Համաշխարհային դրամատունը 2023 թուականի համար Հայաստանի մէջ կը կանխատեսէ 4,4 տոկոս տնտեսական աճ` իր նախորդ կանխատեսման ցուցանիշը բարձրացնելով 0,3 տոկոսով:
Այս մասին կը հաղորդուի Համաշխարհային դրամատան «Համաշխարհային Տնտեսական Հեռանկարներ»ու յունիսեան զեկոյցին մէջ:
Համաշխարհային դրամատունը Հայաստանի մէջ տնտեսական աճը 2024-ի համար կը գնահատէ 4,8 տոկոս, իսկ 2025-ին` 5 տոկոս:
Ինչ կը վերաբերի տարածաշրջանի երկիրներուն, ապա դրամատունը նախորդ կանխատեսման համաձայն 0,6 տոկոսով նուազեցուցած է Ատրպէյճանի համար կանխատեսումը` տնտեսական աճը 2023-ի համար գնահատելով ընդամէնը 2,2 տոկոս: Համաշխարհային դրամատունը 2024-ին Ատրպէյճանի մէջ կը կանխատեսէ 2.5, իսկ 2025-ին` 2,6 տոկոս տնտեսական աճ:
Այս տարի Վրաստանի համար դրամատունը կը կանխատեսէ նոյն տնտեսական աճը, ինչ Հայաստանի պարագային` 4,4 տոկոս, իսկ 2024-ին եւ 2025-ին` 5-ական տոկոս:
Իսկ Թուրքիոյ մէջ 2023-ի համար Համաշխարհային դրամատունը տնտեսական աճը կը կանխատեսէ 3,2 տոկոս, 2024-ին` 4,3 տոկոս, 2025-ին` 4,1 տոկոս:
Համաշխարհային դրամատան «Համաշխարհային Տնտեսական Հեռանկարներ»ու յունիսեան զեկոյցը կը կանխատեսէ, որ 2023-ին Եւրոպա եւ Կեդրոնական Ասիա տարածաշրջանին մէջ տնտեսական աճը պիտի կազմէ 1,4 տոկոս: