Home ԳԱՂՈՒԹԱՅԻՆ Գլխաւոր Հիւպատոս Արմէն Բայբուրդեանի Ուղերձը` Հայաստանի Անկախութեան Տօնին Առթիւ

Գլխաւոր Հիւպատոս Արմէն Բայբուրդեանի Ուղերձը` Հայաստանի Անկախութեան Տօնին Առթիւ

by MassisPost

Սիրելի հայրենակիցներ, շատ սիրելի եւ յարգելի կալիֆորնիահայեր,

Սրտանց շնորհաւորում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան տօնի առթիւ: Այս սրբազնագոյն օրուայ կապակցութեամբ ես շնորհաւորում եմ Կալիֆորնիայում հաստատուած իւրաքանչիւր հայ ընտանիքի, ամէն հայի անձնապէս, նաեւ այն ամերիկացիներին, ովքեր իրենց նպաստն են բերել մեր հայրենիքին:

Հպարտանում եմ ձեզանով, հրաշալի գիտակցելով, որ դուք մեր հայրենեաց ջահակիրներն էք, մշտապէս կրում էք մեր սուրբ երկրի ոգին ձեր մտքում եւ սրտում: Երբ 1991 թուականի Սեպտեմբերի 21-ին մեր հայ ժողովուրդն իր հաւաքական անկոտրում կամքը դրսեւորեց եւ, ի շարունակումն 1918 թուականին հիմք դրուած մեր անկախ պետականութեան, որոշեց իրաւական գետնի վրայ կերտել ինքնիշխան ժամանակակից պետութիւն, ձեզանից իւրաքանչիւրն իր անմիջական մասնակցութիւնն է բերել մեր ազգային իղձերի իրականացմանը: Ես նկատի ունեմ ոչ միայն նրանց, ովքեր իրենց վճռական քուէով են դրսեւորել ժողովրդի կամքը հենց Հայաստանում այդ Սեպտեմբեր 21-յան պանծալի օրը, այլեւ նրանց, ովքեր, սերունդներով փայփայել են այդ երազանքը ու հայրենիքից հեռու գտնուող Կալիֆորնիայում հոգով ու սրտով մաս կազմել այդ պատմական որոշմանն ու գործընթացին: Աշխարհագրութիւնը պարզապէս չէր կարող մեզ բաժանել:

Մեր ազգն անչափ հպարտանում է իր այն զաւակներով, ովքեր գործնականում են նպաստել հայոց պետականութեան կայացմանը անկախութեանը յաջորդած տարիներին: Այս օրն այն օրն է, երբ տօնելու հետ մէկտեղ, մենք պէտք է անսահման յարգանքի մեր տուրքը մատուցենք բոլոր նշեալ հայ տղամարդկանց եւ կանանց, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել այդ նուիրական նպատակի իրականացման համար:

Անկախութեան հռչակումից 27 տարի անց, մեր այսօրուայ վերածնուած հայրենիքը յոյսի եւ լոյսի ապագայ է բացում անխտիր բոլորիս համար: Մենք պէտք է միասին ուղի հարթենք դէպի մեր փայփայած ապագան, դէպի մեր հայրենի պետութեան ժողովրդավարական, ապահով ու բարօրութեան վրայ հիմնուած հասարակարգը: Մեր փայլուն երիտասարդութիւնն իր բարձր արժեհամակարգով, մեր ամբողջ ժողովուրդը ապացուցեց, որ արժանի է այդ պայծառ ապագայի իրական կեանքի կոչմանը: Ես այժմ միայն կոչ չեմ անում նոր աւիւնով նպաստելու մեր պաշտելի Հայաստանի զարգացմանը: Ես կոչ եմ անում անմիջականօրէն ստանձնել մեր բոլորիս` Հայաստան վեհօրէն կոչուող երկրի վերակերտումն ու զարգացումն այն հիմնասիւների վրայ, որ ձեր երազածն է:

Իմ դիւանագիտական առաքելութեան` արեւմտաամերիկեան բազմաբովանդակ խնդիրների հետ մէկտեղ, ես այստեղ` Լոս Անջելես, վերստին եկել եմ որպէս Հայաստանի Հանրապետութեան Գլխաւոր հիւպատոս, ծառայելու Ձեզ` կալիֆորնիահայութեանը եւ Արեւմտեան Միացեալ Նահանգների մեր հայրենակիցներին` ի շահ մեր հայրենիքի, յանձնառութիւն ստանձնելով գործնականում կամրջելու Կալիֆորնիան Հայաստանի հետ:

Կեցցէ Հայաստանի անկախութիւնը, կեցցէ Հայաստանը, կեցցէ կալիֆորնիահայութիւնն ու ամբողջ հայ ժողովուրդը:

Հարակից Նյութեր

Leave a Comment