Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ «Եթէ Պէտք Է Դուրս Գանք Մեր Ապրած Լիբանանիցª Մեր Վերջին Հանգրուանը Պէտք Է Լինի Հայաստանը». Ընկ. Ալեքսան Քէոշկերեան

«Եթէ Պէտք Է Դուրս Գանք Մեր Ապրած Լիբանանիցª Մեր Վերջին Հանգրուանը Պէտք Է Լինի Հայաստանը». Ընկ. Ալեքսան Քէոշկերեան

by MassisPost

«Առաջին Լրատուական»-ի զրուցակիցն է Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան կենտրոնական վարչութեան քարտուղար, լիբանանաբնակ Ալեքսան Քէոշկերեանը:

– Պարոն Քեոշկերեան, ին՞չ իրավիճակ է հիմա Լիբանանում:
– Իրավիճակը պէտք է դիտարկել մի քանի հարթութիւնների վրայ: Նախ՝ քաղաքական իրավիճակի մասին. դուք գիտէք, որ հզօր պայթիւնից մէկ շաբաթ յետոյ կառավարութիւնը հրաժարական տուեց: Այս պահին Լիբանանում գոյութիւն չունի կառավարութիւն: Հիմա խորհրդակցութիւններ պէտք է լինեն, որպէսզի վարչապետ նշանակուի, եւ այդ նոր վարչապետը հաւաքի իր վարչակազմը, իր աշխատանքային թիմը՝ սայ քաղաքական իրավիճակի մասին: Ինչ վերաբերում է պայթիւնից յետոյ տեղի ունեցող զարգացումներին եւ պայթիւնի հետեւանքներին, ապա նախ նշեմ, որ պայթիւնը հետեւանք էր նաւահանգստում գտնուող 12 պահեստներում ամոնիումի նիտրատի բռնկման: Անգամ վարկած կայ, որ ամոնիումի նիտրատը ամբողջութեամբ գողացուած է կամ դուրս է եկել ինչ-որ ձեւերով: Պայթիւնը գնահատում են մօտաւորապէս 700 տոննա, որը ոչնչացրեց Բէյրութի 1/3-ը: Այս պահի դրութեամբ քաղաքի 1/3-ն անբնակելի վիճակում է: Աւելի քան 300 հազար բնակիչներ անօթեւան են, փողոցներում են կամ ապրում են ազգականների, բարեկամների մօտ: Ինչ վերաբերում է հայկական համայնքին, այն առաջին օրից իր օժանդակութիւնն է բերել նրանց, որոնք կարիքաւոր են: Այսինքն՝ առանց խտրականութեան օգնութիւններ բաժանուեցին՝ լինի սննդամթերք, լինի աջակցութիւն, վէրքերի բուժում եւ այլն: Իսկ այսօրուայ դրութեամբ Կիլիկիոյ կաթողիկոսութեան օժանդակութեամբ հայ համայնքի կարիքաւոր ընտանիքներին բաժանուել է միանուագ գումար 2 ամսուայ համար: Այդ գումարները պէտք է վճարուեն իւրաքանչիւր հայ ընտանիքի: Դրա կողքին ստեղծուել է լիբանանահայութեան վերականգնումի մարմին՝ 3 կուսակցութիւնների, 3 կրօնական համայնքների, Հայ Օգնութեան Խաչի, Հայկական Կրթական Բարեսիրական Միութեան եւ Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան կողք-կողքի գալով: Այդ մարմնի գլխաւոր առաքելութիւնը պէտք է լինի բոլոր տուժած մեր հայրենակիցների կացարանների վերանորոգումը կամ դրան նպաստելը: Տարբեր միութիւնների անդամները, երիտասարդները բոլորը զօրակոչուեցին, եւ եկեղեցու հովանաւորութեամբ, եկեղեցիներին կից բացուեցին մարմիններ, մեր հայրենակիցները եկան, գրանցուեցին՝ տուժած մեր հայրենակիցների տների նորոգման նպատակով:

Անկեղծ ասած, մարդկանց մօտ յուսալքութիւն է, յուսահատութիւն է, մանաւանդ որ գիտէք, որ երկրում անվտանգութեան վիճակը շատ վատ է, կորոնավիրուսն արդէն շատ է տարածուել պայթիւնից յետոյ, որովհետեւ ամէն ինչ խառնուեց, մարդիկ փողոցներ թափուեցին: Լիբանանում, որ սրանից 1-1,5 ամիս առաջ արձանագրւում էր 30-40 դէպք, վերջին 10 օրերին արձանագրւում է աւելի քան 400-500, երեկ էլ արձանագրուեց 580 դէպք: Սա աւելի է բարդացնում երկրի իրավիճակը, որովհետեւ երկիրը փոքր է, հիւանդանոցներում մահճակալների թիւը շատ սահմանափակ է, եւ հնարաւոր է՝ կանգնենք համաճարակային առումով լուրջ ճգնաժամի առջեւ:

– Հայաստանում լիբանանահայերի՝ Հայաստան վերադառնալու շուրջ աշխատանքներ են իրականացւում, փաթեթներ են պատրաստւում: Յայտնի է, որ արդէն վերադարձողներ եղել են: Ին՞չ են ակնկալում լիբանանահայերը Հայաստանի իշխանութիւնից, եւ այս փաթեթից օգտուողները շա՞տ կը լինեն այս փուլում:
– Հայաստանից օդանաւեր եկան, օժանդակութիւններ բերեցին, եւ այդ օդանաւերով մի քանի հարիւր լիբանանահայեր հայրենադարձուեցին հայրենիք: Նրանք ՀՀ քաղաքացիներ են: Այսօրուայ դրութեամբ կայ այսպիսի մօտեցում, որ ներգաղթեն դէպի Հայաստան: Երբ որ Զարեհ Սինանեանն այստեղ էր, մենք այս հարցը շատ մանրամասնօրէն քննարկեցինք նրա հետ: Շատ մեծ դժուարութիւններ կան՝ երկկողմանի: Մի կողմից այստեղ կան դժուարութիւններ, միւս կողմից՝ ՀՀ կառավարութիւնը ունի դժուարութիւններ: Նրանք, ովքեր ուզում են վերադառնալ հայրենիք, այս վերջին շրջանում տնտեսական ճգնաժամի պատճառով նրանց բոլոր ունեցուածքներն արժէզրկուեցին: Աւելի պարզ բացատրեմ. երբ մէկ դոլարն արժեր 1500 լիբանանեան լիրա, իսկ այսօր մէկ դոլարն արժի մօտ 7500 լիբանանեան լիրա:

Այսինքն՝ բոլոր մեր հայրենակիցների ունեցուածքը, եկամուտները արժէզրկուեցին 5 անգամ: Այսինքն՝ եթէ մէկն այստեղ ունէր որոշ գումար եւ մտածում էր, որ պէտք է գնար Հայաստան եւ այդ գումարով ինչ-որ աշխատանք աներ, ինչ-որ գործ ձեռնարկեր, այս հնարաւորութիւնը նուազել է 5 անգամ: Սրան գալիս է աւելանալու այն, որ լիբանանեան բանկերը մեր փողերը մեզ չեն տալիս: Պատկերաւոր ասած, այդ գումարներն արգելափակուած են բանկերում, մենք չենք կարողանում մեր փողերը վերցնենք, որ կարողանանք դրանով ինչ-որ մի բան ձեռնարկել: Այսինքն՝ եթէ մէկը բանկում ունէր 100 հազար դոլար, բանկը թոյլ է տալիս ամսական հանել 200-500 դոլար: Ընդ որում՝ այդ գումարը տալիս է ոչ թէ դոլարով, այլ լիբանանեան դրամով: Ստացւում է, որ հայրենադարձութեան ցանկութիւնը կայ, սակայն հայրենադարձութեան համար նիւթական կարողութիւնները արդէն շատ նուազել են մեր հայրենակիցների մօտ: Մարդիկ ուզում են տեղափոխուել Հայաստան, սակայն արդէն իրենք իրենց միջոցներով չեն կարող դա անել: Հարցի միւս կողմն այն է, որ մեզ մօտ այսպիսի մի մօտեցում կայ. այն անձինք, որոնք ուզում են լքել Լիբանանը, մենք նրանց ուղղորդում ենք միայն ու միայն Հայաստան, այլ ոչ Ամերիկա, Եւրոպա եւ այլն, սակայն Հայաստան գնալն էլ ունի իր դժուարութիւնները՝ տնտեսական, սոցիալական, բնակուելու վայրի, աշխատանք գտնելու եւ այլն:

Մեր սփիւռքներից ամենակազմակերպուածը Լիբանանն է, որտեղ հայ համայնքն իր կուսակցութիւններով ու կազմակերպութիւններով ներգրաւուած է Լիբանանի քաղաքական կեանքին: Դուք գիտէք, որ Լիբանանը համայնքային պետութիւն է, այսինքն՝ իւրաքանչիւր համայնք ունի իր քվոտան երկրի խորհրդարանում: Եթէ մենք՝ լիբանանահայերս, թողնենք ու հեռանանք այստեղից, այստեղ մեր քաղաքական իմաստն ու կարողականութիւնը Լիբանանում շատ կը թուլանայ, կը տկարանայ: Դա քաղաքական իմաստով ինչ-որ տեղ սխալ է, որովհետեւ նրանք, ովքեր հետեւում են քաղաքական կեանքին, մանաւանդ Միջին եւ Մերձաւոր Արեւելքում, կը տեսնէք, որ այսօր Թուրքիան շատ մեծ ազդեցութիւն եւ ներթափանցում ունի Լիբանանի քաղաքական կեանքում: Իսկ թուրքական ներթափանցման, քաղաքական հաւասարակշռութեան գործում հայերը առաջին դիրքերում են: Սա եւս ռազմավարական եւ մարտավարական նշանակութիւն ունի: Այսինքն՝ մաքրել Լիբանանը հայերից մի կողմից վնասում է մեր ընդհանուր ազգային շահերին, իսկ մնալ այստեղ այս դժուարին պայմաններում, ժողովուրդը հիւծւում է, մեր հաստատութիւններն են թուլանում, փակւում այս ծանր վիճակի ճնշման ներքոյ:

– Լիբանանահայերը որքանո՞վ Հայաստանը կը դիտարկեն որպէս տարանցիկ երկիր՝ այլ երկիր տեղափոխուելու համար: Այս խնդիրը կար նաեւ սիրիահայերի ժամանակ, եւ շատերը այդպէս էլ վարուեցին:
– Ես դէմ եմ այն մտքին, որ Հայաստանը օգտագործուի որպէս տարանցիկ կայարան: Դուք գիտէք՝ ես Հնչակեան կուսակցութեան ղեկավար մարմնի անդամ եմ: Մեր գաղափարախօսութեան մէջ Հայաստանը տարանցիկ կայարան չէ, Հայաստանը վերջնական հանգրուան է: Նրանք, ովքեր ուզում են գնալ Հայաստան, մենք խրախուսում ենք, յորդորում ենք հէնց այդպէս վարուել: Թող գնան Հայաստան, հիմնաւորուեն այնտեղ եւ այնտեղից չտեղափոխուեն այլ երկրներ, որովհետեւ Հայաստանը մեր վերջնական հայրենիքն է: Եթէ պէտք է դուրս գանք մեր ապրած Լիբանանից՝ մեր վերջին հանգրուանը պէտք է լինի Հայաստանը: Սա մեզ համար գաղափարական ու սկզբունքային հարց է:

Հարակից Նյութեր

Leave a Comment