Ռուբէն Վարդանեանը պիտի նշանակուի Արցախի Հանրապետութեան պետական նախարարի պաշտօնին: Այս մասին կը տեղեկացնէ Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը.
«Յարգելի՛ հայրենակիցներ,
Կ’ուզէի ձեզ տեղեկացնել իմ կողմից կայացուած շատ կարեւոր մի որոշման մասին: Բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործիչ Ռուբէն Վարդանեանին, ում Արցախ տեղափոխուելու որոշումն առաջիններից մէկն եմ ողջունել, առաջարկել եմ ստանձնել Արցախի Հանրապետութեան պետական նախարարի պաշտօնը` պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու եւ գործելու լայն լիազօրութիւններ: Ռուբէնի մասին կարելի է երկար գրել, անդրադառնալ նրա համարձակ որոշումներին, նուիրուածութեանը Հայրենիքին ու ժողովրդին, բայց այսօր միմիայն գործելու ժամանակն է, ուստի սպասում եմ առաջարկիս վերաբերեալ նրա որոշմանը: Յոյսով եմ` մեր համագործակցութիւնը կը սկսենք յառաջիկայ շաբաթներին, որին առնչուող այլ մանրամասների մասին կը յայտնեմ յաջորդիւ: Ի հարկէ, սա չի նշանակում, որ գործող պետական նախարար Արտակ Բեկլարեանի աշխատանքն արդիւնաւէտ չեմ գնահատում, բայց հաշուի առնելով առկայ մարտահրաւէրներն անհրաժեշտ եմ համարում համազգային բոլոր ջանքերի միաւորումը»: