Վարչապետ Նիկոլ Փաշինեանը Ազգային Ժողովին մէջ 2023 թ. Պետական պիւտճէի կատարման տարեկան հաշուետուութեան քննարկման ընթացքին հանդէս եկած է եզրափակիչ ելոյթով, ուր ան մասնաւորապէս ըսաւ.
«Նախ պիտի անդրադառնամ երէկ տեղի ունեցած իրադարձութիւններին եւ արձանագրեմ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ռոպերթ Քոչարեանի կողմից առաջնորդուող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել յարձակում ոստիկանների վրայ: Ոստիկանութեան հակազդեցութիւնն եղել է իրաւաչափ եւ արհեստավարժ, եւ նմանատիպ բոլոր դէպքերում ոստիկանութիւնը գործելու է նոյն կերպ: Ցուցարարները փորձել են բռնութեամբ ճեղքել ոստիկանութեան շղթան, որպէսզի յարձակում գործեն երկրի բարձրագոյն օրէնսդիր մարմինի վրայ: Ոստիկանութիւնը պաշտպանել է Հայաստանի Հանրապետութեան օրէնսդիր հիմնարկը, ոստիկանութիւնը պաշտպանել է Հայաստանի պետականութիւնը, ընդ որում՝ եպիսկոպոսի կոչում ունեցող մէկը յարձակումից որոշ ժամանակ առաջ՝ դիմելով ոստիկաններին, ասել է, թէ տղաներ, հանէք ձեր սաղաւարտները, որովհետեւ ձեզ ոչինչ չի սպառնում: Որոշ ժամանակ անց այդ տղաների ուղղութեամբ քարանետում է կազմակերպել այդ նոյն մարդը: Սա այն ամէնն է, ինչ պէտք է իմանալ, ցաւօք, Հայ առաքելական եկեղեցու երկու բարձրաստիճան պաշտօնեաների բարոյական նկարագրի մասին: Տուժել է 18 ոստիկան, 83 քաղաքացի: Բոլոր վնասուածքները եղել են թեթեւ եւ միջին ծանրութեան: Այս պահին հիւանդանոցում է 16 անձ, այսինքն՝ մնացածը, բուժօգնութիւն ստանալով, գնացել են տուն:
«Տեղի ունեցած զանգուածային անկարգութիւնների սադրիչները պէտք է պատասխանատուութեան ենթարկուեն: Երեկ էլ եմ ասել, այսօր էլ եմ ուզում ասել, որ խղճահարութեան վրայ օրինականութիւն չի կարելի կառուցել, խղճահարութեան վրայ իրաւակարգ չի կարելի կառուցել, պետութիւն չի կարելի կառուցել: նաեւ ուզում եմ ասել, որ մենք չենք եղել եւ չենք լինի թոյլ իշխանութիւն, մենք կը լինենք սիրող եւ սիրող ենք, կարեկցող, օգնող, աջակցող, հանդուրժող, բայց ոչ երբեք թոյլ իշխանութիւն, որովհետեւ թոյլ իշխանութիւնն աղէտ է պետութեան համար: Մենք չենք եղել եւ չենք լինի թոյլ իշխանութիւն եւ մենք օրինականութեան, օրէնքի եւ օրինականութեան ուժով կը ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները պետութիւնը, հանրութեանը, ժողովրդավարութիւնը, անկախութիւնն ու ինքնիշխանութիւնը պաշտպանելու համար: Սրանում, յոյս ունեմ, որ տարընթերցում չկայ:
«2022 թուականի Նոյեմբերին ՀԱՊԿ Երեւանի գագաթնաժողովում հրաժարուել ենք ստորագրել ՀԱՊԿ այն փաստաթղթերը, որոնք չեն համապատասխանել ՀՀ շահերին եւ սա արել ենք՝ ի կատարումը Կառավարութեան գործունէութեան ծրագրի, ոչ թէ` ի հեճուկս, այլ՝ ի կատարումն:
«ՀԱՊԿ ղեկավարներից մէկը յայտարարում է, թէ 44-օրեայ պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հաւատացել է, ցանկացել է Ատրպէյճանի յաղթանակը: Դրանից յետոյ ես պէտ՞ք է գնամ Պելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ձեւաչափում նստե՞մ, հարց քննարկե՞մ: Դո՞ւք չէք, որ խօսում էք արժանապատուութիւնից, սկզբունքայնութիւնից եւ այլն: Չնայած, նաեւ իրավիճակ կայ, որ ԵԱՏՄ-ում եւ ԱՊՀ-ում ինչ-որ առումով ստիպուած եմ լինելու, բայց նաեւ հետեւեալն եմ ուզում ասել՝ ես արձանագրում եմ, որ Պելառուս այլեւս երբեք չեմ այցելի, քանի Պելառուսում նախագահ է Ալեքսանտր Լուքաշենքօն: Եւ ընդհանրապէս յայտարարում եմ, որ այս պահից ՀՀ ոչ մի պաշտօնական ներկայացուցիչ Պելառուս չի այցելի, ընդհանրապէս»: