Home ԱՐՈՒԵՍՏ - ՄՇԱԿՈՅԹ Երուանդ Մանարեան (Յիշատակի Մտորումներ)

Երուանդ Մանարեան (Յիշատակի Մտորումներ)

by MassisPost

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

Այս օրերին, երբ հողագունդը տապակւում է «Քորոնա»  ժահրի (Virus) ճիրան­ներում, անորոշութիւնից մտահոգ մարդիկ տանը նստած, հիմնականում տարեցներ, օրեր, ժամեր շարունակ, հեռուս­տացոյցի առջեւ են անցկացնում: Համակարգչից օգտուող շատ օգտատէրեր էլ արդէն յոգնել են իրենց համակար­գիչ­ների դիմատետրերում (Facebook) վխտացող ասէկոսէներից, հայհոյանքներից ու զազրախօսութիւններից եւ զբաղւում են ընթերցանութեամբ, եւ կամ էլ` հեռուստատեսային հաղորդումներ դիտելով:

Լաւ է, որ հայկական հեռուստաալիքները հրատապ լուրեր հաղոր­դելու հետ մէկտեղ, առանձին ժամեր են յատկացնում հայաստանեան` Հայֆիլմ ստու­դիայի կողմից արտադրուած հնավուրց` 50-70 տարուայ վաղեմութիւն ունեցող հա­մազ­գային, համաժողովրդական սէր վայելող ֆիլմերի ցուցադրմանը:

Իրականում, մեծ բարեբախտութիւն է այսօր հայկական հեռուստատեսա­յին ալիք­ներ ունենալը` գէթ մեծահասակների համար, որոնք պարտադրուած են տանը մնալ, թէեւ միշտ չէ որ գոհացուցիչ են այդ հաղորդումները:

Մարտի 17-ին Հորիզոն հեռուստատեսային ալիքով, առաւօտեան լուրերից յետոյ, ժամը 11-ին մէկ ժամ տեւողութեամբ, իրար ետեւից ցուցադրուեցին Հայֆիլմի կողմից արտադրուած, ոսկէ ֆոնդի արժանա­ցած երեք կարճամետրաժ ֆիլմեր («Տժվժիկ», «Տէրն ու Ծառան», «Ոսկէ Ցլիկ»): Մեր ողջ կեանքի ընթացքում հարիւրաւոր անգամներ ենք դիտել այս ֆիլմերը, եւ ամէն անգամ էլ` կարծեօք` առաջին անգամ:

Yervant-Manaryan-djvjik

«Տժվժիկ»  ֆիլմի առաջին իսկ դրուագներից աչքիս առջեւ կենդանացաւ ֆիլ­մի գրա­կան նիւթի (սցենար) հեղինակ, պաշտօնական հաղորդագրութեամբ «Բոլոր ժամա­նակ­ների լաւագոյն դերասան» որակումով Երուանդ Մանարեանը, որը  մէկ ամիս առաջ 96 տարեկան հասակում հրաժեշտ տուեց կեանքին:

Միայն վերջին երկու-երեք շաբաթուայ ընթացքին պաշտօնական հաղորդագրու­թիւն­ներով  յիշուեց հայրենի բազմա­շնորհ արուեստագէտ, լուրջ մտաւորական, բեմադրիչ եւ դերասան Երուանդ Մանարեանի մասին: Ես սպասում էի, որ համա­պար­փակ, ծաւալուն մի յօդուած, գրութիւն կը կարդամ որեւէ լրագրի կամ պարբերա­կանի մէջ, սակայն, ինչպէս սովորաբար լինում է, ինչպէս ժողովուրդն է ասում` «Ինչ լինում` գնացողին է լինում»: Եւ ես, խղճի մտօք, հոգեկան պարտք համարելով, պիտի փորձեմ իմ գնահատականը տալ թէ իր եւ թէ իր արտիստական-կատարողական յաղթարշաւի սկիզբը հանդիսացող «Տժվժիկ» կարճա­մետրաժ ֆիլմի մասին: Սակայն, վստահ եմ, շատերին է յայտնի նրա կողմից մեր մշակութային կեանքում աւելի քան 70 տարուայ ընթացքում տարուած ազգա­նուէր գործունէութիւնը:

Հապայ` նրա կեանքի վերջին 30 տարուայ քաղա­քական-հասարակական գործու­նէու­թիւնը, ընդդիմադիր կեցուածքը իշխանութիւնների վարած ապազգային քաղա­քա­կանութեան դէմ: Երուանդ Մանարեանը եզակի մտաւորականներից  մէկն էր, որ մինչեւ իր կեան­քի վերջը հաւատարիմ մնաց իր սկզբունքներին ու մնաց  ժողովրդի հետ:

Եւ, ինչպէս սովորաբար լինում է, նա քիչ թէ շատ լրջմիտ մօտեցումով ու մասնագի­տօրէն արժե­ւորուեց  որպէս արուես­տագէտ, հայասէր ու հայրենասէր անձ­նա­ւորու­թիւն` իր մա­հից յետոյ, քան իր ողջ գիտակցական կեանքում: Ո՞վ է տեսել, որ զառամեալ ծերու­նուն, 94 տարեկան հասակում Ժողովրդական Արտիստի կոչում շնորհեն: Այս քայլով ներկայ իշխանութիւնները փորձեցին մաքրել նախորդների կողմից 70 տարի շարունակուող այպանելի ան­տար­բերութեան  քողը մեծ բեմադրիչի, դերասանի եւ մտաւորականի վրայից, յուսալով թէ  հետա­գա­յում ոչ ոք չի յիշի, թէ երբ է այդ մեծ պարգեւին արժանացել անուանի մարդն ու արուեստագէտը: Գոնէ մենք, իր ժամանակակիցները լաւ էլ յիշում ենք, յիշում ենք նաեւ նրա բոցաշունչ ելոյթները համազգային, համաժողովրդական բնոյթի ընդվզումի հաւաքների ժամանակ:

Yervant-Manaryan-02

Եւ, հետաքրքիրն այն է, որ Երուանդ Մանարեանի մահով, հին երեւանցիների մտա­պատկերում վերակենդանացան 1960-70-ական թ. թ. հայաստանեան թատերական, օփերային եւ ֆիլմարուեստի ամենագնահատելի, արժէքաւոր դրսեւորումները:

Յիշեցէք Մանարեանի հետ կապուած հանճարեղ (միանգամայն ճշգրիտ արժեւո­րում) «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմը, որի սցենարը (գրական նիւթ) պատկանում է իրեն: Քանի հարիւր անգամ ենք դիտել «Տժվժիկ»-ը, ու ամէն անգամ հիացել Հայ Թատրոնի հսկաներ Հրաչեայ Ներսիսեանի, Ցոլակ Ամերիկեանի եւ Արման Կոթի­կեանի դերասանական վարպետութեամբ:

Երբ դժուարագոյն, մեծածաւալ կերպարներ (Համլետ, Լիր, Պաղտասար Ախպար, Պեպօ) մարմնաւորած հանճարեղ Հրաչեայ Ներսիսեանին հարցրել են թէ որն է իր ամենասիրած կերպարը, պատասխանել է` «Ներսէս ախպարը» («Տժվժիկ»-ից):

Ինձ մշտապէս հիացմունք է պատճառել այս երեք խոշորագոյն  արտիստ­ների ոչ միայն դերասանական վարպետութիւնը, այլեւ պոլսահայ հրապուրիչ բար­բառի գերազանց իմացութիւնն ու հրաշալի արտաբե­րումը:

60 տարի   առաջ  ստեղծուած այս  հրաշք  ֆիլմի գրական  նիւթի (սցենար) փայլուն արեւմտահայերէնը  ինձ  մշտապէս  հիացրել է ու միշտ  զարմացել եմ, թէ ինչպէ՞ս է յա­­ջողուել Ատրպետին` այդքան հարազատօրէն վերար­տադրել պոլսահայ միջավայ­րը, բառն ու բանը, զգլխիչ հումորը:

Շատ լաւ իմանալով, որ «Տժվժիկ» պատմուածքի հեղինակ Ատրպետը (Սարգիս Մուպեաճեան) արեւելահայ գրող է, Կարսեցի, երկար տարիներ ապրած Պարսկաս­տա­նում եւ Լենինականում, որքան էլ տիրապետեր արեւմտահայերէնին (յատկապէս պոլսահայերէնին,- Հեն. Ա.), հազիւ թէ կարողանար անթերի լեզուով ընթերցողին մա­­­տու­ցել տրագիկոմեդիա յիշեցնող պատմութիւնը: Կասկածներս փարատելու համար որոշեցի երկա~ր տարիներ անց նորովի ընթերցել Ատրպետի «Տժվժիկ» պատմուածքը: Եւ ի՞նչ պարզուեց.

– Աստուա~ծ իմ, այս ի՞նչ բան է,- մտածում եմ, արեւմտահայերէնի, մանաւանդ` պոլ­սա­հայերէնի նշոյլն անգամ չկայ Ատրպետի`առաջին հայեացքից պարզունակ թուա­ցող պատմուածքի մէջ: Իսկ երկխօսութիւններ (Dialogs)` ընդհանրապէս գոյութիւն չունի պատմուածքի մէջ: Սա մի իրական պատմութիւն է, որը տեղի է ունեցել 19-րդ դարի կէսերին` Պարսկաստանի հայաշատ գաւառներից մէկում: Եւ, Ատրպետը 3-րդ դէմքով պատմում է իրականութիւնը` պարսկահայերէնին մօտ գաւառական բարբա­ռով:

Գրեթէ ոչինչ չասող այդ պատմուածքի նիւթը Երուանդ Մանարեանը հանճարեղ մտայղացմամբ վեր է ածել իրարէյաջորդ համոզիչ գործողութիւնների, որոնք իրակա­նացնող հերոսները կարծես թէ քոքով-պորտով պոլսահայեր լինեն: Մանարեանը պահել է Ատրպետի նկարագրած վայրերը (փողոց, մսավաճառի խանութ, սրճարան, բաղնիք, եկեղեցի), որոնց  մէջ հերոսները իրար հետ հաղորդակցւում են միանգամայն անթերի պոլսահայերէն  լեզուով` մշակուած  սուր եւ դիպուկ հումորային երկխօսու­թիւններով:

Կասկած չկայ, որ ծնունդով պարսկահայ Երուանդ Մանարեանը «Տժվժիկ»-ի սցե­նարը  գրելիս մեծապէս օգտուել է երեք թրքահայ հանճարեղ արտիստների պոլսահա­յերէն լեզուի իմացութիւնից:

«Տժվժիկ» ֆիլմով Երուանդ Մանարեանը իրաւամբ կերտել է իր «Անձեռակերտ Յուշար­ձան»ը, որի գլխաւոր բաղադրատարրերն են`բեմադրիչ Արման Մանարեանը (Երուանդի եղբայ­րը), մեծամեծ դերասան Հրաչեայ Ներսիսեանը, Ցոլակ Ամերիկեանը, Արման Կոթիկեանը եւ երաժշտութեան հեղինակ Էդուարդ Պաղտասարեանը:

 

Հարակից Նյութեր

Leave a Comment