հացը վաճառվում է իր ինքնարժեքից 2-4 անգամ թանկ:
Պատասխան: Հացի արտադրության գործընթացում վերամշակման և փոխադրման ծախսերը կազմում են հումքի (ալյուրի) ներկայիս արժեքի շուրջ 50-55 %-ը, որին ավելանում է 20-25 % շահույթ, հարկեր, ինչպես նաև 20-25 %-ով հացի գինն ավելանում է վաճառքի կետերում: Արդյունքում` հացի իրացման գինը կազմում է ալյուրի գնի գրեթե կրկնապատիկը:
Հարց 7. Ինչու՞ է մսի, կաթնամթերքի և այլ սննդատեսակների ներմուծումը 8 տարում կրկնապատկվել, երբ բնակչությունը զգալի նվազել է, միգուցե գյուղացի՞ն է դադարել արտադրել:
Պատասխան: Վերջին 8 տարում բնակչությունը չի նվազել (2002 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 3212.9 հազ. մարդ, իսկ 2009 թվականի տվյալներով` 3249.9 հազ. մարդ): Այդ ժամանակահատվածում (բացառությամբ` 2009 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամային տարուց) մսի, մսամթերքի, կաթի, կաթնամթերքի և տեղական արտադրության կենդանական ու բուսական ծագման այլ արտադրանքի ծավալները չեն նվազել: Նշվածի հետ մեկտեղ, շեշտակի ավելացել է սպառվող սննդամթերքի քանակը: Այդ մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.armstar.am ինտերնետային կայքից, մասնավորապես, «Աղքատություն և պարենային ապահովություն» տեղեկագրում զետեղվող ազգային պարենային հաշվեկշռի ամենամյա տվյալներից:
Հարց 8. Ինչու՞ է գյուղացին վճարում ինքնահոս, սպասարկման ոչ մի ծախս չունեցող ջրից օգտվելու համար:
Պատասխան: Անգամ ինքնահոս մատակարարվող ջրի վրա կատարվում են որոշակի ծախսեր, օրինակ` ջրացանցի կառուցման, պահպանման, մաքրման համար և այդ առումով ոռոգման ջուրը սպասարկման կետում հանդիսանում է ոչ թե բնական ռեսուրս, այլ` որպես ապրանք: Հանրապետությունում սահմանված է ոռոգման ջրի միասնական սակագին, ընդ որում ոռոգման ջրի արժեքի մի մասը սուբսիդավորվում է ՀՀ պետական բյուջեից:
Ոռոգման և խմելու ջրի բնագավառում միասնական քաղաքականությունը մշակվում և իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից (www.scws.am):
Հարց 9. Կատարվե՞լ են արդյոք ձեր իսկ ծրագրով նախատեսված վերջին 3 տարում 5000 հա խաղողի այգետնկումների, 19000 հա անտառապատման խնդիրները, 30 տոհմաբուծարանների հիմնումը, եթե այո, ապա որտե՞ղ:
Պատասխան: Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը բացասական ներգործություն է ունեցել գրեթե բոլոր պետությունների վրա: Հայաստանի գյուղատնտեսություններում նույնպես արձանագրվում են որոշ անկումային գործընթացներ, որի հետևանքով ծրագրերով նախատեսված որոշ միջոցառումներ նախատեսված ծավալներով չեն իրականացվել: Հարկ է նշել, որ վերջին տարիներին Եվրոպական երկրներից հանրապետություն է ներմուծվել բարձր մթերատու և տոհմային հատկանիշներ ունեցող երինջներ և տարաժամկետ վճարման պայմանով տրամադրվել է ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի գյուղատնտեսություններում տնտեսվարողներին և արդյունքում ձևավորվել է 10-ից ավել տոհմային տնտեսություններ, ծրագիրը շարունակվում է:
Հարց 10. Պատասխանատու՞ է արդյոք գյուղատնտեսությունը երկրի պարենային անվտանգությունը ապահովելու համար, և վերջին 3 տարում ինչքանով է այն ամրապնդվել ներքին արտադրանքի հաշվին:
Պատասխան: Երկրի պարենային անվտանգությունը միջգերատեսչական բնույթի հիմնահարցերից է: Նախարարությունը պատասխանատու է պարենային անվտանգության բաղկացուցիչներ հանդիսացող` սննդամթերքի ֆիզիկական մատչելիության և սպառողների առողջության համար սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողության համար: Ներկայումս, էներգետիկ արժեքով հաշվարկված, տեղական արտադրության հաշվին կենսապես կարևորագույն սննդամթերքի նկատմամբ սպառողական գնողունակ պահանջարկը (ինքնաբավության մակարդակը) կազմում է շուրջ 60 %: Ըստ կանխատեսումների, իրականացվող միջոցառումների շնորհիվ 2020 թվականի կարևորագույն սննդամթերքի ինքնաբավության մակարդակը կկազմի մոտ 80 %, ինչն ապահովում է երկրի պարենային անկախության անհրաժեշտ մակարդակը:
Հարց 11. Ինչի՞ հաշվին է ավելանում գյուղարտադրանքը` արտադրողի (գյուղացու), մշակվող հողի և անասնագլխաքանակի շարունակական և զգալի նվազման պարագայում:
Պատասխան: Հանրապետությունում վերջին տարիներին, ինչպես անասնագլխաքանակի, այնպես էլ կենդանական ծագման գյուղմթերքի արտադրության ծավալների անկման միտումներ չեն արձանագրվել (բացառությամբ` 2009 թվականի): Այսպես, 2008 թվականը 2007 թվականի համեմատությամբ (հունվարի 1-ի դրությամբ) խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն ավելացել է 0.7 %-ով կամ 8.9 հազ. գլխով, կովերինը, համապատասխանաբար` 1.1 % և 3.5 հազ. գլխով, ոչխարներինը և այծերինը` 1.4 % և 4.2 հազ. գլխով, թռչուններինը` 170 հազ. գլխով կամ 4.2 %-ով:
Նշված ժամանակահատվածում խոզերի գլխաքանակը կապված աֆրիկյան ժանտախտ հիվանդության հետ նվազել է 66.1 հազ. գլխով, սակայն 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ այն զգալիորեն ավելացել է (2009թ. նկատմաբ 32.8 %-ով): Ընդ որում բարձրացել է նաև գյուղատնտեսական կենդանիների մթերատվությունը, 2009 թվականին անասնաբուծական մթերքներից նվազել է միայն կաթի արտադրությունը (8.9 հազ. տոննայով, կամ 1.5%-ով), մինչդեռ մսի արտադրությունն ավելացել է 200 տոննայով, իսկ ձվինը` 54 միլիոն հատով, կամ 9.4 %-ով: Այսինքն, անասնապահության ճյուղը (ինչպես նաև բուսաբուծությունը) զարգացել են էքստենսիվ և ինտենսիվ եղանակով:
Հարց 12. Քանի՞ տարում եք պատրաստվում ավարտել գյուղատնտեսական կենդանիների կանխարգելիչ պատվաստումները, եթե դրանց թիվը անցնում է 1 միլիոնից, իսկ պատվաստվում է տարեկան 10-12 հազար կենդանի:
Պատասխան: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը յուրաքանչյուր տարի պետպատվերի շրջանակներում, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, իրականացվում է «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագիրը, հաշվի առնելով նախորդ տարիների հիվանդություների տվյալների վերլուծությունը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրված առկա անասնագլխաքանակի թիվը: Կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումները կրում են շարունակական բնույթ: 2009 թվականին Հայաստանի Հանրապետությունում կատարվել է 8.734.225 գլուխ (այդ թվում թռչուններ և մեղվաընտանիքներ) գյուղատնտեսական կենդանիների կանխարգելիչ պատվաստումներ 10 վարակիչ հիվանդության նկատմամբ, իսկ 2010 թվականի հունվար-օգոստոս ամիսների ժամանակահատվածում պատվաստվել է 3.368.944 գլուխ գյուղատնտեսական կենդանի (այդ թվում մեղվաընտանիքներ) 6 վարակիչ հիվանդությունների նկատմամբ:
Հարց 13. Ճիշտ չէ՞ր լինի արդյոք ԱԺ դահլիճի վերանորոգման վրա ծախսված դրամն ուղղել ծանրագույն գյուղատնտեսական տարվա հետևանքները մեղմելու գործին:
Պատասխան: Հարցադրումը չի առնչվում ՀՀ գյուղատնտեսության նախարարության իրավասություններին:
Հարց 14. 200-ից ավել երիտասարդներից քանի՞սն են վերադառցել Հայաստան` Գերմանիա, ԱՄՆ և այլուր գյուղմասնագիտացումն ավարտելուց հետո:
Պատասխան: Օտարերկրյա պետություններում ԲՈՒՀ-եր ավարտած մասնագետները մրցունակ են արտերկրի աշխատաշուկայում: Աշխատուժի ազատ տեղաշարժը մարդու իրավունքներից է: Այլ հարց է, որ երիտասարդ մասնագետ-գիտնականների վերադարձը նպաստավոր է երկրի տնտեսության հետագա զարգացման համար, սակայն հայրենիքում առկա պայմանները դեռևս զիջում են զարգացած երկրներում առաջարկվող պայմաններին: Երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը զուգընթաց հայրենադարձությունն անխուսափելիորեն ընդլայնվելու է:
Հարց 15. Արդյո՞ք 900 գյուղ ունեցող Հայաստանի համար շատ չե՞ն տարեկան 2500 դիպլոմավորված գյուղմասնագետները:
Պատասխան: Մրցակցային եղանակով ուսում ստանալու իրավունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ: Կրթության բնագավառում միասնական քաղաքականության մշակումը և իրականացումը վերապահված է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը:
Հարց 16. Ինչ համագործակցություն է հաստատվել Ագրարային ինստիտուտի և Ադրբեջանի գյուղինստիտուտի միջև «Բնօգտագործման էկոնոմիկան և Հարավային Կովկասում էկոլոգիական կրթության բարեփոխումները» նախագծի շրջանակներում:
Պատասխան: Հարցը կարող եք ուղղել ՀՀ կրթության և գիտության նախարարության Հայաստանի պետական ագրարային համալսարանի ղեկավարությանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Sign Up for Our Newsletters

Get notified of the latest updates from MassisPost.

You May Also Like

An Update from the Eastern Diocese on Fr. Mesrop Parsamyan

* Diocesan Primate is Alert and in Recovery Following Auto Accident NEW…

163 New COVID-19 Cases in Armenia

Armenia’s Ministry of Health reports the number of positive COVID-19 (Coronavirus) cases…

If These Bones Could Speak: Early Armenian Pilgrimages to the Killing Fields of Deir al-Zor

LOS ANGELES – USC Shoah Foundation has organized a Webinar-presentation with Elyse…

Norway, Moderna Pledge Biggest Vaccine Donation to Armenia

YEREVAN — The Norwegian government and Moderna have pledged to give Armenia…