Home ՀԱՅԱՍՏԱՆ Քոչարեանի Ուղերձը Կալանավայրէն

Քոչարեանի Ուղերձը Կալանավայրէն

by MassisPost

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը, որ 7 Դեկտեմբեր  2018-էն կալանքի տակ է, ուղերձ է յղած է.

Մի քանի բառով ասեմ իմ, այսպէս կոչուած, «գործի» մասին: Ամէն գնով, օրէնքի բռնաբարմամբ ու դատական համակարգի մէջքը կոտրելով՝ ինձ կալանքի տակ եւ այդպիսով քաղաքական կեանքից մեկուսացուած պահելը անհեռանկար զբաղմունք է: Արդիւնքում ինձ դարձրել են քաղբանտարկեալ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Մի քանի արկածախնդիրների կողմից սարքուած այս գործը ոչ թէ քանդուելու է ապագայում, այլ արդէն իսկ քանդուել է: Շարունակում եմ այն իրաւաբանական աղբ համարել: Դրա ամէն մի դրուագը մեր պատմութեան մէջ խայտառակ մի էջ է դառնալու եւ, ցաւօք, այդպիսին է մնալու անկախ այն հանգամանքից, որ դրա բոլոր հեղինակներն ու կատարողները պատժուելու են օրէնքի ողջ խստութեամբ:

Ուզում եմ չկասկածէք՝ բանտարկութիւնը չի կարող ինչ-որ կերպ ընկճել ինձ, ստիպել հրաժարուել քաղաքական գործունէութիւնից, որքան էլ որ նման յոյսեր փայփայեն գործող իշխանութիւնները: Շնորհակալ եմ ձեզ` իմ բոլոր զինակիցներին ու կողմնակիցներին, հետեւողական պայքար մղելու համար: Հաւատացէք․ սա պայքար է ոչ թէ յանուն մէկ առանձին մարդու ազատութեան, այլ յանուն այն արժէքների, որոնք եղել են մեր յաղթանակների հիմքում: Յանուն մեր երկրի ու Արցախի անվտանգութեան ու բարեկեցութեան։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի իրենց բողոքի ձայնն են բարձրացրել տեղի ունեցող անարդարութեան դէմ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր չեն տրւում վախի զգացմանը եւ չեն ձայնարկում ամբոխին:

Չեմ կասկածում՝ տեղի ունեցողը խիստ ժամանակաւոր մի բան է, որը տեսանելի ապագայում աւարտուելու է, քանի որ ստի կեանքը կարճ է: Քանի որ կեղծիքի, տգիտութեան ու ատելութեան վրայ հիմնուած որեւէ իշխանութիւն երբեւէ երկար պատմութիւն չի ունեցել:

Հարակից Նյութեր

Leave a Comment