ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնեան չի բացառեր, որ նոյն՝ 1976-ի քարտէզներով կը շարունակուի սահմանազատումը նաեւ Հայաստան-Ատրպէյճան սահմանի ամբողջ երկայնքով, որով այժմ կ’իրականացուի սահմանազատումը Տաւուշի հատուածին մէջ։
Այս մասին ան ըսաւ լրագրողներու հետ զրոյցին։
«Կարելի է վիճել մէկ-երկու տարբերակի միջեւ, բայց երբ Սովետական Միութիւնն այդ սահմանները գծել է, իրենք հիմնականում, մի գուցէ տեղում յատուկ նաեւ նպատակ ունենալով, յստակ գծել են Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա սահմանը, որովհետեւ դրանք եղել են Սովետական Միութեան արտաքին քարտէզները: Բայց մնացած քարտէզներն իրենք հնարաւորինս խառնել են, ասել են՝ մեր վարչական տարածքն է: Եւ խնդիրը քարտէզների մէջ եղել է միշտ յստակ փաստաթուղթ գտնել, որտեղ երկուստէք բան կայ: Հիմա գտել ենք, ունենք»,- ըսաւ ան:
Ըստ Ալեն Սիմոնեանի՝ այդ քարտէզները շատ քիչ կը տարբերին իրարմէ, եւ խօսքը մասշտաբներու տարբերութեան մասին է:
«Ճիշդ է, խօսքը մեթրերի մասին է, բայց այդ մեթրը կարող է ինչ-որ բան փոխել հողի վրայ, [խօսքը] մասշտաբների մասին է: Մասշտաբաւորման տրամաբանութեան մէջ կայ 1-ը 100 հազարի, 1-ը՝ 50 հազարի, 1-ը՝ 25 հազարի մասշտաբային քարտէզ, եւ այս տարբերակն այս պահի դրութեամբ ամենաընդունելին է: Մեզ համար նոյնպէս շատ ընդունելի տարբերակ է»,- ըսաւ ան։
ԱԺ նախագահը նաեւ յայտարարեց. «Վստահեցնում եմ ձեզ՝ մի քանի տարի յետոյ այդ գիւղերը լինելու են օրինակելի գիւղեր, եւ 2026-ի ընտրութիւնների ժամանակ ՔՊ-ն այնտեղ յաղթելու է շռնդալից ձեւով»: