Մենք մեր ծրագրով առաջ պիտի երթանք եւ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններու պահանջը համաժողովրդական է եւ ես շատ դժուար կը պատկերացնեն այն մարդոց, որոնք կը մտածեն դիմադրել այս պահանջին: Այս մասին Ազգային ժողովի մէջ լրագրողներու հետ զրոյցի ժամանակ նշած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:
Դիտարկման, որ իր հրաժարականի պարագային ՀՀԿ-ն կրնայ վարչապետի թեկնածու առաջադրել եւ ընտրել, Փաշինեանը պատասխանած է. «ՀՀԿ-ն մի անգամ իր վարչապետին ներկայացրել ու անգամ ընտրել էր, դրանից ի՞նչ փոխուեց: Հիմա աւելի լաւ իրավիճակ է, քան ունէինք ապրիլ-մայիսին»:
Ան ընդգծած է, որ ԱԺ ուժերու հետ յուշագիր ստորագրելու սենարը հրապարակուած է, քանի դեռ այն չեղեալ չէ յայտարարուած, այն ուժի մէջ է:
«Իսկ ո՞վ է ասել, որ ես այդ սենարը իրենց հետ համաձայնեցրել եմ: Ես իրենց տեղեկացրել եմ Հայաստանում հաստատուած նոր քաղաքական իրավիճակի մասին եւ ասել եմ, թէ ինչ ենք պատրաստուում անել: Իրենք էլ ասել են, որ իրենք չեն պատրաստուում վարչապետի թեկնածու առաջադրել եւ ասել են շատ յստակ: Եթէ որոշել են թեկնածու առաջադրել, թող փորձեն: Քանի դեռ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ չեն եղել, ներքաղաքական ճգնաժամը խորանում է եւ դա յաղթահարելու միակ տարբերակը ընտրութիւններն են»,-յայտարարած է վարչապետը:
Ան ընդգծած է, որ ինք արդէն յայտարարած է, որ դեկտեմբերին պիտի ըլլան արտահերթ ընտրութիւններ. «Ես ասում էի կայ երկու տարբերակ՝ ԱԺ գործող խմբակցութիւնները գնում են համագործակցութեան մթնոլորտում, թէ առանց այդ մթնոլորտի: Համագործակցութեան մթնոլորտն այն է, որ գնում ենք ընտրական օրէնսգիրքը բարեփոխելու եւ միւս քայլերն անելու ճանապարհով: