Home ՀԱՅԱՍՏԱՆ Առաջին Եւ Երկրորդ Երեխայի Ծննդեան Միանուագ Նպաստը Պիտի Դառնայ 300 Հազար Դրամ, Խնամքի Նպաստը Պիտի Կրկնապատկուի

Առաջին Եւ Երկրորդ Երեխայի Ծննդեան Միանուագ Նպաստը Պիտի Դառնայ 300 Հազար Դրամ, Խնամքի Նպաստը Պիտի Կրկնապատկուի

by MassisPost

Այս տարուան Յուլիս 1-էն առաջին եւ երկրորդ երեխայի ծննդեան միանուագ նպաստը պիտի դառնայ 300 հազար դրամ։ Աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարար Զարուհի Բաթոյեանի ներկայացուցած այս նախագիծը հաստատուեցաւ կառավարութեան նիստին ընթացքին։ Ներկայիս առաջնեկի ծննդեան միանուագ նպաստը 50 հազար դրամ է, երկրորդինը՝ 150 հազար։

«Այսինքն՝ առաջին երեխայի դէպքում` 6 անգամ աւելի, իսկ երկրորդ երեխայի դէպքում՝ 2 անգամ աւելի», – ըսած է նախարարը:

Մէկ այլ նախագիծով Յուլիսէն պիտի կրկնապատկուի նաեւ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը։ Ըստ նախարարի՝ սա կը կատարուի ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով։ Ներկայիս 18 հազար դրամը Յուլիսէն պիտի դառնայ 26 հազար 500 դրամ։ Օրէնքի ուժի մէջ մտնելու պահէն այն պիտի վերաբերի 2 տարին չլրացած բոլոր երեխաներուն։ Բացի նպաստի կրկնապատկուելէն, մէկ այլ էական փոփոխութիւն ալ կատարուած է։ Նախարարն ըսած է՝ գիւղական համայնքներուն մէջ Յուլիսէն խնամքի նպաստ պիտի ստանան նաեւ չաշխատող մայրերը, իսկ աշխատողները՝ կրկնակի։

«Մինչ այս մենք միայն, այսինքն՝ այս պահին գործող կարգաւորումներով խնամքի նպաստը տրամադրում ենք միայն աշխատող մայրերին, 18 հազար դրամ, ովքեր գտնւում են արձակուրդում, բայց այս դէպքում մենք, քանի որ բացասական միտումները զգացւում են նաեւ գիւղական համայնքներում, խթանելու համար երեխաների ծնունդը, քանի որ գիւղական համայնքներում մայրերը կամ ծնողներն աւելի շատ չգրանցուած աշխատանք են իրականացնում կամ չունեն այդ հնարաւորութիւնը, մենք այս նպաստը տրամադրում ենք անկախ այդ աշխատելու հանգամանքից, իսկ աշխատողների դէպքում գումարն աւելանում է, եւ եթէ գիւղում աշխատում են, դա կրկնապատկւում է: Դայեակների ծրագիրն այլ ծրագիր է, զբաղուածութեան ծրագիր է», – ըսած է նախարարը:

Վարչապետը նկատած է. – «Այստեղ կայ աշխատանքի հետ կապուած բաժին, այսինքն՝ գիւղական վայրում եթէ չի աշխատում, ստանում է 26 հազար դրամ, եթէ աշխատում է, ստանում է 52 հազար դրամ»:

Երեխաներու միանուագ նպաստի աւելացումը ծնելիութեան խթանման ուղերձ է, ըսած է գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինեանը. – «Ուզում ենք խթանել աշխատանքի շուկայում կամ համապատասխան հմտութիւններ ունեցող մայրերին, որ նրանք հնարաւորինս արագ վերադառնան աշխատանքի, եւ ուզում եմ ընդգծել, որ սա կանանց ներգրաւուածութիւնը հանրային, տնտեսական կեանքում մեծացնելու մեր գաղափարախօսութեան հերթական արտայայտութիւններից մէկն է»:

Առաջարկուած փոփոխութիւններու համար պետական պիւտճէէն պիտի վճարուի 4 միլիառ 686 հազար դրամ, զեկուցած է Զարուհի Բաթոյեանը։ Վարչապետն ալ իր հերթին նշած է՝ գիւղական համայնքներուն մէջ աշխատող մայրերուն կրկնակի վճարելով աշխատատեղ կը ստեղծեն նաեւ այլոց համար։

«Երբ ինքը գնում է աշխատանքի եւ ստանում է այս նպաստը կրկնակի, ինքը պէտք է ինչ-որ մէկին խնդրի, որ իրեն օգնեն, պայմանական ասած՝ դայեակ վարձի: Ես նկատի ունեմ՝ սրանով ինքը ոչ միայն մի աշխատատեղ զբաղեցնում է, այլեւ աշխատատեղ է բացում մէկ ուրիշ կնոջ համար: Հենց մեր գաղափարախօսութիւնը սա է, որ մենք ցանկացած ընկերային ծրագրի մէջ պէտք է դնենք նաեւ զարգացման գործօնը»:

Յիշեցնենք, որ Յունուարէն բարձրացած են կենսաթոշակն ու նուազագոյն աշխատավարձը, կենսաթոշակը՝ 10 տոկոսով, նուազագոյն աշխատավարձը՝ 13 հազար դրամով։ Գործադիրի հիմնաւորմամբ՝ այս փոփոխութիւնները հնարաւոր դարձած են, քանի որ աւելցած են պետական պիւտճէի եկամուտները:

 

Հարակից Նյութեր

Leave a Comment