Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայաստանի Ժողովուրդը Պէտք Է Իմանայ, Թէ Նախկին Բարձրաստիճան Պաշտօնեաները Ինչպէս Իրենց Միլիոնները Կուտակած Են

Հայաստանի Ժողովուրդը Պէտք Է Իմանայ, Թէ Նախկին Բարձրաստիճան Պաշտօնեաները Ինչպէս Իրենց Միլիոնները Կուտակած Են

by MassisPost

Նիկոլ Փաշինեան Radio France International-ին տուած հարցազրոյցին անդրադարձած է նաեւ դիտարկման, թէ քաղաքական իրավիճակը Հայաստանի մէջ կը շարունակէ մնալ լարուած։ Վարչապետը հարցուցած է, թէ ո՞ւր կ’երեւի, որ Հայաստանի մէջ քաղաքական լարուած իրավիճակ կայ։

«Եւրամիութեան բոլոր երկրներում կամ երկրների մեծամասնութիւնում քաղաքական իրավիճակը շատ լարուած է, չափազանց ծայրայեղ լարուած է։ Եթէ հարցը դիտարկենք ձեր տրամաբանութեամբ, իսկ ժողովրդավարական երկրներում այդ առումով իրավիճակը միշտ լարուած է, որովհետեւ միշտ կայ լարուած քաղաքական պայքար, եւ միշտ կայ լարուած բանավէճ, եւ այն լարուածութիւնը, որի մասին դուք խօսում էք, հէնց ինքը ժողովրդավարութեան շատ կարեւոր վկայութիւն է, շատ կարեւոր ապացոյց:

«Ինչ վերաբերում է մտահոգություններին, ես գիտեմ, ասենք, նոյն Սամուէլ Կարապետեանի հետ կապուած, օրինակ, քրէական գործ կայ նաեւ Ֆրանսայում: Նշանակու՞մ է դա արդեօք, որ Ֆրանսայի կառավարութիւնը Սամուէլ Կարապետեանին քաղաքական հետապնդումների է ենթարկում: Ես չգիտեմ՝ մեր գործընկերները տեղեակ են արդեօք այդ իրավիճակների մասին, թէ տեղեակ չեն: Եւ այսպէս շարունակ»,- ըսած է վարչապետը։

Պատասխանելով նաեւ Քոչարեանին ու Ծառուկեանին վերաբերող հարցումին՝ վարչապետը մանրամասնած է․

«Ինչ վերաբերում է ձեր նշած միւս դէպքերին, մասնաւորապէս Ռոպերթ Քոչարեանի հետ կապուած, շատ վաղուց կայ քրէական գործ, այդ թւում՝ 2008 թուականի Մարտի 1-ի գործով դատական պրոցես է ընթանում: Իմիջիայլոց, վերջերս մենք Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի որոշումը ստացանք Մարտի 1-ի գործով, որտեղ արձանագրւում է, որ Մարտի 1-ի սպանութիւնների պատասխանատուները, ըստ էութեան, պետական մարմիններն են այդ ժամանակաշրջանում գործած:

«Եւ ես ձեզ ուզում եմ հետեւեալ հարցը տալ․ Ռոպերթ Քոչարեանը ամբողջ կեանքում եղել է պաշտօնեայ, 10 տարի զբաղեցրել է Հայաստանի Հանրապետութեան նախագահի պաշտօնը, եւ արդիւնքում նա ունի առնուազն մի քանի հարիւր միլիոն տոլարի սեփականութիւն: Ինչպէ՞ս կարող էր դա տեղի ունենալ, հնարաւո՞ր է արդեօք, որ մարդը, լինելով նախագահ, 10 տարի զբաղեցնելով երկրի ղեկավարի պաշտօնը, մի քանի հարիւր միլիոն տոլար կուտակի։

«Ես սովորաբար այդ հարցին պատասխանում եմ հետեւեալ կերպ․ ասում եմ՝ արդէն աւելի քան ութ տարի ես Հայաստանի Հանրապետութեան վարչապետն եմ, ինչո՞ւ ես միլիոնատէր չեմ, որեւէ մէկը կարո՞ղ է այդ հարցին պատասխանել, եւ ինչո՞ւ է Ռոպերթ Քոչարեանը միլիոնատէր։

«Նաեւ Գագիկ Ծառուկեանի անունը տուեցիք, Հայաստանի Հանրապետութիւնում ընդհանրապէս 2018 թուականին յեղափոխութիւնը տեղի է ունեցել նաեւ այն տրամաբանութեամբ, որ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիները համոզուած են եղել, որ երկար տարիներ Ռոպերթ Քոչարեանի, Սերժ Սարգսեանի իշխանութեան տարիներին, այդ թւում՝ ձեր նշած մարդկանց անմիջական մասնակցութեամբ, Հայաստանի Հանրապետութիւնը բառի բուն իմաստով թալանուել է, եւ այդ մարդկանց թալանածը պէտք է վերադարձուի:

«Մինչեւ հիմա այդ մարդիկ պատասխանատուութեան չեն ենթարկուել արտաքին ապօրինի հովանաւորութիւնների եւ Հայաստանի դատաիրաւական համակարգում գործած մաֆիայի գործունէութեան պատճառով։ Ես կարծում եմ՝ այդ թւում հերթական խորհրդարանական ընտրութիւններում Հայաստանի ժողովուրդը յստակ իր կամքը արտայայտեց եւ պահանջեց, որպէսզի, ի վերջոյ, 2018 թուականի յեղափոխութեան իրենց ակնկալիքները, որ Հայաստանում լինի արդարութիւն եւ արդարադատութիւն, ոչ թէ փտածութեան միջոցով արդարադատութիւնից խուսափելու անարգել ճանապարհներ, ահա այս օրակարգը իրացուի։

«Հայաստանի ժողովուրդը պէտք է իմանայ, թէ նախկին բարձրաստիճան պաշտօնեաները ինչպէս են իրենց միլիոնները կուտակել: Իմիջիայլոց ասեմ նաեւ, որ Հայաստանում արդէն իսկ գործում է ապօրինի գոյքի բռնագանձման համակարգը, եւ այդ համակարգով արդէն բազմաթիւ գոյքեր, որոնք նախկինում ապօրինի կերպով օտարուած են եղել կա՛մ համայնքներից, կա՛մ պետութիւնից, ժողովրդից, վերադարձւում են պետութեանը եւ ժողովրդին»:

Հարակից Նյութեր

Leave a Comment