Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայաստանի Մէջ Արձանագրուած է «Քորոնա» Ժահրի Բարձր Ցուցանիշ՝ 697 Նոր Դէպք

Հայաստանի Մէջ Արձանագրուած է «Քորոնա» Ժահրի Բարձր Ցուցանիշ՝ 697 Նոր Դէպք

by MassisPost

Նախորդ մէկ օրուայ ընթացքին Հայաստանի մէջ «Քորոնա» ժահրի բարձր ցուցանիշ արձանագրուած է՝ 697 նոր հաստատուած դէպք կայ։ Մարտ 1-էն ի վեր յայտնաբերուած դէպքերու թիւը այսպիսով հասած է 11221-ի։

Վարչապետ Նիկոլ Փաշինեան Յունիս 4-ի առաւօտեան իր ուղիղ եթերը սկսաւ այս լուրով. «Սա նշանակում է, որ մենք արդէն մի իրավիճակում ենք, երբ մեր բուժհաստատութիւնները ուղղակի կարող են եւ արդէն այդ վիճակում են, որ կան արդէն հիւանդանոց տեղափոխուելու կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին մենք չենք կարողանում  հիւանդանոց տեղափոխել»:

«Մեր առողջապահական համակարգը ճկուում է արդէն: Այսօր երկրում կայ մօտաւորապէս 20 հազար իմ նման մարդ, որոնք չգիտեն, որ հիւանդ են, իրենք էլ չգիտեն, իրենց շրջապատի մարդիկ էլ չգիտեն: Էդ 20 հազար մարդը, որը ինքն էլ չգիտի, ոչ մէկ էլ չգիտի, իրանք են դառնում վարակի հիմնական տարածողները: Որտե՞ղ են այդ մարդիկ, այդ մարդիկ հասարակական փոխադրամիջոցի մէջ են, աշխատանքի վայրում են, սրճարանում են, փողոցում են քայլում: Որպէսզի վարակի այսպիսի տարածումը տեղի չունենայ, շատ կարեւոր է, որ մենք բոլորս բոլորիս առանց բացառութեան վերաբերուենք որպէս վարակակիր», – յայտարարեց Փաշինեան:

covid-06-04

Վարակի տարածման մտահոգիչ ընթացքը հաշուի առնելով, Հայաստանի կառավարութեան ղեկավարը կոչ կ’ուղղէ երկրի հակահամաճարակային շարժում սկսելու։ «Վերահսկել ուրիշների կողմից կատարումը՝ հակահամաճարակային կանոնների, լուսանկարել խախտման դէպքերը, տեսանկարահանել եւ հրապարակել ընկերային ցանցի էջերում, երէկ, օրինակ, դրամատուներու դէպքում ի՞նչ պարզուեց, ընդամէնը մի քանի ժամուայ ընթացքին հարցերը լուծուեց, որովհետեւ դրամատուները հասկացան, որ իրենց գործարար համբաւի վրայ շատ ժխտական ազդեցութիւն է ունենում դա: Այսօր էլ եկէք այդ գործընթացը շարունակենք՝ դպրոցներում ինչ է տեղի ունենում, հասարակական վայրերում ինչ է տեղի ունենում, կանգառներում ինչ է տեղի ունենում: Այս ամէն ինչը պէտք է լայնօրէն, հանրային կերպով վերահսկուի», – ըսաւ վարչապետը:

Վարակի բռնկումէն ի վեր, Հայաստանի մէջ ընդհանուր առմամբ վարակէն ապաքինուած է 3468 մարդ։ Մէկ օրուայ ընթացքին բուժուած է 14 եւ մահացած՝ 6 հիւանդ։

Առողջապահութեան նախարար՝ Արսէն Թորոսեան այսօր կառավարութեան նիստին յայտարարեց, որ ծանր վիճակի մէջ է 391 հոգի, ծայրայեղ ծանր է 59 հիւանդի վիճակը, թոքերու օդափոխութեան սարքերուն միացուած է 15 հիւանդ։

«Այս արձանագրուած դէպքերի մօտաւորապէս 15-20 տոկոսը կարիք է ունենում հիւանդանոցի, եւ միայն մնացածն է, որ մնում է տանը տնային բուժման՝ առողջութեան առաջնային պահպանման օղակի հսկողութեան տակ, եւ ունենք ամենօրեայ կանոնով գրեթէ ձեռքով, եթէ այսպէս կարելի է ասել, տեղաւորում ենք հիւանդներին եղած մահճակալային համակարգին մէջ։ Կայ մի վտանգաւոր տենդենց հակում, որ նորից ունենում ենք դէպքեր տարբեր արտադրական միութիւններում, ինչը մեր իսկ փորձով ցոյց է տալիս, որ դրանից յետոյ հնարաւոր է բռնկում», – նշեց նախարարը:

Հարակից Նյութեր

Leave a Comment