Ազգային Ժողովին մէջ լրագրողներու հետ ճեպազրոյցի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեան խօսեցաւ այն մասին, թէ ինչո՞ւ ԱՊՀ-ն կարեւոր է Հայաստանի համար:
«Որովհետեւ հիմքերից մէկը Ալմա-աթայի հռչակագիրն է, որով ՀՀ-ն իր բոլոր բանակցային ուղղութիւններով աշխատանք է տանում, ու մենք չենք կարող մերժել մի ձեւաչափ, որի հիմնական փաստաթուղթը մեր բանակցային հիմնական խօսակցութիւնների մէջ որպէս հիմք է դրուած: Ինչ վերաբերում է BRICS-ին, որոշում է կայացուել, որովհետեւ տնտեսական առումով ՀՀ-ն կարեւոր կապեր ունի, եւ ես չեմ կարծում, որ մեզ պէտք է տարածաշրջանից դուրս դնենք»,- ըսաւ ան։
Վերջինիս խօսքով՝ որեւիցէ բան չի հակասեր ԵՄ-ի հետ ունեցած յարաբերություններուն․ «ՀՀ իշխանութիւնը եւ ժողովուրդը միահունչ եւ նոյն կարծիքին են, եւ մենք պէտք չէ մի ծայրայեղութիւնից միւս ծայրայեղութիւն գնանք, եւ մեր արժեհամակարգը որեւիցէ ձեւով չի փոխուել»։
Վերջինս չբացառեց նաեւ ՀԱՊԿ-էն դուրս գալու՝ Հայաստանի որոշման իրականացումը․ «Որեւիցէ մէկը չի բացառում, դրա պատճառները յայտնի են, եւ ՀԱՊԿ-ն ամէն ինչ անում է դրա հետ կապուած։ Ես չեմ կարծում, որ Հայաստանը որեւիցէ ստորագրութիւն պէտք է հետ քաշի Նոյեմբերի 9-ի յայտարարութիւնից։ Ես կարծում եմ, որ Ատրպէյճանը եւ Ռուսաստանը ՀՀ-ին պատասխանելու բան ունեն Նոյեմբերի 9-ի յայտարարութեան բոլոր կէտերի վերաբերեալ։ ՀՀ-ն իր պարտականութիւնները կատարում է, այդ 9-րդ կէտի ու ամբողջ փաստաթղթի հիմքը դրուած է «Խաղաղութեան Խաչմերուկ» տրամաբանութեան մէջ, ինչպէս նաեւ այդ փաստաթուղթը եւ 9-րդ կէտի իրական մեկնաբանութիւնը կարող էք գտնել ՌԴ նախագահի կողմից 2020 թուականի Նոյեմբերի 10-ի հրամանագրի մէջ, եւ ՀՀ-ն չի հրաժարւում ու չի հրաժարուել»։
Անոր խօսքով՝ ՀՀ-ի հետ սպառնալիքներու լեզուով խօսելը շատ սխալ տրամաբանութիւն է․ «Ես չեմ հասկանում ու չեմ պատկերացնում, որ այստեղի ՌԴ դեսպանատունը այդքան կտրուած է հայկական իրականութիւնից։ Իրենք խօսում են սպառնալիքի լեզուով ու մտածում են, որ հայերը պէտք է այլ բան մտածեն»։