Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ «Զարմանալի Է․ Մարդիկ Այնքան Են Ոգեւորուել, Որ Կարծում Են, Թէ Նա Եկել Էր Բանակցելու Կամ Զէնք Տալու»․ Համբիկ Սարաֆեան

«Զարմանալի Է․ Մարդիկ Այնքան Են Ոգեւորուել, Որ Կարծում Են, Թէ Նա Եկել Էր Բանակցելու Կամ Զէնք Տալու»․ Համբիկ Սարաֆեան

by MassisPost

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍԵԱՆ

«Որեւէ ժամանակահատուածում Ատրպէյճանի գործողութիւնները որեւէ տրամաբանութեան մէջ դնելու կարիք չկայ, քանի որ նա յստակ ծրագիր ունի` ելք գտնել, միջանցք ունենալ դէպի Նախիջեւան: Յստակ է, որ նրանք դրանից չեն հրաժարւում, եթէ չլինի միջազգային միջամտութիւն այդ հարցի առիթով», Aravot.am-ի հետ զրոյցում անդրադառնալով Ատրպէյճանի կողմից Սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրայ ձեռնարկած յարձակմանը` ասաց ՍԴՀԿ Կեդրոնական Վարչութեան ատենապետ Համբիկ Սարաֆեանը:

«Պատահական չէ, որ Ատրպէյճանն առաջ է քաշում հետեւեալ թեզը` եթէ ինքը Բերձորով դէպի Արցախ միջանցք է տրամադրել, ապա Հայաստանն էլ իրեն պէտք է միջանցք տրամադրի դէպի Նախիջեւան: Սակայն հաւասարութեան նշան դնելն այստեղ բացարձակ ճիշդ չէ, եւ Ատրպէյճանն էլ է դա հասկանում: Մեր խնդիրն է դա բարձրաձայնել` հասկանալով, որ Ատրպէյճանն այդ գաղափարից երբեք չի հրաժարուի եւ ամէն ինչ կ’անի դրան հասնելու համար` զուգահեռ փորձելով ստուգել մեր դիմադրողականութեան աստիճանը», յաւելեց Համբիկ Սարաֆեանը:

Թէ որ գործօնները յանգեցրին այսօրուայ իրավիճակին, նա ասաց․ «Յետպատերազմեան ժամանակահատուածը եւ այն հանգամանքը, որ Ատրպէյճանը շատ լաւ գիտակցում է` մենք որպէս երկիր այսօր բաւարար ռեսուրս չունենք լայնածաւալ պատերազմ վարելու: Ինչ-որ չափով այսօրուայ պայմանները նպաստաւոր են Ատրպէյճանի ծրագրերի յառաջխաղացման համար, առաւել եւս, որ նրանք ակնկալում էին ճնշումների ներքոյ միջանցքի հարցով քայլեր անելու: Երբ հասկացան, որ իշխանութիւնը նման նպատակ չունի եւ քանիցս հրապարակային ասել է այդ մասին, դիմեցին բիրտ ուժի»:

Անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի խօսնակ Նենսի Փելոսիի այցին ՀՀ` Համբիկ Սարաֆեանը շեշտեց, որ այդքան ոգեւորուել պէտք չէ․ «Այցը յստակ ուղերձ է, պատգամ մեզ: Որոշ չափով այն նպատակ ունէր ոգեւորելու եւ ասելու, որ մենք մենակ չենք, որ ԱՄՆ-ի պէս երկիրը մեզ աջակցում է: Բայց գործնականում մենք իրաւունք չունենք չափից աւելի ոգեւորուելու այդ այցից: Զարմանալի է ուղղակի: Մարդիկ այնքան են ոգեւորուել, որ կարծում են, թէ նա եկել էր բանակցելու եւ բոլոր խնդիրների վերաբերեալ հնարաւոր ուղղութիւններ տալու, կամ զէնք տալու: Բացարձակապէս այդպէս չէ, բայց յստակ է, որ ԱՄՆ-ն իր այս քայլով, ինչպէս նաեւ այլ երկրները, յստակ բեկում են մտցնում մօտեցումներում: Այդ բեկումն այսօր ինչ-որ չափով ի նպաստ մեզ է, պէտք է օգտուել: Բայց աւելորդ յոյսեր կապելու եւ քաղաքականութիւնը փոխելու ակնթարթային որոշումները խելամիտ չեն լինի: Մանաւանդ ՌԴ-ի տեսանկիւնից: Յստակ է, որ ՌԴ-ն լաւ չի ընդունի սա: Յստակ է, որ ՌԴ-ն է կանգնած Արցախում եւ մեր սահմաններին: Առանց այլընտրանք ու այլ երաշխիքներ ունենալու հակադրուելը շատ խելամիտ, կշռադատուած որոշումներ է ենթադրում»:

Ինչ վերաբերում է Սեպտեմբերի տասներեքի յարձակման վերաբերեալ Լեմքինի անուան Ցեղասպանութեան կանխարգելման ինստիտուտի հրապարակմանը, որով Թուրքիայի եւ Ատրպէյճանի ցեղասպան քաղաքականութեան պայմաններում Արեւմուտքի հովանու ներքոյ Արցախի վերաբերեալ ՀՀ-Ատրպէյճան բանակցութիւնները որակւում են որպէս վտանգաւոր, Սարաֆեանից հետաքրքրուեցինք` ձեր վերլուծութեամբ, Ցեղասպանութեան շարունակականութիւնը որպէս սպառնալիք այսօր որքանո՞վ  է առկայ: Մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ինստիտուտի գնահատականը ողջունելի է, բայց դա ընդունել որպէս միջազգային կառոյցի, որը կարող է ազդել միջազգային ատեանների վրայ, ճիշդ չէ: Ցեղասպանութեան հարցի վերաբերեալ չեմ կարծում, որ այսօր նման վտանգ առկայ է: Այսօր շատ աւելի կարեւորւում է ինքնիշխանութիւնն ու սահմանների անձեռնմխելիութեան փաստը: Պատահական չէ, որ ԱՄՆ ներկայացուցիչներն այդ հարցին անդրադառնում են: Միջազգային ընտանիքն այսօր աւելի զգայուն է որեւէ երկրի սահմանների անձեռնմխելիութեան հանդէպ, եւ այդ շրջանակի մէջ է մտնում նաեւ ՀՀ-ի վերաբերեալ նրանց վերաբերմունքը: Այսինքն, յստակ ասում են, որ Ատրպէյճանն նախայարձակ է: Դա ցոյց է տալիս, որ միջազգային ընտանիքը թոյլ չի տալու անարգել մտնել այլ երկրի սոււերեն տարածք ու վարուել ինչպէս ուզում է»:

Նկատառմանն ի պատասխան, որ դեռեւս 44-օրեայ պատերազմի ժամանակ են եղել Ցեղասպանութեան տարրեր, յայտարարութիւններ այդ մասին, Համբիկ Սարաֆեանը նշեց․ «Այո, ցեղասպանութեան այլ մեթոտներ է ընտրել Ատրպէյճանը: Եթէ Ցեղասպանութիւն ուզում էր անել, կը մտնէր մինչեւ Ստեփանակերտ: Բայց հասկանում էին, որ այդ քայլը երբեք իրեն չէր ներուի միջազգային հանրութեան կողմից: Դրա համար հիմա ուրիշ միջոցներ են ընտրել` հայաթափում, սպիտակ ցեղասպանութիւն: Բայց ասել, որ ֆիզիքապէս ցեղասպանութիւն կ’իրականացնեն, եւ դա նրանց կը ներուի, այդպէս չէ»:

Հարակից Նյութեր

Leave a Comment