Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Մահացած է ՀՀ Նախկին Դեսպան Ռուբէն Շուկարեան

Մահացած է ՀՀ Նախկին Դեսպան Ռուբէն Շուկարեան

by MassisPost

Մահացած է դիւանագէտ, պետական գործիչ՝ Ռուբէն Շուկարեան։ Ֆէյսպուքեան իր էջին վրայ հաստատած է տեղեկութիւնը իր որդին՝ Նարեկ Շուկարեան։

«Մեծ ցաւով կը յայտնենք, որ այսօր առաւօտեան Պոսթըն Մեսեսչուսեցի մէջ, կեանքէն հեռացաւ Ռուբէն Շուկարեանը»,- գրած է ան։ Կը նշուի, որ Ռուբէն Շուկարեան նախորդ շաբաթ կաթուած եղած էր։

Արտաքին գործոց նախարարութենէն յայտնած են.-

«Խորը վշտով յայտնում ենք, որ ապրիլի 21-ին կեանքից վաղաժամ հեռացաւ ՀՀ պետական եւ քաղաքական գործիչ, դիւանագէտ, դասախօս եւ գիտնական, մեր սիրելի գործընկեր Ռուբէն Շուկարեանը:

Պարոն Շուկարեան մեծ աւանդ ունեցած է ՀՀ դիւանագիտական ծառայութեան համակարգի կայացման գործում: Դիւանագէտի բազմամեայ գործունէութեան ընթացքում նա իր մասնագիտական բարձր պատրաստուածութեամբ, նուիրուածութեամբ եւ մարդկային որակներով կարողացել է լաւագոյնս ներկայացնել Հայաստանի ազգային շահերը եւ առաջ մղել ՀՀ արտաքին քաղաքական գերակայութիւնները: Դրա արդիւնքն են եղել ԱՄՆ-ի, եւրոպական մի շարք երկրների հետ երկողմ յարաբերութիւնների զարգացման եւ մի շարք այլ ուղղութիւններով գրանցուած ձեռքբերումները:

Մեր խորին ցաւակցութիւնն ենք յայտնում պարոն Շուկարեանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը: Նոր լուսաւոր մարդկային եւ փայլուն դիւանագէտի կերպարը մշտապէս վառ կը մնան մեր յիշողութիւններում:

Ռուբեն Շուկարեանի կենսագրութիւնը
Ծնուել է 1962 թուականի հոկտեմբերի 19-ին, Մոսկուայում: 1980-1985 թուականներին. սովորել է Երեւանի Վ. Պրիւսովի անուան օտար լեզուների ինսթիթիւթում, իսկ 1985-1989 թուականներին Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայութեան հիմնարկում։ Հայաստանի գիտութիւնների ակադեմիայի արեւելագիտութեան ինսթիթիւթից ստացել է գիտութիւնների թեկնածուի աստիճան (համաշխարհային պատմութիւն եւ միջազգային յարաբերութիւններ)։

1985-1990 թուականներին դասախօսել է Երեւանի  փոլիտէխնիկ համալսարանում, 1990-1991 թուականներին աշխատել է որպէս ՀԽՍՀ (Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն) Գերագոյն խորհրդի արտաքին գործերի փորձագիտական յանձնաժողովի աւագ փորձագէտ-խորհրդատու:

1991-1993 թուականներին եղել է ՀՀ նախագահի մամլոյ քարտուղար եւ արտաքին կապերի գծով օգնական:

1993-1999 թուականներին զբաղեցրել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանի պաշտօնը:

1999-2005 թուականներին եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:

2005-2008 թուականներին զբաղեցրել է Իտալիայում, Իսպանիայում եւ Փորթուկալում որպէս ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանի (նստավայր՝ Հռոմ) պաշտօնը:

2008 թուականից սկսած դասաւանդում էր Թաֆթս համալսարանի Ֆլեչըր իրաւունքի եւ դիւանագիտութեան դպրոցում՝ որպէս հրաւիրեալ դասախօս եւ գիտնական»:

Հարակից Նյութեր

Leave a Comment