Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Սա մի նոր Սարդարապատ է․ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի Ուղերձը Հայ Ժողովուրդին

Սա մի նոր Սարդարապատ է․ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի Ուղերձը Հայ Ժողովուրդին

by MassisPost

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան Շաբաթ երեկոյեան հանդէս եկաւ   հայ ժողովուրդին ուղղուած ելոթով.

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետութեան հպարտ քաղաքացիներ,

Արցախի Հանրապետութեան հպարտ քաղաքացիներ,

Սփիւռքի հպարտ հայութիւն.

Արդէն գործնականում մէկ շաբաթ հայ ժողովուրդը՝ Արցախում եւ Հայաստանում, դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական յարձակմանը: Յարձակման մասշտաբները աննախադէպ են, թշնամին գրոհում է այնպիսի ծաւալներով, որ ըստ ռազմական փորձագէտների 21-րդ դարում յաճախ չի պատահել աշխարհի որեւէ հատուածում, հակամարտութեան գօտիներից որեւէ մէկում:

Հարիւրաւոր տանկեր եւ հետեւակի մարտական մեքենաներ, հազարաւոր արկեր եւ հրթիռներ, տասնեակ ինքնաթիռներ, հարիւրաւոր անօդաչու թռչող սարքեր եւ տասնեակ հազարաւոր հետեւակ՝ արդէն մէկ շաբաթ գրոհում են Արցախի պաշտպանական բանակի դիրքերը՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Նախորդ օրուայ մեր վերլուծութիւնները ցոյց տուեցին, որ Արցախի պաշտպանութեան բանակի մէկ մարտական դիրքի վրայ գրոհի է նետւում մօտաւորապէս 150-ից 200 թշնամական զինուոր, ընդ որում այսպիսի գրոհները կրկնւում են օրուայ մէջ մի քանի անգամ, ուղեկցւում են հրթիռային եւ աւանդական հրետանու, զրահատեխնիկայի, օդանաւերի, անօդաչու թռչող սարքերի աջակցութեամբ: Մեր զինուորականների վկայութեամբ, բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից, գրոհներին ներգրաւուած են սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ, թուրքական բանակի յատուկ ջոկատայիններ:

Մեր տեղեկութիւններով թուրքական բանակի շուրջ 150 բարձրաստիճան զինուորականներ գտնւում են Ադրբեջանի զինուած ուժերի տարբեր օղակների հրամանատարական կէտերում եւ ղեկավարում են ռազմական գործողութիւնները:

Այս նկարագրութիւնն ինքնին պիտի վկայի, թէ ինչպիսի ծանր մարտեր են տեղի ունենում առաջնագծում: Արդէն մէկ շաբաթ՝ Արցախի պաշտպանութեան բանակը, մեր կամաւորական ջոկատները կենաց եւ մահու կռիւ են տալիս Արցախի սրբազան հողի վրայ: Այս պահի դրութեամբ արդէն ունենք բազմաթիւ մարդկային կորուստներ՝ զինուորական եւ քաղաքացիական, շարքից դուրս է եկել մեծ թուով զինտեխնիկայ, բայց հակառակորդը այդպէս էլ ի վիճակի չի եղել լուծել որեւէ ռազմավարական խնդիր:

Աներեւակայելի է այն տոկունութիւնը, որով մեր զինուորները, սպաները, գեներալներն ու ազատամարտիկները կանգնած են հրոսակային այս յարձակմանը յանդիման: Մեր զինուորներն ու կամաւորները չեն խնայում ոչինչ եւ հերոսութեան աներեւակայելի օրինակներ են ցոյց տալիս: Այսօր մարտի դաշտում հակառակորդի հարիւրաւոր ոչնչացուած զրահատեխնիկայ կայ, տասնեակ օդանաւեր եւ ուղղաթիռներ, հարիւրաւոր անօդաչու թռչող սարքէր, մարդուժի կորուստները հակառակորդի անցնում են մի քանի հազարը:

Այս պահի դրութեամբ էլ թէժ մարտերը շարունակւում են առաջնագծի տարբեր հատուածներում, որոշ տեղերում Պաշտպանութեան բանակի զօրքերը գտնւում են բաւականին ծանր դրութեան մէջ, որոշ տեղերում վստահօրէն տիրապետում են իրավիճակին:

Սիրելի հայրենակիցներ, եղբայրներ եւ քոյրեր.
Մենք ապրում ենք մեր հազարամեայ պատմութեան թերեւս ամենավճռորոշ փուլում: Ադրբեջանաթուրքական հրոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում են:

Նրանք միայն Ղարաբաղի կամ Ղարաբաղի հարցի ետեւից չէ, որ եկել են: Նրանք չեն եկել միայն տարածքներ, գիւղեր կամ քաղաքներ գրաւելու: Նրանց նպատակը հայութիւնն է, նրանց նպատակը Հայոց ցեղասպանութեան իրենց քաղաքականութեան շարունակութիւնն է, եւ նրանք խնդիր են դրել հայոց ցեղասպանութիւնը շարունակելու:

Բայց այսօր, այստեղ ուզում եմ ասել, որ հիմա այլեւս՝ հայը, Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին, Արցախի Հանրապետութեան քաղաքացին Դեր Զօրի ճամփորդը չէ: Այսօր, քան երբեւէ, մենք համակուած ենք մեր ինքնութիւնը, մեր հայրենիքը, մեր իրաւունքը պաշտպանելու անխորտակելի վճռականութեամբ:

Դրանում համոզուել եմ նաեւ՝ երեկ երեկոյեան հեռախօսազրոյց ունենալով Արցախի Պաշտպանական շրջանների հրամանատարների, դիվիզիաների հրամանատարների, անգամ առաջնագծում գտնուող մի շարք շարքայինների, սպաների եւ ենթասպաների հետ:

Նրանց ասել եմ, որ սիրում եմ բոլորին, հպարտանում եմ իրենցով, խոնարհւում եմ իրենց առաջ: Նրանց ասել եմ, որ հայ ազգը, որ նահատակ եւ կենդանի հերոսների շնորհիւ ճաշակել են յաղթանակի անզուգական համը, այլեւս համաձայն չէ որեւէ ուրիշ ճակատագրի:

Յաղթանակը, միայն ու միայն յաղթանակը, բացառապէս յաղթանակն է այն աւարտը, որը մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում: Այսօր արդէն Արցախի պաշտպանութեան բանակը իրականացրել է ակտիւ հակայարձակողական գործողութիւններ եւ հասել էական յաջողութիւնների` ջախջախելով թշնամական մի քանի յատուկ նշանակութեան ստորաբաժանում:

Մեր թշնամին որքան էլ վարձկան հրոսակների առատ հոսք ունենայ, չի կարող մրցակցել ապրելու եւ յաղթելու հայկական կամքի հետ, ու մենք համատեղ ջանքերով պիտի կոտրենք յարձակուող ոսոխի ողնաշարը, որ նա այլեւս երբեք, այլեւս երբեք իր ոճրագործ ձեռքերը չպարզի մեր ուղղութեամբ, իր արիւնոտ հայեացքը չուղղի մեր հայրենիքին:

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետութեան հպարտ քաղաքացիներ,
Արցախի Հանրապետութեան հպարտ քաղաքացիներ,
սփիւռքի հպարտ հայութիւն.

Սա մի նոր Սարդարապատ է եւ մեզնից իւրաքանչիւրը պարտավոր է ինքը իրեն նուիրել մէկ նպատակի եւ այդ նպատակի անունն է յաղթանակ:

Եւ մեզնից իւրաքանչիւրը ամէն վայրկեան պիտի պատրաստ լինի գտնուել այդ յաղթանակի առաջնագծում: Ու մենք կը յաղթենք, որ մենք անպայման կը յաղթենք, մենք անպայման կը յաղթենք, ու չկասկածէք, մենք անպայման կը յաղթենք:

Եւ ուրեմն՝
Կեցցէ Ազատութիւնը
Կեցցէ Հայաստանի Հանրապետութիւնը
Կեցցէ Արցախի Հանրապետութիւնը
Եւ կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում

Փառք ընկած հերոսներին
Փառք հայոց յաղթական բանակին»

 

Հարակից Նյութեր

Leave a Comment