Անկախութիւնը, անկախ պետութիւն ունենալը որեւէ ժողովուրդի ինքնարտայայտման բարձրագոյն ձեւն է եւ շատ յաճախ կը տրուի բազմաթիւ փորձութիւններու եւ տառապանքներու գնով, յայտնեց Հայաստանի վարչապետը Անկախութեան օրուան առթիւ շնորհաւորական ուղերձին մէջ:
32 տարի առաջ՝ 1991 թուականի Սեպտեմբեր 21-ի հանրաքուէով Հայաստանի Հանրապետութեան ժողովուրդը «այո» ըսաւ Անկախութեան: «Բայց ինչպէս հետագայում պարզուեց, սա Անկախութեան ճանապարհի ամենահեշտ մասն էր: Հայաստանի Հանրապետութեան ժողովուրդը հետագայում ստիպուած եղաւ առերեսուել տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի, պատերազմների եւ աղքատութեան հետ: Այս յորձանուտում եւ փորձութիւններով անցնելիս է, որ հասկացանք, որ անկախութիւն հռչակելը մի խնդիր է, այն նուաճելն ու ամրապնդելը՝ բոլորովին այլ», ըսաւ Նիկոլ Փաշինեան:
«Վերջին տարիներին մեր կրած տառապանքներն ու փորձութիւնները Հայաստանի Հանրապետութեան անկախութեան ու ինքնիշխանութեան համար մղուող պայքարի անբաժանելի մաս են: Վերջին շրջանում յաճախ եմ քննադատւում այն բանի համար, որ արտաքին եւ տարածաշրջանային քաղաքականութիւն վարելիս հենւում եմ 1991 թուականի դեկտեմբերի Ալմա-աթայի հռչակագրի եւ դրա հետ փոխկապակցուած փաստաթղթերի վրայ, որ ստորագրուել են նաեւ Հայաստանի Հանրապետութեան կողմից:
«Շատերն ուղղակի եւ անուղղակի կոչ են անում հրաժարուել այդ փաստաթղթի վրայ հիմնուած քաղաքականութիւնից: Խնդիրն այն է, որ Ալմա-աթայի հռչակագիրը եւ նրա հետ փոխկապակցուած փաստաթղթերը Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հիմնարար գործօններից են, որով արձանագրւում է նախկին ԽՍՀՄ հանրապետութիւններից 12-ի, այդ թւում՝ Հայաստանի Հանրապետութեան Խորհրդային Միութիւնից անկախացման քաղաքական եւ իրաւական հիմքը, ինչպէս նաեւ այդ անկախացման հիմնարար սկզբունքները:
«Եւ հետեւաբար, այդ փաստաթղթի վրայ յենուած քաղաքականութիւնից հրաժարուելու մասին կոչերը Հայաստանի անկախութիւնից, ինքնիշխանութիւնից, տարածքային ամբողջականութիւնից հրաժարուելու կոչեր են, սրանից բխող բոլոր հետեւանքներով», ընդգծեց Փաշինեան:
«Այսօր մենք ապրում ենք դժուար ժամանակներ, կրում ֆիզիքական եւ հոգեբանական անասելի տառապանքներ: Բայց կարեւոր է հասկանալ, թէ ինչո՞ւ պիտի անցնենք փորձութիւնների այս ճանապարհը: Ասել, թէ յանուն Անկախութեան՝ նշանակում է ասել ճշմարտութեան թէկուզ մեծ, բայց ոչ ամենակարեւոր մասը: Որովհետեւ, անկախութիւնը որքան էլ բարձրագոյն նպատակ է, իրականում միջոց է ավելի վեհ մի նպատակի իրագործման: Խօսքն ապագայի մեր սերունդների երջանկութեան մասին է:
«Մենք պիտի նրանց ժառանգենք մի Հայաստան, որտեղ մարդն ազատօրէն կարող է ինքնարտայայտուել, ազատ եւ ստեղծագործ աշխատանքի միջոցով կառուցել սեփական երջանկութիւնը», ըսաւ վարչապետը՝ յաւելելով.
«Այսօր էլ Հայաստանում հաստատուած են սրան նպաստող բազմաթիւ պայմաններ. ժողովրդավարութիւնը, տնտեսական եւ որեւէ օրինական գործունէութեան ազատութիւնը, օրէնքի առաջ բոլորի հաւասարութիւնը, հակափտածութեան սկզբունքային քաղաքականութիւնը, տնտեսական աշխուժութիւնը դրա համար անհրաժեշտ, բայց ոչ բաւարար պայմաններ են»:
Այդ պայմաններու ամբողջականացման համար, շեշտեց Փաշինեան, «անհրաժեշտ է խաղաղութիւն, այսինքն՝ հակամարտութիւններից զերծ միջավայր»: «Խաղաղութիւնը մի գործօն է, որն ապահովում եւ երաշխաւորում է անվտանգութիւնը, ինչպէս նաեւ անկախութիւնն ու ինքնիշխանութիւնը», ըսաւ ան:
«Շատերը կարծում են, որ տարածաշրջանային այս լարուած միջավայրում, ժամանակ առ ժամանակ բռնկուող ռազմական բախումների պայմաններում խաղաղութեան մասին խօսելը համարժէք չէ: Բայց առաւել եւս այս պայմաններում խաղաղութիւնը պէտք է արժեւորուի, եւ խաղաղութիւնն ամենեւին չպէտք է շփոթենք զինադադարի կամ հրադադարի հետ: Խաղաղութիւնը մի միջավայր է, որը զերծ է հակամարտություններից, միջպետական, ազգամիջեան հակամարտութիւններից:
«Այս ճանապարհը հեշտ չէ, այն անցնում է արտաքին եւ ներքին ցնցումների միջով, եւ մենք պէտք է անցնենք այդ ճանապարհը՝ յանուն անկախութեան, յանուն պետականութեան, յանուն ապագայի», յայտնեց Հայաստանի վարչապետը:
«2021 թուականի ամրանը ձեր քվեով Հայաստանի Հանրապետութեան վարչապետ ընտրուեցի «Ապագայ կա՛յ» կարգախօսով: Հայաստանի Հանրապետութեան խաղաղ, ժողովրդավար, բարեկեցիկ, ստեղծարար եւ երջանիկ ապագան այն նպատակն է, յանուն որի կրում ենք այս փորձութիւնները, յանուն որի քայլում ենք այս ճանապարհով», ըսաւ Նիկոլ Փաշինեան: