Home ՀԱՅԱՍՏԱՆ Ըստ Արամ Սարգսեանի, Նիկոլ Փաշինեան Ինքը Պէտք Է Նախաձեռնէ Արտահերթ Ընտրութիւններ

Ըստ Արամ Սարգսեանի, Նիկոլ Փաշինեան Ինքը Պէտք Է Նախաձեռնէ Արտահերթ Ընտրութիւններ

by MassisPost

Նիկոլ Փաշինեան ինքը պէտք է նախաձեռնէ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ, «Ազատութիւն»-ի հետ զրոյցին յայտարարեց Հանրապետութիւն կուսակցութեան առաջնորդ՝ Արամ Սարգսեան:

Հարցին թէ Կա՞յ արդեօք վարչապետ Փաշինեանի օր առաջ հրաժարականի անհրաժեշտութիւն, ինչպէս կը պնդեն փողոցային պայքար սկսած շարք մը ուժեր, Արամ Սարգսեան պատասխանեց․ «Պատերազմի արդիւնքները, դրա հետեւանքները, բնականաբար, հանրութեան մօտ բազմաթիւ հարցեր են առաջացրել, որոնք նաեւ վստահութեան պակասի խնդիր են առաջացնում գործող իշխանութիւնների առումով, ողջ հայութեան զօրութիւնը մի տեղ համախմբելու, ուղղորդելու առումով: Այս առումով, այո, ես կարծում եմ, որ քաղաքական խնդիրները քաղաքական գործընթացներով պիտի լուծուեն: Մենք գտնում ենք, որ վարչապետն ինքը Սահմանադրութեան տարրին, կէտին հետեւելով պիտի նախաձեռնի գործընթացներ Ազգային ժողովի եւ նախագահի ինսթիթութի կիրառմամբ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների, որի ժամկէտը հիմա արդէն պիտի յայտարարի, որ այս ժամկէտին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ: Պիտի ասեմ խելամիտ ժամկէտում, այդ մի քանի ամիսը կարող է լինել չորս ամիս, կարող է լինել վեց ամիս:
«Ասեմ աւելին, այն ինչ որ ես ասում եմ, դա առաւելապէս պէտք է ձեռնտու լինի վարչապետին, որովհետեւ ինչքան այդ ժամկէտը երկարաձգուի, այնքան ի վնաս իրեն է լինելու մի պարզ պատճառով՝ ունենք բացառիկ ծանր տնտեսական խնդիրներ, եւ խնդիրները շատ ծանր էին արդէն համավարակի՝ «Քորոնա» ժահրի ժամանակ, սրան աւելացան պատերազմի խնդիրները, զոհուածների խնդիրները, հաշմանդամութիւն ստացածների, 50-60 հազար անտուն մնացած մարդկանց խնդիրները, սրան աւելացաւ բարոյահոգեբանական իրավիճակը, սրան աւելացան այն խնդիրները, որոնք պատերազմից յետոյ քաղաքական առումով պէտք է լուծուեն: Այս առումով ողջ հայութեան, իւրաքանչիւրս ներուժը, կարողութիւնը ամբողջութեամբ դնելու պարագայում միեւնոյն է շատ բարդ է լինելու, որ մենք կարողանանք դա յաղթահարել: Դրա համար այս բողոքի ալիքը, դժգոհութիւնն իշխանութիւնից, անկախ նրանից՝ վարչապետը Նիկոլ Փաշինեանն է, թէ ով է, այդ ալիքն անընդհատ աւելանալու է, օր օրի աւելանալու է:

Պէտք է ընդառաջ քայլեր անել բոլոր այն մարդկանց, ովքեր բողոքում են, ոչ թէ խրամատների մեջ մտնել: Ցանկացած խրամատաւորում երկիրը յետ է գցելու, միանշանակ»:

Խօսելով ընդդիմութեան առաջարկած վարչապետի անունի մասին, Արամ Սարգսեան ըսած․ «Ամենաքիչ էականը ապագայ վարչապետի անուն-ազգանունի հարցն է: Ես հասկանում եմ, թէ 16-ը ինչու է այսօր անուն ասում, որովհետեւ ասում էին՝ եթէ ոչ Նիկոլ Փաշինեանը, ապա ո՞վ, բայց, ցաւօք սրտի, մենք ինքներս մեր երկիրը հասցրել ենք այն աստիճանի, մենք իրար այնքան ենք վարկաբեկել, որ ցանկացած մարդու անուն, եթէ այսօր տաս, հանրահաւաքում [մարդիկ] ոչ թէ աւելանալու են, այլ պակասելու են: Չկայ այդպիսի մարդ Հայաստանի Հանրապետութիւնում, ում անունը տալով կարող ենք ասել, որ հանրահաւաքում մարդը կ’աւելանայ ու այդպիսի բան լինի: Ցաւօք սրտի, մի մարդ կայ աշխարհում, ում անունը տալով Հայաստանում հանրահաւաքում մարդը կ’աւելանայ, էդ մարդու անունը Վլատիմիր Վլատիմիրի Փութին է:

«Մենք հասցրել երկիրը սրան: Իմ համար այսօրուայ գերկարեւոր խնդիրը Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութիւնն է, ազատագրած տարածքներից առաւել, Ղարաբաղից առաւել կարեւորը Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութիւնն է»:

 

Հարակից Նյութեր

Leave a Comment