«Ատրպէյճանի ախորժակը ՀՀ ինքնիշխան տարածքի հանդէպ միշտ յայտնի է եղել: Սա վերջին յարձակումը չէ, նորից է փորձելու ոտնձգութիւններ անել ՀՀ ինքնիշխան տարածքների հանդէպ: Միշտ ասում են, որ աչք ունեն Սիւնիքի վրայ, մանաւանդ որ չկարողացան նպատակին հասնել եւ Սիւնիքով միջանցք ստանալ», Aravot.am-ի հետ զրոյցում անդրադառնալով Ատրպէյճանի կողմից Սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրայ ձեռնարկած յարձակմանը` ասաց ՍԴՀԿ Կեդրոնական Վարչութեան անդամ Ալեքսան Քէօշկէրեանը:
«Միջազգային հակազդեցութիւնը շատ աւելին էր, քան նախորդ անգամները: ՀԱՊԿ-ի դերակատարման առումով որեւէ բան չեմ կարող ասել, բայց արեւմուտքի, ԱՄՆ-ի, Ֆրանսայի յայտարարութիւնները, կարծում եմ, սանձեցին: Բաւական է շեշտել մեր բանակի հակազդեցութիւնը: Մեր զինուորների հակազդեցութեան եւ միջազգային հանրութեան ճնշման տակ Ատրպէյճանն այս անգամ չհասաւ նպատակին, եւ, կարծում եմ, այսուհետեւ եւս չի կարողանալու», համոզմունք յայտնեց Ալեքսան Քէօշկէրեանը:
Անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի խօսնակ Նենսի Փելոսիի այցին ու հարցադրմանը, թէ մենք ինչ ենք առհասարակ սպասում միջազգային դերակատարներից, Ալեքսան Քէօշկէրեանը նշեց․ «Արեւմուտքից շատ մեծ սպասումներ չունեմ: Ուզենք, թէ ոչ, ունենք ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, որն այսօր ինքն իր հարցերն ունի, մխրճուած է ուքրանական պատերազմում, «կախուածութիւններ» ունի Թուրքիայից: ՌԴ-ի ազդեցութիւնն այս անգամ թուլացած է, բայց Արեւմուտքի վրայ ամբողջութեամբ յոյսը դնելը սխալ է, որովհետեւ Արեւմուտքն իր հաշիւներն ու հարցերն ունի: Այո, Փելոսին եկաւ եւ զօրակցեց, արեց յայտարարութիւններ, որոնց մենք չենք կարող ընթացք տալ, մանաւանդ Իրանի հետ կապուած ակնարկը: Իրանը մեր հարեւանն է, բարեկամն է: Ամբողջապէս համաձայն չենք Փելոսիի ասածների հետ, բայց զօրակցութեան եւ քաղաքական աջակցութեան համար շնորհակալ ենք: Մենք համաձայն չենք դառնալ այն երկիրը, որով կը մեկուսացնեն Իրանին: Իրանն այն երկրներից է, որ ծայրայեղ դէմ է միջանցքի յանձնմանն Ատրպէյճանին: Իրանի հետ կապը մեր համար կեանքի ճանապարհ է: Չպէտք է շահագործուենք` տարածաշրջանում Իրանին մեկուսացնելու հարցում: Դա մեր շահերից չի բխում»:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍԵԱՆ