Home ՀԱՅԱՍՏԱՆ Դեռ Հոկտեմբերին Փաշինեան Համաձայն Էր Լաւրովեան Ծրագրին, Կ’ըսէ Արման Բաբաջանեան

Դեռ Հոկտեմբերին Փաշինեան Համաձայն Էր Լաւրովեան Ծրագրին, Կ’ըսէ Արման Բաբաջանեան

by MassisPost

Դեռ Հոկտեմբերին Փաշինեան համաձայն էր լաւրովեան ծրագրին, «Ազատութիւն»-ի հետ զրոյցի ընթացքին ըսած է ԱԺ-ի պատգամաւոր, «Յանուն Հանրապետութեան» կուսակցութեան հիմնադիր Արման Բաբաջանեանը:

Ստորեւ կը ներկայացնենք հատուած մը հարցազրոյցէն.

«Ազատութիւն» – Դուք երկու անգամ պատերազմի օրերին հանդիպել էք վարչապետին, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ձեզ լուծման առաջարկ ներկայացուե՞լ է, որ օրինակ` համաձայնենք «Լաւրովեան ծրագր»ին, պատերազմը կը կանգնի, ասե՞լ է վարչապետը նման բան:

Արման Բաբաջանեան – Այն օրը, երբ փաստօրէն ընկնում էր Հատրութը, Հոկտեմբեր 19-ն էր, մի քանի անգամ քաղաքը, կարծեմ, յանձնուել էր թշնամուն, ետ էր վերցուել, եւ այդ օրը վերջին ժամերն էին կարծես, ի դէպ դա այն օրն է, որը վկայաբերեց իր հարցազրոյցում նաեւ Ռուսաստանի նախագահը: Հոկտեմբեր 19-ին, երբ նա խօսել էր Շուշիի մասին եւ այնտեղ ատրպէյճանցիների վերադարձի մասին հայկական վերահսկողութեամբ: Այո, այդ օրը վարչապետը խօսեց իր ստացած նամակի մասին Արայիկ Յարութիւնեանից, որը խորհրդակցել էր Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահների հետ եւ յղել էր նամակ, որում խնդրում էր Հայաստանին անմիջապէս բանակցային սեղանի վրայ առկայ փաստաթղթի շուրջ սկսել բանակցութիւնները, իսկ փաստաթուղթը «Լաւրովի ծրագիր»ն էր:

Եւ մեր հանդիպմանը նախորդած Անվտանգութեան խորհրդի նիստում, ըստ էութեան, ներկայացուել էր այդ ամբողջ նամակը, բովանդակութիւնը եւ վարչապետի տրամադրութիւններն, ըստ էութեան: Նոյն օրը վարչապետը խօսել էր Փութինի հետ եւ նրան հարցրել` ի՞նչը կը կանգնեցնի պատերազմը: Փութինը նրան պատասխանել էր` «Լաւրովի ծրագիր»ը: Եւ Հայաստանը, ըստ էութեան, քաղաքական ուժերի հետ Հայաստանի վարչապետը քննարկում էր եւ տեղեկացնում, որ մեր իրավիճակը, մեր ահռելի տարածքային եւ մարդկային կորուստները, վարչապետի կողմից արտաբերուած միտքն եմ փոխանցում, մեզ ստիպում են գնալ այս ճանապարհով:

«Ազատութիւն» – Այսինքն` հակուա՞ծ էր ինքը:

Արման Բաբաջանեան – Եւ ընդհուպ մինչեւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներից մէկի հարցին, թէ սա անձնատուութի՞ւն է, պարոն վարչապետ, վարչապետը չհակադարձեց, ըստ էութեան համաձայնութիւն տուեց, եւ ես հարցրի` բայց ինչքանո՞վ ենք մենք վստահ, որ պատերազմի այս փուլում, երբ Ատրպէյճանը յաղթում է մեզ, Ատրպէյճանը կը համաձայնի գնալ «Լաւրովի ծրագիր»ի ճանապարհով, վարչապետը չհերքեց եւ համաձայնեց, որ կարող է նոր նախապայմաններ լինեն, եւ Մեղրիի միջանցքի վերաբերեալ առաջին անգամ այդտեղ յայտարարուեց:

Մեր հանդիպումից անմիջապէս յետոյ նոյնիսկ ժամացոյցին էր անընդհատ նայում, որ խնդրում եմ, աւարտենք, ես պիտի խօսեմ Ռուսաստանի նախագահի հետ: Դա 20:00-ն էր: Պիտի խօսուեր, եւ Հայաստանն իր համաձայնութիւնը պիտի տար: Ըստ էութեան, հասկանում ենք, որ եղել է այդ զանգը, այդ համաձայնութիւնը, Ալիեւը չի համաձայնել կանգնեցնել` առանց նոյնիսկ այդ պահին նախապայմանների, որովհետեւ մեր հանդիպման ամփոփումը դրա մասին էր, որ պատերազմը դադարելու է, որովհետեւ Ռուսաստանի հետ ձեռք է բերուում, ըստ էութեան, պայմանաւորուածութիւն` «Լաւրովի ծրագրով» շարժուել:

 

Հարակից Նյութեր

Leave a Comment