Հայաստանի աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարար Արսէն Թորոսեան անդրադարձած է «Հայաքուէ» նախաձեռնութեան կողմէ իրականացուող գործողութիւններուն, որոնց ծիրին մէջ որոշ քաղաքներու մէջ կենսաթոշակներու 50 տոկոս բարձրացում պահանջող մեծ պաստառներ կը փակցուին։
Արսէն Թորոսեանը ֆէյսպուքի իր էջով հրապարակած տեսանիւթին մէջ նշած է, որ ատիկա հիպրիտային պատերազմի փորձուած մեթոտ է, որ վերջերս կիրառուած է նաեւ Մոլտովայի մէջ՝ ընտրութիւններուն ընդառաջ։
«Վերջերս համացանցում տեսնում եմ, որ որոշ քաղաքներում մեծ պաստառներ են փակցուած, որոնց վրայ գրուած է՝ «Պահանջում ենք կենսաթոշակների 50 տոկոս բարձրացում»՝ «Հայաքուէ» կոչուող նախաձեռնութեան կողմից՝ իրենց երկու ներկայացուցիչների նկարներով։ Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ սա հիպրիտային յարձակումների փորձուած մեթոտ է, յատկապէս ընտրութիւններից առաջ։ Նոյն բանը յայտնի շրջանակների կողմից վերջերս կիրառուել է նաեւ Մոլտովայում նրանց ընտրութիւններից առաջ»,- նշած է Թորոսեան։
Ան յաւելած է, որ կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնելը ՀՀ պետական պիւտճէին վրայ մօտաւորապէս կրնայ նստիլ 100 միլիառ դրամ, որ աւելցուկով ի հարկէ չկայ պիւտճէին մէջ, որովհետեւ բոլոր ծախսերը բաշխուած են։
Արսէն Թորոսեան նշած է, որ ընկերային ոլորտի ծախսերը 2026 թուականի պետական պիւտճէով մօտաւորապէս 1 թրիլիոն դրամ են, բաշխուած են նաեւ առողջապահական, կրթական, պաշտպանական, ճանապարհաշինական, դպրոցաշինական եւ այլ ծրագրերու համար նախատեսուած ծախսերը։
«Այսինքն՝ ամբողջ պետական պիւտճէն բաշխուած է, եւ աւել 100 միլիառ դրամ, ի հարկէ, այս պահին չկայ։ Բայց մենք մեր միջոցների շրջանակներում Յունուարի 1-ից բարձրացնելու ենք կենսաթոշկները եւ բոլոր նպաստները՝ յետվճարի համակարգով՝ այն դարձնելով 20 տոկոս եւ ոչ աւել, քան 10 հազար դրամը։ Եւ դա շարունակական գործընթաց է լինելու։ Կոչ եմ անում չտրուել այս հիպրիտային յարձակումներին՝ կեղծ տեղեկութիւններով, կեղծ ուժերի կողմից եւ լինել աչալուրջ, որովհետեւ մենք ձեզ հետ շատ թափանցիկ ենք, ձեզանից որեւէ բան չենք թաքցնում եւ անիրատեսական խոստումներ էլ չենք տալիս, տալիս ենք իրատեսական խոստումներ, որոնք կատարում ենք»,- ըսած է Թորոսեան։

