Անցեալ կառավարութեան նիստին, Նիկոլ Փաշինեան յայտարարեց, որ Պրիւքսէլի մէջ Ատրպէյճանի հետ պայմանաւորուածութիւն ձեռք բերուած է առաջիկային վերագործարկելու Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղագիծը։ Ան նշեց, որ երկաթուղագիծը պիտի գործէ սահմանային եւ մաքսային միջազգային կանոններու համաձայն՝ փոխադարձութեան սկզբունքով եւ երկիրներու ինքնիշխանութեան ներքոյ:
Իր հերթին փոխվարչապետ Մհեր Գրիգորեան յստակացուցած է, որ Մեղրիի հատուածին 45 քիլոմեթրնոց երկաթուղագծի կառուցումը կ’արժէ մօտ 200 միլիոն տոլար, շինարարութիւնը կը տեւէ շուրջ երեք տարի, սակայն չէ ճշգրտած, թէ երբ պիտի սկսի շինարարութիւնը:
Հորադիզէն դէպի Հայաստան երկարող մօտ հարիւր քիլոմեթրնոց երկաթուղագծի կառուցման աշխատանքները Ատրպէյճանի մէջ սկսած են այս տարուայ Փետրուարին եւ աշխատանքներու աւարտը նշած են 2023-ի առաջին եռամսեակը։
Այս թեմայի շուրջ «Առաջին լրատուական»-ի հետ զրոյցի ժամանակ ՀԺԿ քարտուղար, ԱԺ նախկին պատգամաւոր, մեղրեցի՝ Գրիգոր Յարութիւնեան նշեց, որ Մեղրիով անցնող երկաթուղագիծը գոյութիւն չունի, նախկին իշխանութիւնները զայն քանդած են, ծախած են, տարած են իրենց գործարաններու համար օգտագործած են եւ իրենց գործերուն ծառայեցուցած են. «Այն ժամանակ յստակ մեղրեցիք տարակուսում էին, թէ ինչի՞ են քանդում: Այդ երկաթուղին կարող էր առնուազն Մեղրիից Կապան աշխատել, բեռներ տեղափոխել: Անհասկանալի էր, որ քանդում են: Ընդհանրապէս, կառուցած բանը չեն քանդում: Տխուր է, բայց սա է վիճակը: Հիմա թող ցոյց տան, թէ դրա փողերն ուր է գնացել: Իրաւապահ մարմինները սրանով պէտք է զբաղուեն: Երբ մի համայնքապետ 5-10 միլիոն դրամի չարաշահում է անում, իրաւապահները հետաքրքրւում են եւ ճիշդն են անում, բայց էստեղ լուրջ միլիոնաւոր տոլարների խնդիր է: Այդ փողն ուր է գնացել, մետաղը ոնց են էժան գնով վաճառել Իրանին: Միայն երկաթգիծը չի, մենք շարժակազմեր ենք ունեցել, որոնց անիւները նոյնպէս նոյն մետաղից են: Վակոնների անիւները շատ թանկարժէք մետաղից են: Ո՞ւմ են վաճառել, ոնց են վաճառել, ինչ գնով են վաճառել: Մի ժամանակ մետաղի թոնը 10-20 տոլարով վաճառում էին Պարսկաստանին: Յետոյ նոյն Պարսկաստանից 700 տոլարով մետաղի էինք վերցնում վարձակալութեամբ: Թող գոնէ այդ երկաթգիծերը տանէին խրամատներում թաքստոցներ կառուցէին, երկաթները դնէին, վրայից էլ հող լցնէին, որ անօդաչուները մեր երեխեքին այսպէս չոչնացնէին: Բա էդքան զոհ ենք տուել որովհետեւ պաստպարուելու տեղ չեն ունեցել: Իսկ այդ սրիկաներն իրենց գրպանի համար այդպիսի բաներ են արել: Դուք պատկերացնո՞ւմ էք, թէ ինչքան երկաթգծի մասին է խօսքը: Թող ասեն, թէ մի երկաթուղի գինն ինչքան է»,-ըսաւ Գրիգոր Յարութիւնեան:
Անդրադառնալով կառուցուող երկաթուղագծին՝ ան ըսաւ. «Ատրպէյճանի տարածքով անցնող հատուածը նաեւ այլ խնդիր ունի: Երբ Իրանը կառուցել է Խոդա Աֆարինի ջրամբարը, փաստօրէն հիմա կառուցուող երկաթուղին պէտք է շրջանցի այդ ջրամբարը: Ըստ Ելեւմուտի նախարարի շուրջ 1 միլիառ տոլար միայն դա կը նստի, եւ երկաթուղու ատրպէյճանական հատուածը վերականգնելու համար 4 տարի կը պահանջուի: Հայկական հատուածը մենք ենք կառուցելու»,- ըսաւ ան:
Անդրադառնալով վարչապետի յայտարարութեան, թէ երկաթուղագիծը բեկում կրնայ մտցնել տնտեսական կեանքին, Գրիգոր Յարութիւնեան ըսաւ. «Եթէ երկաթուղին գործի, նշանակում է՝ մենք Երեւանից դէպի Պարսից ծոց կապ ենք ստանում, շրջափակումից դուրս ենք գալիս: Այսօր երկաթուղին համարւում է ամենաէժան փոխադրամիջոցը: Հիմա բանակցութիւններ են տարւում Թուրքիոյ հետ յարաբերութիւնների բարելաւման համար, եւ եթէ Թուրքիա-Հայաստան երկաթուղին էլ բացուի, մենք նաեւ Եւրոպա կարող ենք դուրս գալ: Տասնեակ տարիներ մենք բողոքել ենք, որ շրջափակման մէջ ենք, հիմա հնարաւորութիւն կայ այդ շրջափակումից դուրս գալ, բնականաբար, դա իր ազդեցութիւնը կը բերի տնտեսութեան մէջ: Բայց ես կտրականապէս դէմ եմ, որ Մեղրիով ճանապարհ անցնի, դա չպէտք է թոյլ տալ: Իշխանութիւններն ասել են, որ Մեղրիով ճանապարհի հարց չի քննարկուել եւ չի քննարկուելու: Ես կարծում եմ՝ այդպէս էլ կը լինի»,-ըսաւ Յարութիւնեան: