Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Հայաստան Կը Վերահաստատէ Իր Յանձնառութիւնը` Ապահովելու Արցախի Ժողովուրդին` Իր Հայրենիքին Մէջ Ազատ, Անվտանգ Եւ Արժանապատիւ Կեանքի Իրաւունքը. ԱԳՆ

Հայաստան Կը Վերահաստատէ Իր Յանձնառութիւնը` Ապահովելու Արցախի Ժողովուրդին` Իր Հայրենիքին Մէջ Ազատ, Անվտանգ Եւ Արժանապատիւ Կեանքի Իրաւունքը. ԱԳՆ

by MassisPost

ՀՀ Արտաքին Գործերու Նախարարութիւնը յայտարարութիւն տարածած է Մարաղայի մէջ հայերու կոտորածի 30-րդ տարելիցին առիթով:

«30 տարի առաջ` 1992 թ․ Ապրիլի 10-ին, Ատրպէյճանի զինուած ուժերի կողմից իրականացուեց Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա աւանում խաղաղ բնակչութեան` իր դաժանութեամբ աննախադէպ կոտորածը, որի հետեւանքով շուրջ 5000 բնակչութիւն ունեցող հայկական բնակավայրն ամբողջութեամբ հայաթափուեց:

Մարաղայում իրականացուած պատերազմական յանցագործութիւնները փաստագրուած են մարդու իրաւունքներով զբաղուող միջազգային կազմակերպութիւնների, ներառեալ` Human Rights Watch եւ Amnesty International իրաւապաշտպան կազմակերպութիւնների զեկոյցներում, որոնք վկայում են, որ հայերի դէմ իրագործուած ոճրագործութիւնների հետեւանքով 50 հոգի դաժանաբար սպաննուել է, այդ թւում` 30 կին, իսկ 29 կին եւ 9 երեխայ պատանդ են վերցուել, որոնցից 19 հոգու ճակատագիրն առայսօր անյայտ է մնում:

Մարաղայի կոտորածը, որը դարձաւ Սումկայիթում, Կիրովապատում եւ Պաքւում կազմակերպուած հայերի ջարդերի շարունակութիւնը, Ատրպէյճանի իշխանութիւնների կողմից հայերի նկատմամբ ատելութեան եւ ցեղային զտումների քաղաքականութեան հերթական դրսեւորումն էր:

Ատրպէյճանի հայաշատ քաղաքներում եւ Լեռնային Ղարաբաղում հայերի կոտորածների կազմակերպիչների եւ իրականացնողների անպատժելիութիւնը, նրանց հերոսացումը եւ տարիներ ի վեր վարուող հայատեացութեան քաղաքականութիւնը հիմք դարձան նոր զանգուածային ոճրագործութիւնների իրագործման:

Ներկայումս ատրպէյճանական զինուած ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում հայ քաղաքացիական բնակչութեան շարունակական թիրախաւորումն ու մարդասիրական ճգնաժամ ստեղծելուն ուղղուած գործողութիւնները, ինչպէս նաեւ ս․թ․ Մարտի 24-ից ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատուութեան գօտի ներխուժումը, որի հետեւանքով աւելի քան 400 անձ ստիպուած տեղահանուեց, վկայում են պաշտօնական Պաքուի իրական նպատակի մասին` ամբողջական ցեղային զտումների ենթարկել Արցախը:

Այսօր մենք յարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի կոտորածների զոհերի յիշատակին: Հայաստանի Հանրապետութիւնը վերահաստատում է իր յանձնառութիւնը` ապահովելու Արցախի ժողովրդի` իր հայրենիքում ազատ, անվտանգ եւ արժանապատիւ կեանքի իրաւունքը, եւ ընդգծում միջազգային հանրութեան ջանքերի հրատապութիւնը` կանխելու Լեռնային Ղարաբաղի հայութեան գոյութենական անվտանգութեան համար սպառնալիքները», նշուած է յայտարարութեան մէջ:

Հարակից Նյութեր

Leave a Comment