«Ամենայն յարգանքով ՌԴ յարգելի նախագահի նկատմամբ, այդ յայտարարութիւնը ակնյայտ է դարձնում ընդհանուր իրավիճակը, որ կայ ՀԱՊԿ-ում, որովհետեւ մեր դիրքորոշումը յստակ է, որ ՀՀ նկատմամբ 2021, 2022 թուականներին եղել են տարածքային ոտնձգութիւններ՝ յարձակում»:
Ազգային Ժողովին մէջ կառավարութեան հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ըսաւ վարչապետ Նիկոլ Փաշինեան՝ արձագանգելով «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Կարապետեանի այն հարցումին, թէ օրերս Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութին յայտնած է, որ ՀԱՊԿ-ը չէր կրնար կռուիլ ԼՂ-ի մէջ, իսկ ՀՀ-ի վրայ յարձակում չէ եղած, նաեւ յայտնած է՝ ՀՀ-ն կ’աջակցի ՀԱՊԿ ձեւաչափով ընդունուող բոլոր ձեւաչափերուն, արդեօք սա չի՞ հակասեր ՀԱՊԿ-ի մէջ մասնակցութիւնը դադրեցնելու վարչապետի յայտարարութեան:
Այդ ծիրին մէջ վարչապետը նկատեց. «Մենք տեսել ենք, որ իրադարձութիւնները զարգանում են այդ ուղղութեամբ եւ առաջին հերթին, ի հարկէ, հարցը քննարկել ենք մեր դաշնակիցների հետ եւ մեր դաշնակիցներից ստացել ենք պատասխան, որ «ի՞նչ էք ասում, նման բան տեղի ունենալ չի կարող, որովհետեւ ՀՀ սահմանները մեզ համար կարմիր գիծ են»:
«Երբ որ ոտնձգութիւնը տեղի է ունեցել, մենք ինչ ենք ասել, ասել ենք՝ յարգելի գործընկերներ, էն կարմիր գիծը, որ դուք ասում էիք, հատուած է, որից յետոյ իրենք ասել են՝ գիտէք՝ սահմանը սահմանազատուած չէ, մենք էլ ասել ենք՝ բա էդ դէպքում որտեղո՞վ է անցնում այդ կարմիր գիծը, մեզ ցոյց տուէք այդ գիծը, որպէսզի հասկանանք մեր յարաբերութիւնները ՀԱՊԿ-ի հետ: Ասել ենք՝ ցոյց տուէք ՀՀ-ում ՀԱՊԿ-ի պատասխանատուութեան գօտին, էս քարտէզը, էս մատիտը, իրենք մեզ դեռ ցոյց չեն տուել: Եւ ես ասել եմ, որ եթէ ՀՀ-ում ՀԱՊԿ-ը չունի պատասխանատուութեան գօտի, ուրեմն փաստացի ՀԱՊԿ-ը որպէս կազմակերպութիւն գոյութիւն չունի»:
Փաշինեան նաեւ նկատեց, որ այդտեղ Լեռնային Ղարաբաղի հետ կապուած իրավիճակը ընդհանրապէս կապ չունի:
Ինչ կը վերաբերի փաստաթուղթերուն, ապա կառավարութեան ղեկավարը նկատեց. «Մենք ասել ենք, որ սառեցնում ենք մեր մասնակցութիւնը ՀԱՊԿ աշխատանքներում, ինչը նշանակում է, որ մենք չենք մասնակցում ոչ մի փաստաթղթի քննարկման, մենք, ըստ էութեան, վեթօ չենք դնում ոչ մի փաստաթղթի վրայ, որովհետեւ, ըստ էութեան, մենք մեզ դնում ենք ՀԱՊԿ-ից դուրս, եւ իրենք ինչ ուզում են՝ թող որոշեն: Կարծում եմ, որ մենք այդտեղ անդառնալիությեան կէտն արդէն անցել ենք»:
Աւելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութին յայտնած էր, թէ ՀԱՊԿ-ը պէտք չէ մտներ ղարաբաղեան հակամարտութեան մէջ, քանի որ անոր ընթացքին Հայաստանը արտաքին յարձակման չէ ենթարկուած։