Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայաստան-Սփիւռք Յարաբերութիւնները Խոր Փոփոխութիւններու կ’ենթարկուին. ՀՀ Վարչապետ

Հայաստան-Սփիւռք Յարաբերութիւնները Խոր Փոփոխութիւններու կ’ենթարկուին. ՀՀ Վարչապետ

by MassisPost

Վարչապետ Նիկոլ Փաշինեան տիկնոջ` Աննա Յակոբեանի հետ Հայաստանի ազգային պատկերասրահէն ներս մասնակցեցեցաւ Համաշխարհային Հայկական առաջին գագաթնաժողովի բացման արարողութեան:

Միջոցառումին ներկայ էին  նաեւ Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնեանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Յարութիւնեանը, Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը, Սփիւռքի գործերու գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը եւ տարբեր ոլորտներ ներկայացնող սփիւռքահայ բազմաթիւ գործիչներ եւ պաշտօնատար այլ անձինք:

Վարչապետ Փաշինեան հանդէս եկաւ ելոյթով, որուն ընթացքին ան նախ ըսաւ.

«Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը նպատակ ունի դառնալ այն մարդկանց հարթակը եւ հանդիպման վայրը, ովքեր ուզում են եւ պատրաստ են Հայաստանի Հանրապետութեան պետական շահը դարձնել համահայկական օրակարգ եւ իրենց ներդրումն ունենալ այդ շահի առաջմղմանն, աջակցել պետականութեան ինստիտուցիոնալ կայացմանը եւ ռազմավարական զարգացմանը որպէս 21-րդ դարի մարտահրաւէրների համարժէք, արդիական պետութիւն:

«Հայաստան-սփիւռք երկխօսութեան համատեքստում այս հաւաքը իրաւամբ սպասուած եւ տեղին է, մանաւանդ այս օրերին, երբ բոլորին ակնյայտ է, որ Հայաստան-սփիւռք յարաբերութիւնները բովանդակային, սոցիալ-հոգեբանական, կազմակերպչական խորը փոփոխութիւնների են ենթարկւում` անկախ մեր կամքից: Այդ փոփոխութիւնները տեղի են ունենում ոչ թէ այն պատճառով, որ ինչ-որ մէկը ցանկանում է դա, այլ որովհետեւ գլոբալ գործընթացներն են պարտադրում նման փոփոխութիւններ: Այդ փոփոխութիւնները կապ չունեն ոչ 2018 թուականին Հայաստանում տեղի ունեցած յեղափոխութեան, ոչ էլ 2020 թուականի 44-օրեայ պատերազմի ողբերգութեան հետ: Թէ’ յեղափոխութիւնը, թէ’ պատերազմը առիթ էին, որ մենք արձանագրէինք ակնյայտը: Իսկ ակնյայտ է այն, որ ժամանակը անխուսափելի ազդեցութիւն է թողնում նաեւ հայկական սփիւռքի էութեան եւ բովանդակութեան վրայ: Ի՞նչ է նշանակում սփիւռքահայ մի դարաշրջանում, երբ մարդը կարող է շաբաթուայ 7 օրը անցկացնել վեց տարբեր աշխարհամասերում: Ի՞նչ է նշանակում լինել սփիւռքահայ մի պայմաններում, երբ աշխարհի ցանկացած վայրից կարելի է վայրկեանների ընթացքում նամակ, լուսանկար ու տեսանիւթ ուղարկել եւ ստանալ, ուղիղ տեսակապ հաստատել ցանկացածի հետ օրուայ մէջ 24 ժամ: Ի՞նչ է նշանակում համայնքային կեանք մի պայմաններում, երբ հայ գրականութիւնը, հայկական մամուլը, գրքերը ինտերնետի միջոցով հասանելի են ցանկացած ժամանակ եւ ցանկացած վայրում, եւ ցանկացած հայ ցանկացած պահի կարող է խօսել ցանկացած այլ հայի հետ, գեներացնել, կիսել, տարածել ցանկացած գաղափար պայմաններում, երբ Հայաստանը ինտերնետի հասանելիութեամբ ու ազատութեամբ աշխարհի առաջատար երկրների ցանկում է: Սրանք հարցեր են, որոնց պատասխանելը չափազանց կարեւոր է բոլորիս համար»,- ընդգծեց վարչապետը:

Երկրի ղեկավարի կարծիքով` այս հարցերու պատասխանները Հայաստանի Հանրապետութեան եւ սփիւռքի յարաբերութիւններուն մէջ շատ բան փոխուած է:

«Նման բան կարծում ենք այն համոզմունքով, որ աշխարհասփիւռ հայութիւնը մեծ ներուժ է եւ նման աշխարհասփիւռ ռեսուրս ունեցող երկիրը, ինչպիսին է Հայաստանը, չպէտք է ունենար այն խնդիրները, որն ունի: Իսկ եթէ ունի, նշանակում է` մենք շատ բան սխալ ենք արել եւ անում ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստան-սփիւռք յարաբերութիւններում»,- շեշտեց վարչապետը:

Ամենամեծ սխալը, ըստ վարչապետի, այն է, որ Հայաստան-սփիւռք խօսակցութիւնը սովորաբար կը սկսի, կ’ընթանայ եւ կ’աւարտի բոլորին յայտնի կամ ինչպէս ընդունուած է ըսել` համազգային հաւանութեան արժանացած ճշմարտութիւններով:

«Սայ, իհարկէ, վատ չէ, սա նոյնիսկ լաւ է, բայց անթերի չէ այն իմաստով, որ չի ընդլայնում ինքներս մեր եւ աշխարհի մասին մեր ունեցած պատկերացումները: Սա էլ իր հերթին հնարաւորութիւն չի տալիս, որ մենք բաւարար արագութեամբ ընկալենք եւ արձանագրենք աշխարհում տեղի ունեցող փոփոխութիւններին, ասել է թէ` օգտուենք հնարաւորութիւններից եւ կառավարենք մարտահրաւէրները:

«Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը տեղի է ունենում պայմաններում, երբ աշխարհի, տարածաշրջանի, նոյնիսկ ինքներս մեր մասին շատ պատկերացումներ, երազանքներ սասանուել են, երբեմն` նոյնիսկ փլուզուել: Մեր առաջարկն ու պատկերացումն է ոչ թէ մնալ այդ փլատակների տակ, այլ փորձել գտնել նոր հնարաւորութիւններ, փորձել յատկապէս Հայաստանի Հանրապետութիւնը դարձնել նոր պատկերացումների, նոր երազանքների, նոր մօտեցումների ձեւաւորման եւ զարգացման մի հարթակ, առանցքում ունենալով Հայաստանի անկախ, ինքնիշխան, անվտանգ, ազատ, զարգացած, ժողովրդավարական Հանրապետութիւնը, որովհետեւ ցանկացած հայ, գլոբալացուող աշխարհի ցանկացած վայրում կարող է ունենալ ցանկացած բան` բարեկեցութիւն, աշխատանք, փող, ընտանիք եւ բացառութիւն է միայն մէկ բան եւ այդ մէկ բանը Հայաստանի Հանրապետութիւնն է, որի քաղաքացի լինելու հպարտութիւնը եւ երջանկութիւնը կրում են դահլիճում ներկայ մարդկանց մեծամասնութիւնը»,- եզրափակեց վարչապետը:

Հարակից Նյութեր

Leave a Comment