Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Պաքուի Մէջ Հայ Բնակչութեան Կոտորածը Յստակ Նպատակ Ունէր Բռնի Տեղահանութեան Ենթարկել Հայկական Համայնքը. ԱԳՆ

Պաքուի Մէջ Հայ Բնակչութեան Կոտորածը Յստակ Նպատակ Ունէր Բռնի Տեղահանութեան Ենթարկել Հայկական Համայնքը. ԱԳՆ

by MassisPost

ՀՀ Արտաքին գործերու նախարարութիւնը յայտարարութիւն տարածած է Պաքուի մէջ տեղի ունեցած ջարդերու 35-րդ տարելիցին առիթով:

«Այս օրերին յիշատակւում է Պաքւում հայերի ջարդերի, ցեղային զտումների եւ զանգուածային տեղահանությունների 35-րդ տարելիցը։ Մէկ շաբաթուայ ընթացքում, ատրպէյճանական կազմակերպուած խմբերը լիակատար անպատժելիութեան միջավայրում եւ ատրպէյճանական իշխանութիւնների թողտուութեամբ ու աջակցութեամբ, ինչպէս նաեւ խորհրդային իշխանութիւնների լիակատար անգործութեան պայմաններում հայերի նկատմամբ իրականացրին զազրելի ոճրագործութիւններ:

«Հայերի ճնշող մեծամասնութիւնը ստիպուած էր լքել սեփական բնակավայրերն այն պարագայում, երբ հայ համայնքը 19-րդ դարի կէսերից էական դեր էր խաղացել Պաքուի արդիւնաբերական քաղաքի կառուցման եւ զարգացման գործում, հայ ընտանիքներն ու անհատները հիմնել, տնօրինել ու ղեկավարել են խոշոր արդիւնաբերական ձեռնարկութիւններ, մշակութային եւ կրթական հաստատութիւններ: Արդիւնքում, Պաքուի հայերը, թողել են միլիառների արժողութեամբ ունեցուածք եւ հարստութիւն՝ յաջորդիւ զրկուած լինելով դրա դիմաց որեւէ փոխհատուցում ստանալու հնարաւորութիւնից։

«1990թ. Յունուարին Պաքւում հայ բնակչութեան կոտորածին, որը յստակ նպատակ ունէր բռնի տեղահանութեան ենթարկել երբեմնի 250 հազարանոց հայկական համայնքի մնացորդներին, նախորդել էին Ատրպէյճանի Սումգայիթ եւ Կիրովապատ (ներկայիս Գյանջա) քաղաքներում աւելի մասշտաբային ջարդերը։

«1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին Ատրպէյճանում տեղի ունեցած հայերի ջարդերի հետեւանքով երկրից արտաքսուեց մօտ 400.000 հայ բնակչութիւն: Աւելին, ատրպէյճանական քաղաքներում հայերի հազարամեայ հետքերը միտումնաւոր ջնջուեցին, եւ կեղծուեց նրանց հարուստ պատմութիւնն ու ժառանգութիւնը:

«Յարգանքի տուրք մատուցելով Պաքուի ջարդերի զոհերի յիշատակին եւ վերապրածներին՝ Հայաստանը խորապէս հաւատում է, որ Հարաւային Կովկասում կայուն խաղաղութիւնը միայն կարող է կանխել ապագայում մարդկութեան դէմ այսպիսի ոճրագործութիւնների կրկնութիւնը»,- ըսուած է յայտարարութեան մէջ:

Հարակից Նյութեր

Leave a Comment