Ազգային Ժողովի նախագահը Արցախի հարցով արտահերթ նիստ հրաւիրելու ընդդիմութեան նախաձեռնութիւնը կեղծ գործընթաց կ’որակէ: Ալէն Սիմոնեանը վստահ է, որ իշխանութեան հրաժարականը պահանջող ընդդիմադիր գործընկերները խորհրդարանի միջոցով կը փորձեն ծանր դրութենէն դուրս գալու ելքեր գտնել: Ընդդիմութիւնը, ըստ իշխող ուժի ներկայացուցիչին, այս պահին փակուղային իրավիճակի մէջ է:
«Յայտարարութեան մէջ ամէն ինչ ասուած է, այդ նախաձեռնութիւնը եւս մէկ հերթական փորձ է իրավիճակից ինչ-որ ելք գտնելու: Էն, որ Իշխան Սաղաթէլեանը ամէն անգամ բեմից ասում է` «ես ժամանակ չեմ ասում», յետոյ ասում է` «72 ժամ, 72 ժամը հո յանկարծակի չեմ ասում, օրեր մնացին, ժամեր մնացին, մի քիչ էլ դիմացէք», իրանք չեն հասկանում, որ հէնց այդ բառերով իրենց մատնում են, որ տուպիկի առաջ են կանգնած», նշեց Սիմոնեանը:
Ընդդիմադիր երկու խմբակցութիւնները Յունիս 3-ին Ազգային Ժողովի արտահերթ նիստ հրաւիրած են Արցախի ու սահմանազատման գործընթացին վերաբերեալ յայտարարութիւն ընդունելու համար: Իշխանութիւնը արդէն յայտարարած է, որ պիտի չմասնակցի նիստին:
Ալէն Սիմոնեանը այդ նաեւ այլ հանգամանքով կը պայմանաւորէ. «Արցախի խնդիրների հետ կապուած, Արցախի բանակցութիւնների հետ կապուած բոլոր գործընթացները մաքսիմալ թափանցիկ են արւում, ինչի՞ եմ ասում մաքսիմալ, որովհետեւ կան ինչ-որ բաներ, բնական է, չես կարող ինչ-որ պահից սկսած ասել, որպէսզի բանակցային հոլովոյթը չխաթարուի, բայց ընդհանուր առմամբ մեր ժողովրդին ամէն ինչ ասւում է: Եւ վարչապետը բազմիցս ասել է, որ որեւիցէ գործընթաց, որը չի ներառի Արցախի կարծիքը, որը չի ներառի Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների կարծիքը, չի լինելու եւ չկայ: Եկէք ընդդիմութեան ասելիքը, այդ խօսքը մէկընդմիշտ ճշդենք, որ դա ընդամէնը իրենք իրենց համար ստեղծած իրավիճակից դուրս գալու պատրուակ է»:
Ազգային Ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանը տրամադրուած է դիմել ԱԺ Խորհուրդին` ընդդիմադիր պատգամաւորները մանտաթէն զրկելու հարցով:
«Ես տրամադրուած եմ այդ հարցով դիմել ԱԺ Խորհրդին: Ընդհանուր առմամբ որոշում չկայ, ես խօսում եմ իմ տրամադրուածութեան մասին: Ես կարծում եմ, որ չի կարելի երբ ուզենալ գալ նիստի, երբ ուզենալ չգալ, առաւել եւս, որ նշուած պատգամաւորները վաղուց անցել են թոյլատրելի սահմանը», լրագրողներու հետ ճեպազրոյցին ըսաւ Սիմոնեանը: