Home ՀԱՅԱՍՏԱՆ Վարչապետի Հրաժարականը Պահանջող Ուժերը Յեղաշրջման Յոյս Ունին, Ռուբինեանի Համոզմամբ

Վարչապետի Հրաժարականը Պահանջող Ուժերը Յեղաշրջման Յոյս Ունին, Ռուբինեանի Համոզմամբ

by MassisPost

«Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր, Ազգային ժողովի Արտաքին յարաբերութիւններու մշտական յանձնաժողովի նախագահ՝ Ռուբէն Ռուբինեանի համոզմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը ոչ թէ կը ցանկան ժողովրդավարական մեթոտներով իշխանութիւն փոխել, այլ յեղաշրջման յոյս ունին։

«Ազատութիւն»-ին «Հարցազրոյց Կարլեն Ասլանեանի հետ» հաղորդման ժամանակ, Ռուբինեան վստահեցուց, որ այդ անյոյս սենար է։

Հարցազրոյցէն հատուած մը կը ներկայացնենք ստորեւ․

«Ազատութիւն»․ – Պարոն Ռուբինեան, արդեօ՞ք Նիկոլ Փաշինեանից բացի ձեր խումբին մէջ չկայ այլ թեկնածու, որը կ’ապահովի այս անցումը, կը բերի կայունութիւն, որովհետեւ ի վերջոյ նա է երկրի ղեկին եղել, երբ Հայաստանը պատերազմում պարտուել է եւ նրա հրաժարականի պահանջն է հնչում։

Ռուբէն Ռուբինեան․ – Ես դա կեղծ թեմա եմ համարում հետեւեալ պատճառով՝ այո՛, Նիկոլ Փաշինեանն է եղել վարչապետ, երբ որ պատերազմն ունեցել է այն արդիւնքը, որն ունեցել է, ես եղել եմ պատգամաւոր եւ յանձնաժողովի նախագահ, մեր խումբի բոլոր պաշտօնեաները եղել են իրենց պաշտօններում, եւ այս առումով ես ընդհանրապէս դէմ եմ, ու շատ գործնական առումով եմ դէմ, մէկ մարդու քաւութեան նոխազ դարձնելուց։ Այո՛, վարչապետ Փաշինեանն ինքը բազմիցս ասել է, որ համար մէկ պատասխանատուն տեղի ունեցածի համար ինքն է, բայց դա չի նշանակում, որ պիտի նշանակուի մէկ քաւութեան նոխազ, եւ ասենք՝ «դէ, վերջ, ինքն էր», էլ չմտածենք, թէ ինչո՞ւ եղաւ, ինչպէ՞ս եղաւ եւ ի՞նչ պիտի լինի հետագայում։ Փաստ է, որ այս պահի դրութեամբ Նիկոլ Փաշինեանն ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքական գործիչն է Հայաստանում։

«Ազատութիւն»․ – Պարոն Ռուբինեան, իմ քայլականներն այդ պնդումը շատ են անում, որտեղից այդ վստահութիւնը։

Ռուբէն Ռուբինեան․ – Ես կարծում եմ, որ դրա համար հերիք կը լինի, որ Դուք դուրս գաք փողոց։ Փաստը նա է, որ վարչապետ Փաշինեանի հրաժարականի համատարած պահանջ չկայ։ Եկէք նայենք՝ արդեօ՞ք այն ուժերը, որոնք այդպիսի պահանջ են դնում, ունեն բաւարար հանրային աջակցութիւն։ Ես կարծում եմ ակներեւ է, որ չունեն։ Հիմա կան մարդիկ, կարող են լինել նաեւ քաղաքական ուժեր, որոնք ասեն՝ «շատ լաւ, բայց միեւնոյն ժամանակ քանի որ վարչապետ Փաշինեանը եղել է վարչապետ, կամ ձեր քաղաքական խումբը՝ «Իմ քայլ»՝ դուք եղել էք իշխանութեան այս պատերազմի ժամանակ եւ դրանից յետոյ եւ մենք կարծում ենք, ասենք թէ, դուք պէտք է հեռանաք», դրա համար պէտք է կրկին վերադառնանք քաղաքական աբսուրդին անհեթեթութեան․ տրամաբանօրէն այն ուժերը, որոնք այդպիսի պնդում են անում, պիտի պահանջեն արտահերթ ընտրութիւններ, եթէ այդ ուժերն այդպիսի պնդում են անում ու չեն պահանջում արտահերթ ընտրութիւններ, կարող է լինել միայն մէկ հետեւութիւն, որ նրանք իրականում ոչ թէ ուզում են իշխանութիւն փոխուի՝ ժողովրդավարական մեթոտներով, այլ իրենք յեղաշրջման յոյս ունեն։ Բայց կարծում եմ, կրկին հետեւելով իրենց գործողութիւններին եւ նաեւ հետեւելով մեր քաղաքական խումբի այս ընթացքում ցուցաբերած ամրութեանը, դա եւս անյոյս սենար է։

«Ազատութիւն»․ – Պարոն Ռուբինեան, այնպէս չէ, որ միայն հրապարակում են հրաժարականի պահանջ հնչեցնում, Դուք լսել էք՝ «Լուսաւոր Հայաստան»-ն է դա ասում, Լեւոն Տէր-Պետրոսեանի Հայ ազգային քոնկրեսը, Արման Բաբաջանեանի կուսակցութիւնը, «Քաղաքացու որոշում»-ը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, բուհական շրջանակներ․․․

Ռուբէն Ռուբինեան․ – Ներողութիւն, նախ ես միայն հրապարակի մասին չեմ խօսում, Էտմոն Մարուքեանը նոյնպէս չի պահանջում արտահերթ ընտրութիւններ, պահանջում է որպէսզի վարչապետ Փաշինեանը հրաժարական տայ եւ ինքն ընտրուի վարչապետ։ Տարբերութիւնը Էտմոն Մարուքեանի եւ Վազգէն Մանուկեանի այն է, որ նրանք դնում են միեւնոյն պահանջը, բայց այլ թեկնածու ունեն եւ պարոն Մարուքեանն ի տրաբերութիւն հրապարակում հաւաքուած ուժերի չի անում հանրահաւաքներ։

Հարակից Նյութեր

Leave a Comment