ԱՄՆ Արեւմտեան թեմի Ս. Ղեւոնդեանց Մայր Տաճարը մշտապէս աչքի է ընկնում իր մարդաշատութեամբ, յատկապէս սուրբ պատարագների ժամանակ, սակայն Ապրիլի 21-ը տարբերւում էր միւս կիրակիներից: Եկեղեցում էին հաւաքուել թեմի տարբեր քաղաքներից ու նահանգներից ժամանած երիտասարդներ, ինչպէս նաեւ շաբաթօրեայ եւ կիրակնօրեայ դպրոցի աշակերտներ: Բանն այն էր, որ տակաւին ամիսներ առաջ թեմի Երիտասարդաց միութիւնը առաջնորդ, գերաշնորհ Տ. Յովնան արք. Տէրտէրեանի օրհնութեամբ, որոշել էին անակնկալ կազմակերպել հոգեշնորհ Տ. Երեմիա վարդապետ Աբգարեանի ծննդեան 40-ամեայ յօբելեանը:
Հայր սուրբը ծնուել է հայրենիքում, միջնակարգն աւարտելուց յետոյ զինուորական ծառայութեան է կոչուել Արցախում, ապա սովորել եւ աւարտել է Գէորգեան հոգեւոր ճեմարանը, ձեռնադրուել կուսակրօն քահանայ: Հայր Երեմիայի աշխատանքային ծառայութիւնը կապուած է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիւանատան, Սեւանի Վազգէնեան հոգեւոր դպրանոցի, Աւստրալիայի եւ ԱՄՆ Արեւմտեան թեմերի հետ:
Լեփ լեցուն եկեղեցում, Հայր Երեմիան տեսնելով բազմաթիւ երիտասարդների ներկայութիւնը, որոնց իր ծառայական տարիների ընթացքում ուղորդել եւ առաջնորդել էր, թերեւս զարմացաւ, բայց ոչինչ չկռահեց: Ապա Յովնան սրբազանը քարոզից առաջ ջերմօրէն շնորհաւորեց Հայր սուրբին՝ նրա կուրծքը զարդարելով հոյակերտ լանջախաչով: Սրբազան հայրն իր խօսքում ընդգծեց Հայր սուրբի մարդկային ու հոգեւոր արժանիքները, որ Հայր Երեմիան իր անսահման համեստութեամբ, մտացի ու հոգեմտաւոր ներուժով խանդավառում է հաւատաւոր հայորդիներին եւ նրանց առաջնորդում դէպի Քրիստոս եւ դէպի Մայր եկեղեցի:
Հայր սուրբը, քարոզի սկզբում խոստովանեց, որ օրուայ խորհրդին պատշաճ այլ պատգամ էր պատրաստել, սակայն հարկարդրուած է այլ բանի մասին խօսել:
Անակնկալներն այսքանով չվերջացան: Պատարագից յետոյ ներկաները աւանդատան մուտքի մօտ սպասում էին յօբելեարին, որպէսզի առաջնորդեն դէպի «Համբար» սրահ, ուր կազմակերպել էին գեղեցիկ յայտագիր ու ճոխ հիւրասիրութիւն:
Տէրունական աղօթքից յետոյ, օրուայ հանդիսավար Վիկտորիա Ամրանը, համառօտ ներկայացրեց հոգեշնորհ Տ. Երեմիա վրդ. Աբգարեանի կենսագրական գծերը: Խօսելով հայր սուրբի մարդկային յատկանիշների մասին՝ նշեց, որ նա ամէնուր սիրուած եւ յարգուած հոգեւորական է, որ նրա ծառայութեան շնորհիւ բազմապատկուել ու եռապատկուել են երիտասարդների մասնակցութիւնը հոգեւոր ու եկեղեցական կեանքում: Ապա նշեց, որ յօբելեարի տարեդարձի առթիւ շնորհաւորանքներ են յղել աշխարհի չորս կողմերից Հայր սուրբի ծառայակից, միաբանակից եւ լծակից եղբայրներն ու մտերիմները, որից յետոյ տեղի ունեցաւ գեղեցիկ տեսանիւթի ցուցադրութիւն:
Յայտագիրը յագեցած էր նաեւ գեղարուեստական մասով: Ռանչօ Միրաժի Ս. Կարապետ եկեղեցուց Դաւիթ Գէորգեանը աւանդական դուդուկի կատարմամբ ներկայացրեց Կոմիտասի ստեղծագործութիւններից, իսկ Ս. Ղեւոնդեանց մայր տաճարի երիտասարդներից Ջաքլին Սեմերջեանը դաշնամուրով կատարեց Առնօ Բաբաջանեանի «Էլեգիա»-ն:
Արեւմտեան թեմի երիտասարդական միութեան կեդրոնական վարչութեան անունից շնորհաւորական խօսքով հանդէս եկաւ ատենապետ Քենդես Կարասարիգիսեանը, որն իր խօսքում մասնաւոր շնորհակալութիւն յայտնեց Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ին, որ Հայր Երեմիային վերանշանակեց ԱՄՆ Արեւմտեան թեմում, ինչպէս նաեւ առաջնորդ, գերաշնորհ Տ. Յովնան արք. Տէրտէրեանին, որ Հայր սուրբի համար ստեղծեց բոլոր պայմանները, որ նա իր ուսման հետ միաժամանակ բազմաբեղուն ու արդիւնաշատ ծառայութիւն բերի տիրախնամ թեմում:
Երիտասարդ փաստաբաններ, բարեշնորհ Նարեկ սրկ. Կասեանը, Մայք սրկ. Դերմենջեանը եւ Էնդրու սրկ. Ղարիբեանը հումորային յիշողութիւններով ու պատմութիւններով ոգեւորեցին ներկաներին՝ ընդգծելով Հայր Երեմիայի պատասխանատւութեան բարձր գիտակցութիւնը եւ անսահման սէրն ու նուիրուածութիւնը դէպի Մայր Աթոռ Ս. Էջմիածին, դէպի Մայր հայրենիք ու սրբազնասուրբ մեր Մայր եկեղեցին:
Տեսանիւթ էին պատրաստել նաեւ թեմի տարբեր նահանգներում ու վայրերում ապրող երիտասարդները՝ իրենց ջերմ ու անկեղծ շնորհաւորանքներով:
Բոլորը միահամուռ վկայում էին Հայր սուրբի բարձր արժանիքների մասին, որի երիտասարդ սրտի մէջ թաքնուած է եկեղեցու հոգսերով եւ Քրիստոսի սիրով օժտուած, բարձր գիտակցութեամբ ու իմաստուն նկարագրով բարի հոգեւորական, որը սիրուած է բոլորի կողմից: Նրա ազդեցիկ խօսքը ու անձնազոհ կերպարը խանդավառում է քրիստոնեայ հայորդիների հոգիները եւ խթանում հաւատացեալներին իրենց հոգեւոր կեանքում: Մարդկանց մշտապէս օգնելու եւ զօրավիգ կանգնելու առաքելութեամբ՝ Հայր Երեմիան ամէնուր է, թեմի տարբեր եկեղեցիներում, որին սպասում են անհամբեր թէ՛ հաւատցեալները եւ թէ՛ հոգեւոր սպասաւորները:
Իր խօսքում Հայր Երեմիան շնորհակալութիւն յայտնեց ներկաներին նման հրաշալի անակնկալ կազմակերպելու համար: Ընդգծեց, որ բոլոր բարեմաղթանքներն էլ աւելի են պարտաւորեցնում իրեն հոգեւոր ծառայութեան մէջ՝ ի սէր Քրիստոսի եւ ի սէր մեր աշխարհասփիւռ ժողովրդի:
Աւարտին Առաջնորդ Յովնան սրբազանի հայրական օրհնութեամբ վերջացաւ յայտագրի գերղարուեստական մասը:
Ծննդեան աւանդական երգեցողութեան ներքոյ երիտասարդները սրահ բերեցին գեղեցիկ տորթը, որի վրայ պատկերուած էր Հայր սուրբի մանկական նկարը, իսկ քանի որ բոլորի սրտում Հայր Երեմիան յաւերժ երիտասարդ է, տարիքը խորհրդանշող քսան գումարած քսանի փոխարէն տեղադրուած էր համեստ հարցական նշան:
Ներկաներին զարմացրեց նաեւ ծրագրաւորող Վարդան Արզումանեանի ներբող բանաստեղծութիւնը՝ նուիրուած յօբելեարին:
Սիրուած հոգեւորականի տարեդարձի անակնկալները շարունակւում են առ այսօր: Օրուայ մասնակիցները գեղեցիկ ցուցանակների վրայ, շնորհաւորական գրութիւններով պաստառներ են պատրաստում եւ որպէս յիշատակ նուիրում բոլորի կողմից սիրուած ՄԵՐ ՀԱՅՐ ՍՈՒՐԲԻՆ:
-Շնորհաւոր տարեդարձ, սիրելի Տ. Երեմիա վարդապետ Աբգարեան:
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՍԱՐԿԱՒԱԳ ԳՈՒՄՐՈՒՅԵԱՆ
Արեւմտեան թեմի շաբաթօրեայ վարժարանների հոգեւոր տեսուչ