ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Համերգին նախորդող վերջին ժամերն էին։ Ելոյթի կազմակերպիչները գնում էին տուն՝ պատրաստուելու երեկոյեան տեղի ունեցող հանդիսութեանը։
«Ես պէտք է երթամ սրահ»,- յայտարարեց Վաչէն եւ իր օգնական Ալեքսանդրի հետ, վերցնելով ծրագրերը եւ բեմին անհրաժեշտ պարագաները, մեկնեց։ Կարեւոր չէր, թէ նա առաւօտեան վաղ ժամերից Լարքում էր. կատարուող իւրաքանչիւր շարժում պէտք ունէր իր հպմանը եւ վերջնական խորհրդին, աւելի ճիշդ` իր կտրուկ որոշումներին։
Ամիսների տքնաջան աշխատանքով, Թագուհի Արզումանեանի ղեկավարութեամբ, պատրաստւում էր Պարոյր Սեւակի 100-ամեակին նուիրուած «Եռաձայն պատարագ» խորագրով երեկոն, եւ 2024-ի Ապրիլի 26-ին, Գլենդելի «Ալեքս» թատրոնում, Լարք երաժշտական ընկերակցութիւնը ներկայացրեց այդ խորագրով ձեռնարկ՝ նուիրուած Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցին։
Բարեբաստիկ «ձախորդութեամբ», միայն մէկ օր առաջ, համերգը նախնական նշուած տեղից տեղափոխուել էր այս վայրը, որ հազիւ էր կարողանում ընդգրկել յորդող բազմութեանը։
Համերգներից յետոյ հաճախ նայում ենք Դիմատետրի արձագանգներին։ Գովասանքներից աւելի մեզ հետաքրքրում են իւրայատուկ բնորոշումները։ Գրող Խորէն Արամունին ասում էր. «Լարքը ինձ համար ավելի քան եկեղեցի է, նրա միջոցառումներին էլ սիրով մասնակցում եմ։ Անթերի ոչինչ չկա, ծափերս երբեմն երկարում էին, նաև յուզիչ պահեր էի ապրում»։
Ներկայ բարեկամներից մի քանիսին ասմունքի հզօրութիւնն ուղղակի փոխանցել էր մեր ժողովրդի տառապանքների ուժգնութիւնը, հոգեկան խռովք էին ունեցել։ Սակայն նրանց տխրութիւնը փարատելու էին եկել պարախմբի աղջիկների հեզաճկուն նազանքները, եւ նրանք սրահից մեկնել էին անսահման գոհունակութեամբ։
Ստացուել էր, որ ուսանողների ուժերով պատրաստուած գրական-երաժշտական երեկոն, նրանց ուսուցիչների կողմից փոխանցած հայկական ոգին է՛լ աւելի ուժգնութեամբ հասնում էր հանդիսատեսին։ Այս էր Լարքի առաքելութեան հիմնական նպատակը։
Պարոյր Սեւակի «Եռաձայն պատարագ»ը խօսքի եռամաս պատարագ է՝ ձօնուած Ապրիլեան նահատակների յիշատակին.
– «Ողբամ մեռելոց». այո՛, ակնյայտ է մեր նահատակութիւնը, մեր մորթազերծ լինելը, սակայն մենք չենք կարող կանգ առնել այդ իրականութեան վրայ։
– «Բեկանեմ շանթեր». այո՛, որքան էլ ընկճեն մեզ, ոչնչացնելու խրամատներ փորեն մեր շուրջ, պիտի դիմադրենք յարձակուող շանթերին։
-«Կոչեմ ապրողաց»-այո՛, ապրում ենք եւ պիտի ապրենք յաւիտեան։
Այս կարգախօսների դասաւորութիւնը պահպանելով էլ ընթանում էին համերգի բոլոր բաժինները։
Ձեռնազանգակների համոյթը (ղեկավարներ՝ Լ. Տեմիրճեան, Ա. Յարութիւնեան) ներկայանում էր Ա. Խաչատրեանի «Պատանիի երգը», «Առասպել» գործերի մշակումներով, որ ստեղծում էին օրուայ խորհուրդի տրամադրութիւնը։
Հանդիսավար տիկին Թագուհի Արզումանեանի բարի գալստեան խօսքից յետոյ մեզ էին ներկայանում Լարքի ուսանողների անհատական կատարումները։
Փոքրիկ Ջոլի Գուլուզեանի ջութակի մենանուագը (դասատու՝ Ա. Սալաթեան) բացում էր պատարագի վարագոյրը։ Այնուհետեւ նշուած մասերին համապատասխան ելոյթներով բեմ էին գալիս դաշնակահարները. Արամէ Վարդանեան, Վանա Չիւրուքեան (դասատու՝ Ն. Քարթալեան), Քազազ Էմմանուէլ, Պետրոս Քեսապլեան (դաստաու՝ Ս. Աթասունց), Ալեքսանդրա Նեմիրովսկայա (դասատու՝ Կ. Տէր Գէորգեան), Անդրէ Կիրակոսեան (դասատու՝ Ա. Գրիգորեան)։ Պատանի դաշնակահարները կարծես դարձել էին փոքրիկ վրիժառուներ՝ հնարաւորին չափ մեծ հնչողութիւն տալով գործիքին։
Գալիս էին Լարքի երգիչները։ Ի՞նչ է նշանակում «Ծիածան» երգչախմբի տարբեր տարիքի աշակերտներին բեմ հանել՝ երգելու Կոմիտասի «Սուրբ, սուրբ», «Բարեխօսութեամբ» եւ «Տէր Ողորմեա» բարդագոյն գործերը (ղեկավարներ՝ Ա. Եղնազար, Ջ. Միրզոյեան)։ Այս երեւոյթը միայն երգի ուսուցման մեջ չի կայանում. այստեղ կային՝ բառերի բացատրութիւնը, ժամանակի շնչի զգացողութիւնը, Կոմիտասի կերպարի ստեղծումը եւ նրա ներկայացումը, որ յաջողութեամբ էին իրականացրել ուսուցիչները։ Խմբավարուհի Ալենուշի հայ հոգեւոր երաժշտութեան գիտակ լինելը իր մեծ դերն էր ունեցել այս ներկայացման մէջ, եւ մեր փոքրիկ հրեշտակների կատարումը հայ եկեղեցու խորանն էր փոխադրում ունկնդրին։
Պարոյր Սեւակի «Եռաձայն պատարագ»ի՝ երեկոյի հիմնական առանցք հանդիսացող խմբային ասմունքը իր գագաթին էր հասցնում օրուայ խորհուրդ- պատգամը (ղեկավար՝ Թ. Արզումանեան)։ Արհեստավարժ ձեւով նրանք կարողանում էին վերարտադրել իրենց ուսուցչուհու թելադրանքները, եւ մեզ էր ներկայանում կենդանի մի պատկեր, ուր տեսնում էիք հանճարեղ գրողի մտքի սլացքը, նրա անմահ կերպարը։ Ուզում ենք յիշատակել այն 8 պատանիների անունները, որոնք անթերի ասմունքով երեւան բերին եղեռնազարկ հայի գողգոթան՝ ապրելու հոյս տալով նրա ժառանգներին. Քլոյի Էղօ, Լիոնա Թորոսեան, Էմմանուէլ Գազազ, Ալիք Արթինեան, Անի Յովսէփեան, Արմէն Պարոյրեան, Մալվինա Կարապետեան, Նուարդ Նազարեան։
Պարախմբի աղջիկներին Կոմիտասի երաժշտութեամբ պարել տալը պահանջում է յատուկ պատրաստուածութիւն (պարուսոյց՝ Լ. Խաչատրեան)։ Համահունչ տարազներով (հեղինակ՝ Ն. Վարդանեան), պարուհիները ներկայացրին պար՝ Խ. Աւետիսեանի երաժշտութեամբ եւ պարեր՝ Կոմիտասի «Դլէ Եաման» եւ «Ծիրանի ծառ» երգերի երաժշտութեամբ։ Լարքի պարմանուհիները պարային մշակուած շարժուձեւերով եւ դէմքի հմայիչ արտայայտութիւններով կարողանում էին ներկայացնել երաժշտութեան եւ պարի ոգին։ Յատկանշական էր «Ծիրանի ծառ»-ի պարային բեմականացումը։
Ու դարձեալ բեմի վրայ է Թագուհի Արզումանեանը՝ իր հայրենասէր եւ հայրենակարօտ կոչով, որ ունկնդրին մէկ անգամ եւս յիշեցնում է մեր ինքնութիւնը, հաւատացնելով նրան իր երթի անխափան շարունակելիութեանը։
Փակման խօսքն ընդմիջուեց Ռազմիկ Բաղդասարեանի «Կանչէ, կռունկ» երգի ոգեւորող, անակնկալ կատարումով, եւ օրուայ հանդիսավարուհին եզրափակեց երեկոն։
Հանդիսատեսը չէր դադարեցնում յոտնկայս ծափահարութիւնները, դեռ չէր հագեցրել իր ծարաւը մշակութային բարձրարուեստ այս ներկայացումից. հիացած էր։