Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ WhatsApp-ի Հարկը Այրեց Լիբանանը. Ալեքսան Քէօշկէրեան

WhatsApp-ի Հարկը Այրեց Լիբանանը. Ալեքսան Քէօշկէրեան

by MassisPost

Մի քանի օր է, որ ինչ Լիբանանում տեղի են ունենում քաղաքացիական բախումներ, որոնք հիմնականում պայմանաւորուած են  երկրի ծանր տնտեսական իրավիճակի հետ։ տեղական լրատուամիջոցները յայտնում են, որ անկարգութիւնների հետեւանքով երկու մարդ է զոհուել։ 24News-ը լիբանանի ներքին իրավիճակի, տեղի հայ համայնքի անվտանգութեան մասին զրուցեց Սոցիալ Հնչակեան կուսակցութեան Կենտրոնական վարչութեան քարտուղար, լիբանանաբնակ Ալեքսան Քէօշկէրեան ի հետ։

-Պարոն Քէօշկէրեան, ինչ՞ն է պատճառը, որ Լիբանանում սկսուեցին զանգուածային անկարգութիւններ։ 

-Իրականում, այս ամէնը հետեւանք է երկար տարիների կուտակուած խնդիրների։ Լիբանանի կառավարութիւնը 110 մլրդ դոլարից աւել պարտք ունի, երկրի բիւջէն երկար տարիներ չի հաւասարակշռւում,որի հետեւանքով երկիրը տնտեսական ճգնաժամի մէջ է։ Ճգնաժամից դուրս գալու համար կառավարութիւնը 2020 թ-ի բիւջէում տուրքեր եւ հարկեր աւելացրեց։ Եւ ամենահետաքրքիրը՝ WhatsApp-ի ամէն առաջին հաղորդագրութեան վրայ 20 սենթ հարկ ուզեց սահմանել։ Օրէնքով, կառավարութիւնը նման նախաձեռնութեան իրաւունք չունի, սակայն այս 20 սենթը կայծ դարձաւ, որ այս ցոյցերի ալիքը սկսուի։ Իրականում, սա դրդապատճառ էր, ժամանակի ընթացքում բողոքի ցոյցերը լայնածաւալ դարձան, որովհետեւ կայ անվստահութիւն Լիբանանի քաղաքացիների եւ պետութեան միջեւ։ Այս ամէնի հետեւանքով էլ երեք օր առաջ սկսեցին լայնածաւալ ցոյցեր, որի ընթացքում տեղի ունեցան բախումներ, ունեցանք զոհ։ Ցոյցերն ամբողջ Լիբանանի տարածքով են։ Հիմնականում կենտրոնացուած են Պէյրութում եւ մայրաքաղաքի կենտրոնական հատուածներում, սակայն երկիրն իրար կապող բոլոր մայրուղիներում անգամ հեռաւոր գիւղերում բողոքի ակցիաներ են ընթանում։ Եթէ այսպէս ընդհանուր գումարային հաշիւ անենք, կարող եմ ասել իմ անձնական կարծիքով, որ մէկ օրուայ մէջ շուրջ կէս միլիոն մարդ է մասնակցել։

Պէյրութ, հակակառավարական ցոյցեր

Պէյրութ, հակակառավարական ցոյցեր

-Իսկ ո՞վ է ղեկավարում այս շարժումը։ 

-Շարժումը մեծամասամբ ինքնաբուխ է։ Կուսակցութիւնները կամ քաղաքական ուժերը չեն, որ կազմակերպում են այս ցոյցերը։ Սա է պատճառը, որ հաւանաբար տեղ-տեղ բախումներ են լինում իրաւապահների հետ։ Սակայն, եթէ նայենք Լիբանանի ընդհանուր քաղաքական պատկերին, կարելի է ասել, որ քօղարկուած ձեւով՝ առանց բացայայտուելու,  այս շարժմանն աջակցում են «Լիբանանեան Ուժեր», Լիբանանի սոցիալիստական, Լիբանանի սոցիալիստական յառաջադիմական կուսակցութիւններն ու իրենց դաշնակիցները։ Սակայն, արդար լինելու համար պէտք է ասել, որ սա ինքնաբուխ շարժում է, որին մասնակցում են երկրի բոլոր կրօնական ու ազգային համայնքները՝ շիայ, սուննի, քրիստոնեայ, տիւրզի…

-Ին՞չ իրավիճակ է տիրում Լիբանանի այն շրջաններում, որտեղ աւելի շատ թուով հայեր են ապրում։ 

-Հայկական շրջաններում իրավիճակն աւելի զսպուած է, բայց սա չի նշանակում, որ հայերը չեն տուժում երկրի քաղաքական իրավիճակից։ Երեկ տեղի ունեցաւ բողոքի ցոյց Պէյրութի Նոր Հաճըն եւ Խալիլ Պատաուի թաղամասերով անցնող Արմէնիայ պողոտայում, որտեղ հայ երիտասարդները ճանապարհները փակեցին ու իրենց բողոքն արտայայտեցին ։Այստեղ պէտք է նշեմ, որ այդ թաղամասերում աւելի ՍԴՀԿ համակիրներն են։ Միւս հայահոծ շրջանում՝ Պուրճ Համմուտում աւելի խաղաղ էր՝ չնայած մուտքերն ու ելքերը փակ էին։ Մեր շրջաններում բախումներ չկան, հայերը տէր են իրենց կառոյցներին։ Երիտասարդները փողոցներում հսկում են, մտահոգուելու բան չկայ։ Պատկերը ողբերգական չէ, բախումները սահմանափակ են եւ հիմնականում կենտրոնացուած են  Պէյրութի կառավարական շէնքերի մօտ։ Կրկնում եմ, հիմնական խնդիրը տնտեսական հարցն է, նոր հարկեր աւելացնելու գաղափարը։ Եթէ դրանք անցնէին՝ մեծ վնաս պէտք է կրէր աշխատաւոր եւ միջին դասակարգը։ Բացի այդ, վերջին Լիբանանի քաղաքացիական պատերազմից անցել է 30 տարի, բայց կան տարրական չլուծուած հարցեր։ Բնակչութիւնը շուրջօրեայ էլեկտրականութիւն եւ ջրամատակարարում չունի, աղբահանութեան վիճակը շատ ծանր է։ Աղբակոյտեր կան, որ հասնում են չորս հարկանի շէնքի բարձրութեանը։ Հարցը շատ բազմազան է, եւ վերջիվերջոյ պայթեց։ Ժողովուրդի պահանջը սոցիալական է, իրենց չի հետաքրքրում, թէ Լիբանանի արտաքին քաղաքականութիւնն ինչպիսին է, իրենց հետաքրքրում է իրենց օրապահիկն ու ահագնացող արտագաղթը։ Այսօր երրորդ օրն է, ինչ Լիբանանը անդամալոյծ վիճակում է, գլխաւոր մայրուղիները փակ են։ Կառավարութիւնը, նախագահն ու խորհրդարանը ոչինչ չեն խօսում։ Երեկ միայն գործող վարչապետը կարճ խօսեց՝ խնդրելով ժողովրդից համբերութիւն։ Ինքն իր կառավարութեանը 72  ժամ տուեց՝ հարցը լուծելու համար։ Կառավարութիւն կազմող ուժերն իրենք իրենց մէջ հարցեր ունեն։ Եթէ խնդիրը չլուծուի, ենթադրում եմ, որ վարչապետը հրաժարական կտայ, իսկ դրանից յետոյ ինչ կը լինի՝ ոչ ոք չգիտի։

24news.am

Հարակից Նյութեր

Leave a Comment