Home ՀԱՅԱՍՏԱՆ Հայկ Մարութեան Պատրաստ է Նախընտրական Բանավէճի Քաղաքապետի Բոլոր Թեկնածուներուն Մասնակցութեամբ

Հայկ Մարութեան Պատրաստ է Նախընտրական Բանավէճի Քաղաքապետի Բոլոր Թեկնածուներուն Մասնակցութեամբ

by MassisPost

Հայկ Մարութեանը պատրաստ է նախընտրական բանավէճի, բայց պայմանաւ, որ կլոր սեղանի շուրջ միաժամանակ ներկայ գտնուին քաղաքապետի բոլոր 12 թեկնածուները: Ի պատասխան Նայիրա Զօհրապեանի հնչեցուցած քննադատութեան, թէ Մարութեանը կը վախնայ բանավէճէն, կը թաքնուի Նիկոլ Փաշինեանի թիկունքին, Քաղաքացիական Պայմանագրի քաղաքապետի թեկնածուն ըսաւ՝ պիտի շարունակէ չէզոքութիւնը, պահպանել:

«Նախ՝ ամէն ուժ ինքն է որոշում քարոզարշաւի իր ոճը: Կապուած բանավէճի հետ՝ ասեմ, որ շատ կարեւոր է մեզ համար, որ լինի արդար: Մենք ունենք 12 թեկնածու, ես փաստացի ունեմ 11 հաւասար մրցակից: Ես պատրաստ եմ գնալ բանավէճերի, շատ ողջունում եմ այդ միտքը, բայց պէտք է լինեն բոլոր թեկնածուները եւ պէտք է լինեն հաւասար պայմաններում, ոչ մէկին չի կարելի տալ ինչ-որ առաւելութիւն: Ոչ մի թեկնածուի չի կարելի տալ նախապատուութիւն»,- ըսաւ Մարութեանը, աւեցլելով՝ իրեն տղամարդկութեան կոչ ընողները «քաղաքական հնարքներ » կ’ընեն՝ ինչ-որ արդիւնքներու հասնելու համար:

Նշենք, որ «Բարգաւաճ Հայաստանի» թեկնածու Նայիրա Զօհրապեանը սուր քննադատութեան ենթարկած էր Հայկ Մարութեանին՝ անոր հրապարակաւ բանավէճի կանչելով: «Փախնում ա, չի գալիս, գայ ի՞նչ խօսայ, գայ ինձ հետ քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի, վախենում ա: Հիմա էլ ասում եմ՝ տղամա՞րդ ես, հրաւիրում եմ բանավէճի:Արի առանց Նիկոլի»,-ըսած էր Զօհրաբեանը:

Ան նշած էր նաեւ, թէ Մարութեանի գլխաւորած «Իմ քայլը» դաշինքի ցուցակին մէջ Սերժ Սարգսեանի փեսայ Միքայէլ Մինասեանի ազգականը՝ սանիկը կայ: «Հիմա մե՞նք ենք սերժական, ռոպական, թէ՞ դուք»,- հարց հնչեցուցած էր «Բարգաւաճ Հայաստան»ի թեկնածուն:

Հակադարձելով այդ յայտարարութեան, Հայկ Մարութեանն ըսաւ․ «Մենք ոչ թէ ինչ-որ արիւնակցական կապերով ենք մարդկանց նայում, այլ իրենց գաղափարներով, իրենց արած քայլերով, մօտեցումներով: Բայց երէկուայ յայտարարութիւնից յետոյ ինձ էլ հետաքրքեց, ես խնդրեցի մեր աշխատողներին, որ տեսնեն՝ դա ինչ էր: Մենք ունենք մեր ցուցակում Միքայէլ Հասրաթեան անունով մարդ: Միքայէլ Մինասեանն ուն մի քեռու տղայ նոյն անունով: Ընդհանրապէս տարբեր մարդիկ են: Փաստացի սա ապատեղեկատուութիւն է: Բալայեան ազգանունով մարդ ունենք: Հենց Զորի Բալայեանի ընտանիքից հաստատեցին, որ այդ մարդը ոչ մի կապ չունի իրենց հետ»:

Հայկ Մարութեանը չցանկացաւ գնահատել՝ ինչու քարոզարշաւի կէսէն «Բարգաւաճ Հայաստանը» կոշտացուց պայքարը, բառապաշարը փոխեց, թէեւ Նայիրա Զօհրապեանը բացատրած էր՝ Հայկ Մարութեանի խումբը անցեր է սահմանը, տեղեկատուական պայքար սկսած է իրենց դէմ:

Հարակից Նյութեր

Leave a Comment