Վերջին տուեալներով՝ Հայաստանէն Ռուսաստան արտահանումները մօտ 30 տոկոս անկում ապրած են, ինչ որ մտահոգիչ է: Այս մասին ըսաւ տնտեսութեան նախարար Վահան Քերոբեանը` պատասխանելով հարցին, թէ ռուս-ուքրանական հակամարտութեան սրումը ինչ ազդեցութիւն ունեցած է Հայաստանի տնտեսութեան վրայ: Միեւնոյն ժամանակ, նախարարը նշեց, որ միւս ուղղութիւններով կայ արտահանման աճ:
«Հիմա արտահանողների հետ աշխատում ենք, որ վերակնքեն իրենց պայմանագրերը նոր գների պայմաններով, որի արդիւնքում, կարծում ենք, արտահանման ծաւալները կը սկսեն աճել, որովհետեւ այն բացը, որ յառաջացել է նաեւ ռուսական շուկայում բազմաթիւ արեւմտեան ընկերութիւնների դուրս գալու պատճառով, թոյլ է տալիս ենթադրել, որ մեր շուկայի չափաբաժինը ռուսական շուկայում կարող ենք մեծացնել», ըսաւ Քերոբեան: