Home ԳԱՂՈՒԹԱՅԻՆ ՀՀ Գլխաւոր Հիւպատոս, Դեսպան Արմէն Բայբուրդեանի Հանդիպումը Ամն Կոնգրէսական Դեյվիդ Վալադաոյի Հետ

ՀՀ Գլխաւոր Հիւպատոս, Դեսպան Արմէն Բայբուրդեանի Հանդիպումը Ամն Կոնգրէսական Դեյվիդ Վալադաոյի Հետ

by MassisPost

Փետրուարի 26-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոս, դեսպան Արմէն Բայբուրդեանը հեռավար հանդիպում ունեցավ ԱՄՆ կոնգրէսական Դեյվիդ Վալադաոյի հետ, որը ԱՄՆ Հանրապետական կուսակցութեան անդամ է։ Հանդիպմանը մասնակցում էր Ֆրեզնոյում ՀՀ պատուաւոր հիւպատոս Պերճ Աբգարեանը։ ԱՄՆ  Ներկայացուցիչների պալատի անդամ Վալադաոն ներկայացնում է Կալիֆորնիայի Կենտրոնական հովտի կոնգրէսական 21-րդ ընտրաշրջանը՝ հայաշատ Ֆրեզնոյի մի զգալի մասը իր մէջ ներառող։

Գլխաւոր հիւպատոս Բայբուրդեանը կոնգրէսական Վալադաոյին շնորհաւորեց ԱՄՆ   Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի անդամ վերընտրուելու եւ Հայկական հարցերի կոնգրէսական յանձնախմբի համանախագահութիւնը ստանձնելու կապակցութեամբ (Co-Chair of Congressional Caucus on Armenian Issues.)։ Հանդիպման ընթացքում Ա․ Բայբուրդեանը ներկայացրեց Արցախի դէմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետեւանքները Արցախի եւ Հայաստանի համար, ինչպէս նաեւ պատերազմից յետոյ առաջացած մարդասիրական ճգնաժամը։ Դեսպան Բայբուրդեանը յատուկ կարեւորութիւն տուեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ ընդգծելով նրանց հայրենիք շուտափոյթ վերադարձի անհրաժեշտութեան հարցը։

Զրուցակիցները պայմանաւորուեցին հանդիպումներին պարբերական բնոյթ տալու մասին՝ ծրագրելով առաջիկայ հանդիպումը Ֆրեզնոյում անցկացնել եւ երկուստէք հետաքրքրութեան հարցերը քննարկել։

Հանդիպման ժամանակ կոնգրէսական Դեյվիդ Վալադաոն ջերմութեամբ արտայայտուեց ամերիկահայ համայնքի մասին եւ կարեւորեց համայնքի դերակատարութիւնը եւ ուրոյն ներդրումը ԱՄՆ խոշորագոյն նահանգի կեանքի բոլոր բնագաւառներում։

Դեսպան Բայբուրդեանը շեշտեց, որ Կալիֆորնիայի հայահոծ համայնքի ակունքները գտնւում են հէնց Կենտրոնական հովտի շրջանում՝ Ֆրեզնոյում, ուր հայկական համայնքը սկսել է ձեւաւորվել դեռեւս 19-րդ դարի վերջին տասնամեակներին։ Բայբուրդեանը նաեւ գոհունակութիւն յայտնեց Հայկական հարցերի կոնգրէսական յանձնախմբի ԱՄՆ պետքարտուղարին եւ պաշտպանութեան քարտուղարին ուղղուած փետրուարի 19-ով թուագրուած նամակի համար՝ կոչով ամրապնդել ԱՄՆ-Հայաստան երկկողմ յարաբերութիւնները։ Դեսպան Բայբուրդեանը նաեւ իր գնահատանքի խօսքն ասաց առ այն, որ կոնգրէսական Վալադաոն Արցախ էր այցելել 2017 թուականի սեպտեմբերին։

Հարակից Նյութեր

Leave a Comment