Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Զոհրապ Մնացականեան. «2014-ին Առաջարկուած Տարբերակը Այսօր Բանակցային Սեղանի Փաստաթուղթ Չէ»

Զոհրապ Մնացականեան. «2014-ին Առաջարկուած Տարբերակը Այսօր Բանակցային Սեղանի Փաստաթուղթ Չէ»

by MassisPost

Արտաքին գործոց նախարար Զոհրապ Մնացականեան Ապրիլ 21-ի մամլոյ ասուլիսին, արձագանգած է Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերկէյ Լաւրովի յայտարարութիւններուն, ըստ որոնց՝ Հայաստանն ու Ատրպէյճանը կը քննարկեն Ղարաբաղի շուրջ փուլային կարգաւորման փաստաթուղթ:

«Ես էլ եմ լսել այդ յայտարարութիւնը կամ մեկնաբանութիւնը, կ’ասեմ հետեւեալը՝ այս երկու տարիների ընթացքում մեր կառավարութիւնը, մենք, վարչապետ Փաշինեանը եղել ենք առաւել քան թափանցիկ եւ մեր դիրքորոշումները, մեր մօտեցումներն արտայայտել ենք շատ պարզ ձեւով: Հիմա աւելի ճշտգրիտ՝ այո, այդ մեկնաբանութեան մէջ եղել են յղումներ բազմաթիւ փաստաթղթերի, սկսած Քի Ուեսթից մինչեւ վերջերս, խօսքը գնացել է նաեւ, թէ ինչ փաստաթղթի մասին է խօսքը այս երկու տարուայ ընթացքում:

Եկէք լինենք շատ յստակ, նման մօտեցումներ ի յայտ են եկել 2014 թուականին, 2016 թուականին եւ այդ մօտեցումներն ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար: 2018 թուականից ի վեր քննարկումները սահմանափակուել են առանձին տարրերի շուրջ կողմերի մօտեցումների քննարկման, գնահատման վերաբերեալ», – ըսած է Մնացականեան:

Արտաքին Գործոց նախարարի խօսքով, 2014-ին առաջարկուած տարբերակը այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ: «Մենք առաւել քան յստակ խօսել ենք մեր դիրքորոշումների մասին, որտեղ ընդգծուած առաջնային գերակայութիւն է հայկական կողմերի համար անվտանգութեան բաղադրիչը: Այն, ինչ վերաբերում է տարածքներին, ինչպէս նշուել է մեկնաբանութեան մէջ, ամէնից բացի դա անվտանգութեան գօտի է եւ պաշտպանական գծեր: Որեւէ կերպ, որեւէ հայկական կողմ չի կարող ենթադրել նոյնիսկ, որ հնարաւոր է վերանայել դա՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչութեան անվտանգութիւնը: Որեւէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որեւէ մէկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչութեան անվտանգութիւնը»:

«Երկրորդ կարեւորագոյն տարրը, որ հիմնական սկզբունքների մէջ գոյութիւն ունի, ինքնորոշման սկզբունքն է, որը հայկական կողմերի համար առաջնային, գերակայ տարրն է այս բանակցային գործընթացում: Դա արտայայտուում է բազմիցս նշել ենք՝ անվտանգութեամբ եւ   ներկայ «Ստատուս քւո» իրավիճակով ու հիմա բաց կերպով ասում եմ՝ ինքնորոշման իրաւունքի արտայայտումը նշանակում է  իրավիճակի յստակացում, ազատ կամարտայայտութեան իրաւունքը առանց սահմանափակումների: Խաղաղ կարգաւորումը հնարաւոր է փոխզիջումների միջոցով, զիջումներ չեն եղել եւ չեն լինելու:

Հայկական կողմերը որեւէ դէպքում չեն ստանձնելու որեւէ նման մօտեցում, որը ենթադրի անվտանգութեան խափանում, Լեռնային Ղարաբաղի բնակչութեան անվտանգութեանը սպառնալիք ստեղծելուն, առաւել եւս այն պայմաններում, որ այդ սպառնալիքը մնում է իրական է եւ գոյութենական, եւ հայկական կողմի համար առաւել քան առաջնային է ինքնորոշման սկզբունքի արտայայտումը խաղաղ բանակցային գործընթացում: Փոխզիջումները պէտք է լինեն համաչափ, որի մէջ հայկական կողմերը տեսնում են լիարժէք արտայայտութիւն անվտանգութեան եւ իրավիճակի տարրերի: Սա եղել է հայկական կողմի մօտեցումը եւ մնում է, այս երկու տարուայ ընթացքում առաւել քան յստակ խօսել ենք բանակցութիւնների ընթացքում»:

Երրորդ կարեւորորագոյն տարրը, ըստ Մնացականեանի այն է, որ հայաստանեան կողմը մշտապէս նշած է, որ իր պատասխանատւութիւնը կը կրէ եւ ամբողջովին ներգրաւուած է բանակցային գործընթացին մէջ իր մասով, միեւնոյն ժամանակ՝ ՀՀ իշխանութիւնները չունին իրաւագիր Արցախի ժողովուրդէն ստացած։ «Արցախում վերջերս աւարտուեցին ընտրութիւնները, Արցախի իշխանութիւնները ստացան համապատասխան  իրաւագիրը մրցակցային, ազատ, ժողովրդավարական ընտրութիւնների միջոցով, եւ եթէ կը յիշէք, այս երկու տարիներին անվերապահ Հայաստանեան կողմը մշտապէս աշխատել է, խորհրդակցել է արցախեան կողմի հետ»: Ան վստահեցուցած է, որ Արցախի ժողովուրդին վերաբերող որեւէ որոշում չի կրնար ընդունուիլ առանց Արցախի ժողովուրդին։

«Իմ գործընկերը ներկայացրել է իր մօտեցումը, ես ներկայացրի մեր մօտեցումը, որը երկու տարուայ ընթացքում մենք հետեւողականօրէն տարել ենք: Եւ մի տարր՝ այս գործընթացը չունի որեւէ այլընտանք, քան խաղաղ կարգաւորումը, որովհետեւ հայկական կողմերը վճռականօրէն պաշտպանելու են իրենց ժողովրդին ու անվտանգութիւնը: Այդ առումով միայն խաղաղ կարգաւորման միջոցով է հնարաւոր հասնել հանգուցալուծման»:

«Երէկ եղել է  տեսաժողով համանախագահների հետ, այսօր հնարաւոր է կայանայ տեսաժողով բոլոր կողմերի ներգրաւմամբ: Այսօրուայ մեր գերակայ խնդիրը վերաբերում է մէկ բանի՝ մեր երկրները, մեր տարածաշրջանը, ամբողջ աշխարհը կեդրոնացած է «Քորոնա» ժահրի դէմ պայքարի վրայ, զինադադարի պահպանումը,  վտանգի բացառումն այս պայմաններում գերակայ խնդիրներ են, մնացած հարցերը՝ յետոյ».- ըսած է ՀՀ Արտաքին Գործոց նախարարը:

Հարակից Նյութեր

Leave a Comment