Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Նիկոլը Ժողովրդի «Ծառան» Է, Եւ Ոչ Թէ «Սուրբ Ամենափրկիչը»

Նիկոլը Ժողովրդի «Ծառան» Է, Եւ Ոչ Թէ «Սուրբ Ամենափրկիչը»

by MassisPost

ՍՈՒՐԷՆ ԽՈՒԴԱՆԵԱՆ

Հայաստանում Ժողովրդական շարժման հուժկու ալիքով կայացած իշխանափոխութեան էֆորիկ շրջանը մօտենում է աւարտին: Բայց էյֆորիայի դոզան ոմանց մօտ այնքան է բարձր եղել, որ առ այսօր անձի՛ն, այսինքն Նիկոլ Փաշինեանի հանդէպ ֆետիշացնող մթնոլորտ են ձեւաւորում, գրեթէ փառաբանելու աստիճան:

Եկէք Իրերին նայենք իրատեսօրէն:

ԱԺ արտահերթ ընտրութիւնները, որը անցաւ բաց, անկաշառ եւ անկաշկանդ մթնոլորտում ձեւաւորեց մի խորհրդարան, որտեղ աւելի քան բացարձակ մեծամասնութիւն է կազմում թաւշեայ յեղափոխութիւն իրականացնող ուժը՝ «Իմ քայլը» դաշինքի տեսքով, եւ Նիկոլ Փաշինեանի ղեկավարութեամբ:

Նախկին իշխանութեան կոպտագոյն սխալների եւ չարաշահումների արդիւնքում, հանրութեան մէջ գոյացել էր դժգոհութեան, հիասթափութեան թանձր մթնոլորտ: Քրեաօլիգարխիկ այնպիսի մի մթնոլորտ էր ձեւաւորուել, որ կոռուպցիոն բազմաթիւ սխեմաներով, սերտաճել էր իշխանութեան հետ, եւ նրա անբաժան մասն էր դարձել:

Խորհրդարանի ընդիմադիր պատգամաւոր Նիկոլ Փաշինեանը իր 7% տրոհուած դաշինքով, բաց ձեռքերով, անզէն եւ անարիւն յեղափոխութեամբ իրականացրեց իշխանափոխութիւն: Այսօր ընտրողների 70% վստահութեան քուէ ստանալով, ձեւաւորում է նոր խորհդարան: Այս Իշխանափոխութեան ֆենոմենալ կողմը կայանում է հէնց նրանում, որ դա իրականացաւ առանց զէնքի, զոհի եւ արեան: Այս երեւոյթը ընդանուր առմամբ միասնականացնող եւ համադրող էներգիայ ունէր իր մէջ:

Հանապազօրեայ հացի խնդիր ունեցող մարդը, «ընտրող» օբյեկտի կարգավիճակից վերափոխուեց եւ ստացաւ նոր կարգավիճակ, որը կոչւում է քաղաքացի: Այս քաղաքացին նաեւ ընկալեց այն ճշմարտութիւնը, որ իր մէկ «Ձայնը» շատ աւելի թանկ է քան մի պարկ ալիւրը կամ 10 հազար դրամը:

Ահա պետականաշինութեան գլխաւոր հանգրուանը, այսինքն օրէնսդիր մարմնի ձեւաւորումը, ազատ, անկաշկանդ ընտրութիւններով աւարտուեց: Սակայն խոցելի երեւոթը մնաց չյաղթահարուած: Դա այն էր որ բոլորը բացի մեծամասնութիւն ունեցող ՚Հանրապետականիցՙ գոռում-գոչում էին թէ պէտք է փոխել ընտրութիւնների մասին օրէնսգիրքը: Հին օրէնսգիրքը պահպանեց իր իշխանութիւնը նոր խորհրդարան ձեւաւորելիս: Այսպիսով թաղային հեղինակութիւնը դարձեալ մնաց հիմնական գործօն: Եղաւ այն, ինչ որ եղաւ:

Օրէնսդիր մարմնում բացակայում է ընդիմադիր այն «փշոտ ուժը», որ գաղափարական եւ ռազմավարական մօտեցումներով խորհրդարանին կենսունակ դինամիզմ կը հաղորդէր, եւ հակակշռող գործօնի լիարժէք դերակատարութիւնը կ՛ստանձնէր:

Սակայն չունենալով կամ չտեսնելով այն քաղաքաքան ուժը, որը կարող է հակակշռել միաբեւեռ խորհրդարանական մեծամասնութեանը չի կարող պատճառ լինել, որ այդ աաստիճանի վայնասուն բարձացնել եւ սեւ քարոզչութիւն իրականացնել:

Այստեղ հարկ եմ համարում մէջ բերել մի հատուած քաղաքական մեկնաբան Յակոբ Բադալեանի վերլուծական յօդուածից: «Մտածելու բան ունի ոչ թէ հասարակութիւնը, թէ որտեղից գտնի հակակշիռ, այլ այն ուժերը, որոնք այժմ հասարակութեանը փորձում են ահաբեկել հակակշռի բացակայութեան վտանգաւոր հեռանկարով, թիւրիմացաբար կարծելով, թէ իրենք աւելի են հասկանում իրավիճակից ու այդ խնդրից, քան հանրութիւնը իր բազմաշերտ հաւաքականութեամբ եւ ամբողջութեամբ»:

Հարկաւոր է թօթափել բոլոր վնասակար եւ ոչնչացնող բարդոյթները, եւ անցնել գործի, միայն թոյն արձակելն ու ցեխարձակելը գործ չի համարւում:

Ձեռնարկուած քայլերի բովանդակութիւնը պէտք է յագեցած լինի հայրենակերտմանը պիտանի դէտալներով:

Մեծ անելիք ունեն արտախորհրդարանական ուժերը: Հնարաւորինս օրինաւոր միջոցներով խորհրդարանականներին թոյլ չտալ մտնել իրենց պատեանի մէջ, եւ կտրուել դրսի իրական կեանքից, այնպէս ինչպէս նախքին վարչակարգն էր կտրուել, ժողովրդից: Ստեղծել այն գործիքակազմը, որով արտախորհդարանական ուժերը դինամիկ եւ ռացիոնալ ներգործութիւն ունենան յանձնաժողովների եւ ենթայանձնաժողովների վրայ, այսինքն ջանքերը մէկտեղել եւ առաջարկել անցկացնել այնպիսի բարեփոխումների ծրագիր, որ խորհրդարանից դուրս գտնուող ուժերը հնարաւորինս ընդգրկուեն խորհրդարանի յանձնաժողովների եւ ենթայանձնաժողովների աշխատանքին: Նշուած մասնակցութիւնը կարող է լինել ինչպէս խորհրդակցական ձայնի իրաւունքով, այնպէս էլ վճռական ձայնի իրաւունքով: Այս գործընթացը կÿապահովի ժողովրդական աւանդոյթնների արմատաւորմանը օրէնսդրական դաշտում, եւ վերահսկող գործիքակազմի արդիականացմանը գործադիրի դաշտում:

Հարկ է նշել եւս մի ցաւալի նկատառում: Յեղափոխութեան թաւիշը չի թեթեւացնում ժառանգուած բեռի ծանրութիւնը:
Արտաքին հսկայական պարտքերը, ռազմավարական նշանակութեամբ գրեթէ բոլոր օբյեկտների ծախուած եւ փոշիացուած վիճակը, երկրի ընդերքի անխնայ թալանը, կոռուպցիոն սխեմաներով հիւսուած թէ ներքին եւ թէ արտաքին ցանցերը մեծ հաշուով խարխլել են հայոց պետականութեան հիմքերը:

Մեծ ու բազմաթիւ մարտահրաւէրների առաջ ենք կանգնած:

Որքան էլ լաւատեսօրէն նայենք ներկայիս երիտասարդ կառավարիչներին, եւ յոյս ունենանք, որ իշխանական աթոռների գայթակղութեանը չեն տրուի, հայրենակերտումի վեհ գաղափարը թոյլ չի տայ յետին պլան մղել օրէնքը եւ օրինապահութիւնը: Միեւնոյնն է, չի երեւում գայթակղութիւններից զերծ պահելու ապահովագրող մարմինը, որքան էլ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ձայնալարերը վնասելու աստիճան գոռայ ու գոչի թէ «չի մնալու ոչ մի կաշառակեր չինովնիկ», չկա այդ երաշխաւորող եւ ապահովագրող մարմինը: Բայց որպէսզի հարցը չհասցնենք «կիկոսի մահուան», ասենք թէ հնարաւոր է, բայց ինչպէ՞ս, ու՞ր է հայեցակարգը, ու՞ր է ճանապարհային քարտէզը, որ երեւայ, թէ այս սահմանադրութիւնը երբ է փոխուելու, իշխանութեան թեւերի միջեւ լիազօրութիւնների ինչպիսի բաժանում է լինելու, որ հաւասարակշռող եւ հսկող մեխանիզմը գործի անխափան:

Կուսակցութիւնների եւ ընտրութիւնների մասին օրէնքը վերջապէս ե՞րբ է արդիականացուելու: Կատարուած թալանը, կողոպուտը, ամէնուրեք արձանագրւում է որպէս փաստ, բայց ինչպէս վարուել, որ ոճռագործի պատիժը լինի ադեկուատ եւ թալանուածը վերադարձնելիս տնտեսութեան զարգացումը ոչ թէ խոչընդոտուի այլ աւելի մեծ թափ հաղորդի նրան:

Մի շատ կարեւոր, բայց յաւակնոտ ծրագիր եւս գոյութիւն ունի, դայ այն է, որ արտաքին թելադրող ուժերի եւ ներսի խամաճիկ իշխանաւորների համար հակացուցուած է: Դա անգամ ներկայիս կառավարութեան օրակարգում չի յայտնուելու մինչեւ մի հզօր ընդիմադիր գաղափարական քաղաքական ուժ, օրէնսդրական դաշտում ներգործութիւն չունենայ: Որ՞ն է այդ համարձակ ու յաւակնոտ ծրագիրը: Դա պետական հսկողութիւնն է ազգային հարստութիւն համարուող ընդերքի նկատմամբ, ինչպէս նաեւ ռազմավարական նշանակութեամբ օբյեկտների վրայ:

վերահսկողութիւնը պէտք է լինի ժամանակակից օրէնքներով եւ գործիքակազմով: Առանձին դէպքերում դա կարող է լինել իշխող փաթեթի ազգայնացման շնորհիւ: այսինքն «հանքը» շահագործողը իր ներդրումներով հանդերձ, հանդէս է գալիս որպէս օպերատոր-բաժնետէր, ոչ թէ ինչ որ աննշան հարկեր վճարելով, ընդերքը հարստահարող դրամատէր:
Պատերազմական վիճակում գտնուող Հայաստանի համար, վերը նշուածի մասին օրէնսդրական դաշտի ապահովւումը կենսական անրաժեշտութիւն ունի: Դա մասնաւոր սեփականութեան իրաւունքի հիմնադրոյթների հետ հակադրութիւն չի ունենայ:

Վայրի լիբերալիզմի ջատագովները, կարող է անմիջապէս վայնասուն բարձրացնեն, թէ խախտւում է սեփականութեան այսինչ-այնինչ իրաւունքները: Սակայն պէտք է մատնացոյց անել, զարգացած երկրների օրինակները, Անգլիան( լեյբորիստների ժամանակ) Չինաստանը (ներկայիս համայնավարների օրօք) Սկանդինաւեան երկրները մեծաւմասամբ:

Իշխող փաթեթների յետգնման արդարացի եղանակն էլ գիտենք, միայն քաղաքական կամք է հարկաւոր:
Ոչ մի հայրենասէր իշխանութիւն, իր երկրի ազգային հարստութիւնը եւ ռազմավարական օբյեկտները այնպէս քամուն չէր տայ, ինչպէս հայաստանի իշխանութիւնները վերջին 20 տարում: Ինչպէս տնտեսական այնպէս էլ քաղաքական ասպեկտով այդ ամէնի խայտարակ վկայութիւնն է, գազի գնի բարձրացման վերաբեռեալ տրագի-կ’ոմեդիա՛ն կապուած Պուտին-Փաշինեան հանդիպման հետ:

Հարակից Նյութեր

Leave a Comment