ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան յայտարարեց, որ այն պնդումները, թէ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի ամբողջ պատմութեան ընթացքին առաջնորդուած են «Արցախը երբեք պիտի չըլլայ Ատրպէյճանի կազմին մէջ» սկզբունքով ու ռազմավարութեամբ, կատարեալ սուտ են:
«Այդ պնդումները կատարեալ սուտ են, որովհետեւ բանակցային գործընթացի ողջ պատմութեան ընթացքում թէ Ռոպերթ Քոչարեանը եւ թէ Սերժ Սարգսեանը եւ այդպիսով նաեւ նրանց քաղաքական արբանեակ Դաշնակցութիւնը Արցախը ճանաչել են որպէս Ատրպէյճանի մաս եւ կամ չեն առաջնորդուել «Արցախը երբեք չի լինելու Ատրպէյճանի կազմում» սկզբունքով», Ազգային Ժողովին մէջ ելոյթ ունենալով յայտնեց վարչապետը:
Վարչապետը իր յայտարարութիւնը հիմնաւորող փաստեր եւ ապացոյցներ ներկայացուց:
«1998 թուականի Նոյեմբերի 25-ին Հայաստանի այն ժամանակուայ իշխանութիւնը Ռոպերթ Քոչարեանի գլխաւորութեամբ համաձայնուել է որպէս բանակցութիւնների հիմք ընդունել ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների կողմից ներկայացուած, այսպէս կոչուած, ընդհանուր պետութեան առաջարկը, որում ասւում է, մէջբերում եմ. «Լեռնային Ղարաբաղը հանրապետական ձեւի պետական եւ տարածքային կազմաւորում է եւ Ատրպէյճանի հետ միասին կազմաւորում է ընդհանուր պետութիւն նրա միջազգայնօրէն ճանաչուած սահմաններում»: Երկրորդ մէջբերումն ընդհանուր պետութիւն փաթեթից. «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները որպէս անձը հաստատող վկայական կ’ունենան Ատրպէյճանի անձնագիր «Լեռնային Ղարաբաղ» յատուկ նշումով: Այս մասին, բնականաբար, իմացել են ե՛ւ Ռոպերթ Քոչարեանը, ե՛ւ Սերժ Սարգսեանը, ե՛ւ Դաշնակցութիւնը: Տարօրինակ է, թէ ինչու համանախագահութեան այս առաջարկին նրանք չեն արձագանգել, թէ Արցախը երբեք չի լինելու Ատրպէյճանի կազմում: Ընդհակառակը` վերը նշուած տարբերակը հիմք ընդունելով, նրանք ոչ միայն չեն բացառել, որ Արցախը կարող է լինել Ատրպէյճանի կազմում, այլեւ համաձայնել են բանակցային փաթեթի առանցքային տրամաբանութեանը, որ Արցախը պէտք է լինի Ատրպէյճանի կազմում, Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան շրջանակում: Աւելին, նրանք այս քայլով արհամարհել են 1991 թուականի Սեպտեմբերի 2-ին Արցախի ընդունած անկախութեան հռչակագիրը եւ 1991 թուականի Դեկտեմբերի 10-ի անկախութեան հանրաքուեն եւ նրա արդիւնքները», ընդգծեց Փաշինեանը:
Վարչապետը յիշեցուց, որ ընդհանուր պետութիւն բանակցային փաթեթին յաջորդած է, այսպէս կոչուած, տարածքներու փոխանակման փաթեթը:
«Ուզում եմ ընդգծել, որ այդ բանակցային փաթեթով Հայաստանի այն ժամանակուայ կառավարիչները Արցախը ճանաչել են որպէս Ատրպէյճանի մաս: Ինչո՞ւ, որովհետեւ նշուած փաթեթի իմաստն այն է, որ Հայաստանն Ատրպէյճանին է յանձնում Մեղրիի շրջանը եւ փոխարէնը ստանում Լեռնային Ղարաբաղը: Այսինքն` եթէ Հայաստանը պէտք է իր ինքնիշխան տարածքի մի մասը յանձնէր Ատրպէյճանին Ղարաբաղը ստանալու համար, նշանակում է Ղարաբաղը ճանաչում է որպէս Ատրպէյճանի տարածք: Այստեղ լրացուցիչ մեկնաբանութիւնների կարիք, կարծում եմ, չկայ: Մանաւանդ, որ խնդրոյ առարկայ նախագծում հէնց ուղիղ էլ գրուած է, որ Հայաստանը տալու է Մեղրիի, Ատրպէյճանը` Լաչինի շրջանը, Շուշին եւ Լեռնային Ղարաբաղը: Ուշադրութիւն դարձրէք, Ատրպէյճանն է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին տուողը, նշանակում է, որ Քոչարեանն ընդունել է, թէ Ղարաբաղը Ատրպէյճանինն է Շուշիի եւ Լաչինի հետ, ինչպէս Մեղրին է Հայաստանինը, որն իր հերթին տալիս է Ատրպէյճանին Լեռնային Ղարաբաղը ստանալու համար
Այսինքն` բանակցային վերը նշուած հանրայայտ հասկացութիւնների քննարկմամբ, մենք տեսնում ենք, որ Ռոպերթ Քոչարեան, Սերժ Սարգսեան եւ Դաշնակցութիւն եռեակը իր իշխանավարութեան տարիներին մի դէպքում ընդունել է, որ Արցախը կարող է լինել Ատրպէյճանի կազմում, իսկ երկրորդ պարագայում ընդունել է, որ Արցախը Ատրպէյճանի կազմում է», շեշտեց վարչապետը:
Երկրի ղեկավարին խօսքով` այս իրողութիւնները աւելի ամրապնդուած են Մատրիտեան սկզբունքներու քննարկման ժամանակաշրջանին:
«Այդ սկզբունքները յիշեցնեմ, որ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութեան կողմից պաշտօնապէս Հայաստանին եւ Ատրպէյճանին են ներկայացուել 2007 թուականին Մատրիտում եւ հայկական կողմը համաձայնել է դրանք ընդունել որպէս բանակցութիւնների հիմք: Երբ դա տեղի ունեցաւ, Ռոպերթ Քոչարեանը երկիրն էր ղեկավարում, Սերժ Սարգսեանը վարչապետ էր, Դաշնակցութիւնն էլ կառավարութեան մաս էր եւ իշխող թիմի անդամ էր ու յենարան: Նկատի ունեմ, ինչպէս բանակցային ողջ նախորդ ընթացքում, այնպէս էլ Մատրիտեան սկզբունքների ընդունման ժամանակ նրանք համատեղ պատասխանատուութիւն էին կրում: Եւ ահա արձանագրենք, որ Մատրիտեան սկզբունքները որպէս բանակցութիւնների հիմք ընդունելով` Հայաստանի այն ժամանակուայ ղեկավարները Ղարաբաղն ընդունել են որպէս Ատրպէյճանի մաս եւ բացառել են Ղարաբաղի` Ատրպէյճանի կազմից դուրս լինելու որեւէ գործնական հնարաւորութիւն: Ինչպէս է հիմնաւորւում իմ ասածը: Ինչպէս յայտնի է, Մատրիտեան սկզբունքներով սահմանւում էր, որ Լեռնային Ղարաբաղի ապագայ կարգավիճակը պէտք է որոշուի կողմերի, այսինքն` Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ համաձայնեցուած ժամկէտներում տեղի ունենալիք հանրաքուէի միջոցով: Առաջին հարցը, որ ծագում է, հետեւեալն է. այդ դէպքում ո՞ւր մնաց 1991 թուականի Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած անկախութեան հանրաքուէն: Եթէ դու ասում ես, որ Արցախի կարգավիճակը պէտք է որոշուի ապագայում տեղի ունենալիք հանրաքուէով, փաստօրէն յայտարարում ես, որ անցեալում` 1991 թուականի Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքուեն կարգավիճակի առումով որոշիչ չի եղել: Եթէ որոշիչ չի եղել, ինչո՞ւ ես ասում, թէ կարգավիճակը պէտք է որոշուի ապագայում տեղի ունենալիք հանրաքուէով, իսկ եթէ ասում ես, թէ նախկինում տեղի ունեցած հանրաքուէն Արցախի կարգավիճակի հարցով որոշիչ չի եղել, փլուզում ես Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերեալ հայկական ամբողջ խօսոյթն ու բանաձեւը, որովհետեւ հայկական կողմի ամբողջ ասելիքը եղել է այն, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ատրպէյճանի կազմում եւ միանգամայն օրինական եղանակով, այն է` հանրաքուէով դուրս է եկել Խորհրդային Ատրպէյճանի կազմից: Սա եղել է հայկական խօսոյթը 1991 թուականից ի վեր, եւ ահա 2000-ականների կէսին Մատրիտեան սկզբունքները եւ ձեւակերպումները ընդունելով` Ռոպերթ Քոչարեան-Սերժ Սարգսեան-Դաշնակցութիւն եռեակը, փաստօրէն, Լեռնային Ղարաբաղը վերադարձրել են Ղարաբաղի կազմ, որովհետեւ ասել, որ 1991 թուականի Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքուէն Արցախի կարգավիճակը չի որոշել, այսինքն` Լեռնային Ղարաբաղը այդ հանրաքուէով անկախութիւն չի ստացել, կարգավիճակ չի ստացել, եւ այդ կարգավիճակը որոշուելու է ապագայում տեղի ունենալիք հանրաքուէով: Աւելին` Մատրիտեան սկզբունքներով բացառուել է Լեռնային Ղարաբաղի չլինելը Ատրպէյճանի կազմում: Ինչո՞ւ, որովհետեւ այդ սկզբունքներով Ատրպէյճանը վեթոյի իրաւունք է ստացել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում, այսինքն` ունէր հնարաւորութիւն իր համար ոչ ցանկալի որեւէ կարգավիճակի ամրագրում թոյլ չտալու համար», եզրափակեց Փաշինեանը: