«44-օրեայ պատերազմում Հայաստանի պարտութեան համար զօրավարներն են մեղաւոր, որոնց մեծ մասը անգամ ունակ չի եղել կառավարել զինուած ուժերը՝ հակառակորդին անցած տարածքներում թողնելով 1700 զոհ ու վիրաւոր, իրականում, Հայաստանը բանակ չի ունեցել», Հանրային հեռուստաընկերութեան երէկ՝ Ապրիլ 18-ին, հեռարձակած հարցազրոյցի ժամանակ յայտարարած է Արցախի Անվտանգութեան խորհուրդի նախկին քարտուղար՝ Սամուէլ Բաբայեան։
Յիշեցնենք, որ 1993-1999 թուականներուն, Բաբայեան Արցախի պաշտպանութեան բանակի հրամանատարն էր, իսկ 1996-ին արժանացած զօրավար-լեյտենանտի կոչման։
44-օրեայ պատերազմի աւարտէն անմիջապէս յետոյ՝ անցեալ տարուայ Նոյեմբեր 10-ին ան հրաժարեցաւ Արցախի Անվտանգութեան խորհուրդի քարտուղարի պաշտօնէն եւ «Արցախի հերոս» կոչումէն։
Հարցին, թէ արդեօք հնարաւոր էր կանխել պատերազմը, Բաբայեան պատասխանած է․ – «Ես համարում եմ, որ հնարաւոր չէր։ Ես դրա մասին բազմիցս ոչ թէ էսօր եմ ասում, 13 թուից սկսած ասում եմ, որ Ատրպէյճանը գնում ա պատերազմի, պատրաստւում ա պատերազմի եւ որ օրը պատրաստ լինի, էդ օրը ինքը սկսելու ա էդ պատերազմը… ուզում ենք մենք, չենք ուզում։ Ինքը ժամանակ էր շահում բանակցութիւններով՝ պատրաստուելու համար։ Եւ ինքը չի թաքցրել դա։ Ցաւօք, հայկական կողմը չէր ընդունում դա, համարում էր, որ գերտէրութիւնները յայտարարութիւններ են անում, փաստաթղթեր են ստորագրում՝ Ամերիկա, Ֆրանսա, Ռուսաստան, որ Ղարաբաղի հարցը չի լինի պատերազմով լուծել․․․ այ էդ յոյսով ապրում էր հայկական կողմը եւ չէր զբաղւում լուրջ բանակով, սպառազինութիւնով՝ յոյս ունենալով, որ թոյլ չեն տայ էդ գերտէրութիւնները, որ պատերազմ լինի։ Դա գլխաւոր խնդիրն ա այ էս, ինչ որ կատարուել ա՝ մեր պարտութեան։ Որ բանակով չեն զբաղուել, բանակը սարքել էին յանցագործների մի հատ բան, որ իրանց շահերը սպասարկեն»։
Սամուէլ Բաբայեանի խօսքով, պատերազմը ցոյց տուաւ, որ հայկական զինուած ուժերու հաւաքուած միջոցը (Մոբը), եւ ռազմաարդիւնաբերական յագեցուածութիւնը պարզապէս պատրաստ չէին ռազմական գործողութիւններուն․ – «Ի՞նչ էր դրա պատճառը։ Նա էր պատճառը, որ ժամանակին մարդը որ ծառայել ա, տասը տարի առաջ, տասնհինգ տարի առաջ, որ զօրամասում ա ծառայել, էդ մարդը կրակայինում իրա ընդհանրապէս ծառայութեան ժամանակ էղել ա, թէ չի էղել, պատրաստուած ա, թէ չէ․․․ Ես ձեզ հաւաստիացնում եմ, որ ամենաշատը երեք պատրոն կարող ա կրակած լինի»։
Տասնամեակներ այդ վիճակն էր, շարունակած է Բաբայեան՝ բարձրացնելով մէկ այլ հարց․ թէ արդեօք ռազմական հետախուզութեան պատասխանատուները քաղաքական ղեկավարութեան իրապէս ներկայացուցած են ձեւաւորուող իրավիճակը․ – «Ես յստակ օրինակ բերեմ. ամենալաւը Նախիջեւանի ուղղութիւնն ա․․․ Արարատեան, Սիսիան, Մեղրի եւ այլ մի քանի․․․ վեց հազար, եօթ հազար զօրք էք բերել, որը զինուած ա թեթեւ․․․ յատուկ մի բան էլ չկայ, որ ասենք։ Ատրպէյճանը էս վերջին տասը տարին էնտեղ ստեղծել ա արմիա․․․ Ոնց որ Ղարաբաղում մենք ունենք արմիա, այդ տենց մի հատ ստեղծել ա։ Հարիւր հատ թանկ ա առել Т-90 վերջին թանկերից ռուսական, առել ա ամբողջ հրետանի կազմը՝ սկսած կաուպիչնի, զալփովի եւ այլ իսրայէլական։ Մի խօսքով, աշխարհի վերջին զինատեսակներով զինուած ա էդ արմիան։ 22 հազար միաւոր, 22 հազար էսօր Նախիջեւանի բանակն ա։ Մենք ի՞նչ յոյսով ենք նստել-նայում ենք, որ ի՞նչ անենք։ Համարենք էդ ռուսական դրոշն էլ Երաշխաւանում չենք տնկել»։
Բարձրաստիճան զինուորականները կ’ըսեն, որ բանակը պատրաստ եղած է պատերազմելու, սակայն քաղաքական ղեկավարութիւնը խոչընդոտներ յարուցել, նշեց Բաբայեան՝ աւելցնելով. – «Դա խօսում ա նրա մասին, որ էս մարդիկ ուղղակի ուզում են մեղքը իրանցից գցեն։ Բայց ես համարում եմ, որ ամբողջովին զօրավարներն ա մեղաւոր․․․ Փաշինեանը չի կարա որոշի, որ հրամանը տուել ա զօրահաւաք անել․․․ այսինքն, դա յետոյ նախարարն ա էդ զօրահաւաքը անում, կազմակերպում, շտաբի պետը բաշխում ա։ Փաշինեանը եթէ յատուկ կարգադրութիւն չանէր, որ թոյլ տալ զօրահաւաք անեն, ուրեմն ինքը մեղաւոր ա։ Փաշինեանը կը լինի, թէ մի այլ անձ։ Եթէ նա թոյլ ա տուել, հրաման ա տուել, որ անեն, ապա մնացածը արդէն զօրավարներն են։ Եթէ նրանք ոչ պատրաստ մարդկանց տարել են առաջին գիծ եւ այլն, ապա դա զօրավարներն են մեղաւոր։ Եթէ հետախուզութեան պետերը զեկոյցներ են ներկայացրել, էդ շտաբի պետը, նախարարը որեւիցի քայլ չի ձեռնարկել կամ չի զեկուցել իրա վերադասին, որ դա իմ իրաւասութիւնս չի, դուք պէտք է միջամտէք, որ էս խնդիրները լուծուին։ Եթէ զեկուցել են, ուրեմն քաղաքական ղեկավարն ա մեղաւոր։ Եթէ չեն զեկուցել, իրանք են մեղաւոր»։