Home ԳԱՂՈՒԹԱՅԻՆ Հայաստանից ԱՄՆ Ոգելից եւ Ոչ Ոգելից Խմիչքների Ներկրմանը Նուիրուած Գործարար Սեմինար

Հայաստանից ԱՄՆ Ոգելից եւ Ոչ Ոգելից Խմիչքների Ներկրմանը Նուիրուած Գործարար Սեմինար

by MassisPost

Փետրուարի 10-ին տեղի ունեցաւ Հայաստանից ԱՄՆ ոգելից եւ ոչ ոգելից խմիչքների ներկրման խթանմանը նուիրուած հեռավար գործարար սեմինար: Սեմինարը կազմակերպել էր Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնը` տեղական Հայ-ամերիկյեան գործարար խորհրդի աջակցութեամբ: Այն ազդարարում է Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան կողմից կազմակերպուող գործարար սեմինարների սկիզբը, որոնք նուիրուած կը լինեն Հայաստանից տարբեր տեսակի ապրանքների արտահանման խթանմանը դէպի ԱՄՆ եւ ՀՀ-ում արտադրութեան ծաւալմանը:

Գործարար սեմինարը վարեց Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոս, դեսպան Արմէն Բայբուրդեանը: Ողջունելով մասնակիցներին` դեսպան Բայբուրդեան ընդգծեց միջոցառման կարեւորութիւնը` իբրեւ հայ-կալիֆորնիական յարաբերութիւնները գործարար դաշտում առաւել ակտիւացնելու գործնական քայլ, որը կոչուած է աջակցելու Հայաստանի տնտեսութեան զարգացմանը: Գլխաւոր հիւպատոսը նշեց, որ միջոցառումը ունենալու է իր շարունակութիւնը եւ ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնը հետամուտ կը լինի առաջարկութիւնների յետագայ իրագործման ընթացքին: Դեսպան Բայբուրդեանը նշեց նաեւ, որ ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնը համավարակի նահանջից յետոյ կը կազմակերպի միջոցառումներ, որոնք կոչուած կը լինեն դիւրացնելու ամերիկեան շուկայ հայկական խմիչքների մուտքը:

Գործարար սեմինարին մասնակցեցին ՀՀ գլխաւոր հիւպատոսությեան խորհրդական Վարազդատ Պահլաւունին, ՀՀ էկոնոմիկայի նախարարութեան Եւրասիական տնտեսական միութեան եւ արտաքին առեւտրի վարչութեան պետ Նաիրա Կարապետեանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարութեան միջազգային յարաբերութիւնների վարչութեան աշխատակից Յասմիկ Սարգսեանը, Լոս Անջելեսում գործող Հայ-ամերիկյեան գործարար խորհրդի նախագահ Արմէն Յարութիւնեանը, խորհրդի անդամներ Սեւադա Հեմեյլանսը եւ Արմէն Վարդանեանը, Հայաստանում ամերիկեան առեւտրի պալատի գործադիր տնօրէն Կարինէ Սարկիսեանը, ՀՀ-ում արտադրուած ոգելից /գինի, կոնեակ, մրգային օղի, վիսկի/ եւ ոչ ոգելից խմիչքների/ հիւթեր, լիմոնադներ, ջուր, հանքային ջուր/ ԱՄՆ ներմուծողներ եւ Կալիֆորնիայում ոգելից խմիչքի մեծածախ մատակարարներ, ինչպիսիք են LAC, Fat&Happy Beverages, WinesofArmenia, Mistral, America, Voskevaz Winery, ArmAs Winery, Prowood USA, Jermuk Group USA, Apollo International, T&T import-export Inc., Export Armenia, IDW, Mr. Martin Inc., Noahs Orchards Distilling Co., եւ American Global Group ընկերութիւնները:

Քննարկուեցին պետութիւն-ձեռներէց փոխգործակցությեան կապը ավելի արդիւնաւէտ դարձնելու եւ Հայաստանից ԱՄՆ արտահանուող ապրանքների քանակը ավելացնելուն միտուած հարցեր: ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնը հետամուտ կը լինի քննարկումների ժամանակ ներկայացուած առաջարկները ՀՀ համապատասխան նախարարություններին եւ գերատեսչություններին ներկայացնելու եւ գործարարներին հնարաւոր աջակցութիւն ցուցաբերելու գործին:

Հարակից Նյութեր

Leave a Comment