ՀՀ ԱԳՆ-ն յայտարարութիւն տարածած է Պաղեստինի Պետութեան ճանաչման վերաբերեալ, որուն մէջ ըսուած է.
«Կազայում տիրող աղէտալի մարդասիրական իրավիճակը եւ շարունակուող ռազմական հակամարտութիւնն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգաւորում պահանջող առաջնային խնդիրներից մէկն է: Հայաստանի Հանրապետութիւնը կտրականապէս մերժում է զինուած հակամարտութեան ընթացքում քաղաքացիական ենթակառուցուածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչութեան դէմ բռնութիւնները եւ քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը եւ միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրութեան պահանջներին:
«Հայաստանի Հանրապետութիւնը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձեւերին, որոնք կոչ են անում անյապաղ հրադադար հաստատել Կազայում: Աւելին, Հայաստանի Հանրապետութիւնն անկեղծօրէն շահագրգռուած է Մերձաւոր Արեւելքում խաղաղութեան եւ կայունութեան հաստատմամբ, հրեայ եւ պաղեստինցի ժողովուրդների միջեւ տեւական հաշտութեան կայացմամբ: Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապէս հանդէս ենք եկել պաղեստինեան հարցի խաղաղ եւ համապարփակ կարգաւորման օգտին եւ պաշտպանում ենք իսրայէլա-պաղեստինեան հակամարտութեան լուծման՝ «երկու պետութիւն» սկզբունքը: Համոզուած ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխաւորելու, որ պաղեստինցիներն ու իսրայէլացիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները:
«Ելնելով վերոնշեալից եւ վերահաստատելով իր հաւատարմութիւնը միջազգային իրաւունքին եւ ժողովուրդների հաւասարութեան, ինքնիշխանութեան ու խաղաղ համակեցութեան սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչում է Պաղեստինի Պետութիւնը»: